ՏՀՏ ղեկավարների հանդիպում` Աղվերանում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 11:46

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախատեսում է փետրվարի 18-20-ը Աղվերանում անցկացնել «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԻՏՁՄ հանրային կապերի պատասխանատու Ռուզան Ապրեսյանը, համաժողովին կմասնակցեն միության 48 անդամները:

Հանդիպման ընթացքում մասնակիցների ուշադրությանը կներկայացվի ԻՏՁՄ-ի նոր 2011-2013թթ-ի համար նախատեսված ռազմավարական պլանը եւ գործողությունների ծրագիրը: Ռ. Ապրեսյանի խոսքով` նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավարտվել է նախկին ռազմավարական պլանի ժամկետը: Այն նախատեսված է եղել 2008-2010թթ-ի համար:

Ռ. Ապրեսյանը նշեց, որ ռազմավարական պլանի նախնական տարբերակն արդեն պատրաստ է, որին ծանոթանալուց հետո համաժողովի մասնակիցները կներկայացնեն իրենց առաջարկությունները: Վերջնական տարբերակը կներկայացվի ապրիլին կայանալիք միության համագումարին: Նոր ռազմավարական պլանում առաջնահերթությունը տրվել է մի քանի ուղղությունների: Կարեւորվել է շահերի պաշտպանությունը եւ պետության հետ համագործակցությունը, կրթության, ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացումը, ՏՏ հասարակության ձեւավորումը եւ այլն:

Ըստ Ռ. Ապրեսյանի՝ 2008-2010թթ-ի համար նախատեսված ռազմավարությունրից բխող բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել: Կյանքի են կոչվել մի շարք նախաձեռնություններ: Գյումրի քաղաքում իրականացվել է ՏՀՏ ոլորտի սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր, ԻՏՁՄ-ն հանդես է եկել մի շարք օրենսդրական բարեփոխուների առաջարկով: Միության ներկայացուցիչը կարեւորեց պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված միջոցառումները` «Armtech», «DigiTec ցուցահանդես», ՏՀՏ լիդերների հանդիպում, «DigiTec Business ֆորում»:

Միությունը հանդես է եկել նաեւ այնպիսի նախաձեռնություններով, որոնցով փորձ է արվել բացահայտել երիտասարդների ներուժը: Ռ. Ապրեսյանը նշեց, որ այդ առումով հաջողված են համարվում Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply