Հայ-սիրիական ապրանքների ցուցահանդես-վաճառք` Սիրիայում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 11:21
Սիրիայի Լաթակիա քաղաքում մարտի 8-10-ը կանցկացվի հայ-սիրիական ապրանքների ցուցահանդես-վաճառք: Այն անցկացվելու է Սիրիայի առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի բիզնես տուրիզմի եւ միջոցառումների կազմակերպման գծով խորհրդատու Լիլիա Գեւորգյանը, ցուցահանդեսին մասնակցելու են 33 գործարարներ, որոնք 17 տաղավարներում ներկայացնելու են հայկական արտադրանքը:
«Սիրիայի մեր գործընկերների հետ հարաբերությունները բավականին ջերմ են եւ բարձր մակարդակի վրա են գտնվում: Նախորդ տարի եղել ենք Սիրիայում, որտեղ հանդիպումներ ենք ունեցել տեղի գործարարների հետ, Լաթակիայի առեւտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ կազմակերպել ենք Գործարար կանանց միջազգային համաժողով»,-ասաց Լ. Գեւորգյանը: Հայ գործարարները ներկայացնելու են ձեռարվեստ, ոսկեգործություն, արծաթեգործություն, շինարարություն, տուրիզմ եւ այլն: Ցուցահանդես-վաճառքից հետո նախատեսվում է հայ եւ սիրիացի գործարարների հանդիպում:
Լ. Գեւորգյանի խոսքով` Սիրիայում կանանց տոնը նշվում է մարտի 21-ին, եւ դրան ընդառաջ` հանրապետության մի շարք քաղաքներում ավանդաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ: Լատակիայում կայանալիք հայ-սիրիական ապրանքների ցուցահանդեսն ընդառաջ է կանանց տոնին: «Նման միջոցառումները շատ կարեւոր են յուրաքանչյուր գործարարի համար: Փորձը ցույց է տալիս, որ դրանք օգնում են նոր շուկաներ, գործընկերներ գտնել»,-ասաց Լ. Գեւորգյանը` ավելացնելով, որ նախորդ տարի ձեռարվեստի ոլորտի հայ գործարարները մասնակցել են Ռուսաստանում կայացած ցուցահանդես-վաճառքին, որն արդեն տվել է իր արդյունքները:
Հայ գործարարները կարողացել են նոր գործընկերներ եւ շուկաներ գտնել: Նույնիսկ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու առաջարկ է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
