Մայթերը գրեթե մաքուր են. բնությունը քաղաքապետարանից արագ աշխատեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 10, 2011 11:29

Ինչ ցուրտ  ու ձյունառատ օրերին հաջորդել են արևոտ օրերը, երևանցիների դեմքերից աստիճանաբար անհետանում է լարվածությունը, անցորդների քայլքն էլ այլևս պինգվինների չի հիշեցնում. փողոցներն աստիճանաբար մաքրվում են ձյունից ու սառույցից, անցորդներն էլ գերլարված ճիգեր չեն գործադրում` քայլելիս վայր չընկնելու համար:

Երևանաբնակ Մարիամ Կարապետյանը, անդրադառնալով փողոցների վիճակին, նշում է, որ հուսալի կոշիկներ է հագնում չսայթաքելու համար և  զգույշ է քայլում. «Մինչև երեկոյան տուն եմ հասնում, սրունքներս ցավում են սառույցի վրա  տոտիկ-տոտիկ քայլելուց»: Նրա խոսքով` երևանյան մայթերը ձյուն տեղալու դեպքում միշտ էլ սառցապատ են. «Հենց ձյուն է տեղում, մայթերն իսկույն սառցակալում են: Բախտներս այնքանով է բերում, որ ձյունը երկար չի մնում, շուտ է հալչում: Համապատասխան կառույցներն այս առումով բան չեն անում, բնությունն ինքն է վերացնում իր ստեղծած անհարմարությունները»:

Երևանի մեկ այլ բնակիչ` Անին, նշում է, որ փետրվարի առաջին երեք օրերին տնից դուրս չի եկել` փակ ճանապարհներից ու ձյան բերած այլ անհարմարություններից հնարավորինս խուսափելու համար: Մի քանի օր տանը անցկացնելը, սակայն, Անիին չեն  փրկել անհարմարություններից. «Ճանապարհներն արդեն  մաքուր էին, բայց  մայթերը, որոնցով քայլում են հետիոտները, ոչ: Մարդ ստիպված վախենալով է քայլում, մտածելով, որ ամեն վայրկյան կարող է ընկնել»: Անին նշում է, որ հիմա հիմնականում բակերն են սառցապատ, որոնք ստվերոտ են, ու արևն այնտեղ չի հասնում:

Անին, որ ապագա բժիշկ է, նշում է, որ սառցապատ փողոցներով քայլելը լի է առողջության համար վտանգներով: Մի փոքր սայթաքելը կարող է առաջացնել բազմաթիվ վնասվածքներ, օրինակ` փափուկ հյուսվածքների սալջարդ, հոդախախտ, կոտրվածքներ, ուղեղի ցնցում և այլն:

Տիկին Հասմիկը նշում է, որ ձնածածկույթի գոյանալուց հետո երթուղայինով է աշխատանքի գնացել, այդ երկու կանգառ տարածքը սովորաբար ոտքով է անցնում մի քանի րոպեում. «Մայթերն այնքան ահավոր վիճակում էին, որ ուղղակի վախենում էի ոտքով գնալ: Հնարավոր չէր այդ սառույցի վրա քայլել ու վայր չընկնել: Մարդ տնից դուրս է գալիս ու սարսափած մտածում` տեղ կհասնի՞, թե՞ չէ»:

1-03  ծառայության պետ Ռիտա Աբրահամյանը նշում է, որ ձյան ծածկույթի գոյանալուն զուգահեռ ավելացել են ամենօրյա կանչերը` կապված փողոցային վնասվածքների  հետ: Նա նշում է, որ նախկինում օրեր կային, որ նման կանչեր չէին լինում, մինչդեռ այժմ օրական մի քանի կանչ են ունենում: Նրա խոսքով` փետրվարի 1-ին, օրինակ, ունեցել են 20 կանչ,  և 6-ը փողոցային վնասվածքի դեպք է եղել:  Փետրվարի 4-ին գրանցվել է նման 3 դեպք, 5-ին` 1, 6-ին` 4 դեպք:

Էրեբունի բժշկական կենտրոնից դժվարացան թվեր ներկայացնել, թե փողոցային վնասվածքի քանի դեպք են ունեցել ձյան ծածկույթի գոյանալուց հետո, սակայն փաստեցին, որ սեզոնային վնասվածքների  դեպքերն ավելացել են:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության  հաղորդմամբ`  մայրաքաղաքն ունի շուրջ 3,5 մլն քմ մակերեսով մայթեր, որոնց մաքրման աշխատանքները սանիտարական մաքրման ընկերությունները սկսել են միայն ճանապարհների մաքրման աշխատանքների ավարտից հետո:

Մաքրման աշխատանքները շարունակվում են մինչ օրս.  մաքրում են փոքր չափերի «Բելառուս» մակնիշի մեխանիզմներով, ինչպես նաև ձեռքի աշխատանքով: Փետրվարի 7-ի դրությամբ մաքրված է եղել  մայթերի 65 տոկոսը կամ 2,3 մլն քմ: Ընդ որում, ինչպես հաղորդեցին քաղաքապետարանից,  բոլոր տնտեսվարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) պարտավոր են իրականացնել իրենց վարձակալած տարածքների շրջակայքի մաքրման և բարեկարգման աշխատանքները։ Այնպես որ մաքրված 65 տոկոսի մեջ իրենց ներդրումն ունեն նաև նույն այդ տնտեսվարող սուբյեկտները:

Նշենք, որ մայրաքաղաքում սանիտարական մաքրման ընդհանուր աշխատանքների, այդ թվում նաև ձյան մաքրման աշխատանքների համար Երևան քաղաքի տարեկան բյուջեով նախատեսված է 3 մլրդ 231 մլն դրամ:

Մեր հարցմանը մասնակցած պատահական անցորդները դժգոհեցին քաղաքապետարանի աշխատանքներից. «Եթե ճանապարհները 1-2 օրվա ընթացքում մաքրվեցին, ապա մայթերին աշխատեց բնությունը»:

Երևանի բնակիչ Մարիամը, որ գործի բերումով շատ է քայլում քաղաքի  փողոցներում, նշում է, որ ձյան տեղալու հաջորդած օրերին որևէ տեղ մայթը մաքրող տեխնիկա չի տեսել. «Մի քանի տեղ ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ ձեռքով աղ ցանում մայթերին, մեր թաղամասում էլ մի շաբաթ շարունակ երկու բանվոր բահով մայթ էին մաքում սառած ձյան հաստ շերտից. արդյունքում մոտ 100 մետր տարածք մաքրվեց, մնացածն այդպես էլ սառցապատ մնաց. բոլորը  ճանապարհով են քայլում, որ վայր չընկնեն»:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply