“Ժամանակավոր ներմուծում” ռեժիմին վերաբերող փոփոխությունն ուժի մեջ է փետրվարի 5-ից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 9:20

“Ժամանակավոր ներմուծում” սահմանումն արդեն իսկ ենթադրում է, որ խոսքը, բնականաբար, ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մասին է, այսինքն` այդ ռեժիմով ներմուծված ավտոմեքենան վաղ թե ուշ պետք է կամ մաքսազերծվի, կամ արտահանվի: Նախկինում ժամանակավոր ներմուծման ժամկետը մեկ տարի էր. Մաքսային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությամբ փետրվարի 5-ից բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծում իրականացնել միայն մեկ անգամ` 15 օրով: Սահմանված ժամկետը լրանալուց հետո տվյալ ավտոմեքենան արդեն պետք է ձևակերպվի և կատարվեն համապատասխան վճարումները: Եթե օրենքի պահանջը չի կատարվում, ապա լրացուցիչ բարդությունների առաջ են հայտնվելու, ինչն անխուսափելի է. այդ դեպքում Մաքսային օրենսգրքով տուգանք է սահմանված` մաքսային արժեքի 10 տոկոսի չափով: Եթե դրանից հետո դարձյալ վճարումները չեն կատարվում, ապա ուշացրած օրերի համար ևս կնշանակվեն տույժեր:

Այն անձինք, ովքեր ավտոմեքենաների “ժամանակավոր ներմուծում”-ն իրականացրել են մինչ այս օրենքի ուժի մեջ մտնելը` փետրվարի 5-ը, ապա այդ դեպքում հաշվի կառնվի կնքված պայմանագիրը և դրանում նշված ժամկետը:

Հիշեցնենք, որ օրենսդրական այս փոփոխությունն ամենևին անակնկալ չէր մեր քաղաքացիների համար. այս հարցի վերաբերյալ քննարկումները սկսվել էին դեռևս անցյալ տարի, որի շուրջ Ազգային ժողովում բազմաթիվ առաջարկներ են արվել, խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրությունների և վերլուծություննների փուլ է անցել, և օրենքն ընդունվել է` հաշվի առնելով բոլոր կողմ և դեմ ձայները:

Այսպիսով պետությունը սահմանում է խաղի միևնույն կանոնները` բոլոր ներմուծողների համար:

Դիտվել է 1361 անգամ:
Print Friendly

Leave a Reply