«Մարդու իրավունքներն առանց սահմանների»-ն`գործիք ադրբեջանական իշխանությունների ձեռքին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 10:42

2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում նախատեսված «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից/Լեռնային Ղարաբաղ/ մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառման կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին` Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը:

«Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից/Լեռնային Ղարաբաղ/ մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառմանը լսելի է լինելու պատմության միայն մի կողմը և ուշադրություն չի դարձվելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ` երբեմնի հայաբնակ շրջանների զոհերի ճակատագրի վրա` էլ չխոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների մասին, որոնցից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում դարձել են ներքին տեղահանված անձինք…Մենք բողոքում ենք նման միակողմանի միջոցառումների դեմ, երբ փորձ է արվում ներկայացնել իրադարձությունների միայն մի կողմը` նպատակ ունենալով հաճոյանալ այն երկրի իշխանություններին, որոնք ջանք չեն խնայում իրենց քաղաքական շահի համար որպես գործիք օգտագործել Խոջալուի իրադարձությունները: Ստիպված ենք ցավով փաստել, որ նման հեղինակավոր կազմակերպությունը, ինչպիսին Ձերն է, հերթական գործիք է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը խեղաթյուրելու իրենց նկրտումների մեջ»:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխխոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Խոջալուի իրադարձություններն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես քարոզչական գործիք` նպատակ ունենալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի կողմից իրականացրած հանցագործություններից և մարդու իրավունքների խախտումներից: Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր «Ղարաբաղյան օրագրում» ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը, դեռևս գտնվում է բանտում:

«Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ և պատմություններ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Իսկական իրավապաշտպանները պետք է մանրազնին ուսումնասիրեն դրանք և համապատասխան հետևություններ անեն: Որպեսզի հեշտացնենք այն մարդկանց խնդիրը, ովքեր ճշմարտություն են փնտրում, մենք պատրաստակամությամբ կարող ենք առաջարկել Խոջալուի իրադարձությունների հետ կապված կեղծարարությունների մասին առկա փաստաթղթերն ու ինտերնետ-հղումները»,- նշվում է ուղերձի մեջ:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը մտածել նաև Սումգայիթի կոտորածի, Բաքվի ջարդերի, Շահումյանում տեղի ունեցած էթնիկ զտումների զոհերի և Ադրբեջանից բռնագաղթած բոլոր մարդկանց ողբերգական ճակատագրի մասին:

«Մենք համոզված ենք, որ ոչ ոքի չի կարելի թույլ տալ հանուն քաղաքական շահի ձեռնածվություն անել մարդկային ողբերգության հետ: Մարդու իրավունքները համապարփակ արժեք են, որոնք պետք է կիրառվեն բոլորի հանդեպ` անկախ դավանանքից, մաշկի գույնից ու ծննդավայրից: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ապրում է մի երկրում, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, ոչ մի կերպ նրան չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից»,-ընգծել է Գեորգի Պետրոսյանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի` Մարդու իրավունքների հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը խուսափելու այնպիսի միջոցառումների անցկացումից, որոնք հաշվի չեն առնում բոլորի իրավունքներն ու ազատությունները:

Դիտվել է 4500 անգամ:
Print Friendly

Leave a Reply