Նոյյան տապանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 15, 2011 14:45

Հրեական լեգենդի համաձայն` աստված բարկացավ մարդկանց վրա և կործանեց ջրհեղեղով: Նա միայն մի բացառություն արեց` Նոյին, որ աստծո խորհրդով նավ պատրաստեց և փրկվեց իր գերդաստանով:

Նոյն ուներ երեք որդի` Հաբեթ, Սեմ, Քամ: Հաբեթից սկիզբ առան եվրոպական ժողովուրդները, այդ թվում` հայերը. մեր ավանդույթն ասում է, որ Հայկ նահապետի հայրը` Թորգոմը, Նոյի ավագ որդու` Հաբեթի տղան էր: Սեմից առաջացան հրեաները, արաբները, միջագետքի սեմական մյուս ժողովուրդները: Քամի սերունդները աֆրիկացիներն են` բոլոր սևամորթները:

Ջրհեղեղի ժամանակ Նոյյան տապանը երկար դեգերելուց հետո կանգ է առնում Արարատի գագաթին: Ջրի հետ քաշվելուց հետո Նոյը ցած է նայում և երևացող առաջին  տեղանքն անվանում Էրեբունի-Երևան (երևացող): Ապա ցած է իջնում ներկայիս Նախիջևանի տարածք և առաջին որթատունկը տնկում այնտեղ: Վայրն անվանում է Նախիջևան` առաջին իջևան…

Լեգենդն ասում է, որ Նոյյան տապանը դեռ Արարատի գագաթին է: Տապանը շատերն են որոնել, որոնում են մինչ օրս: Շատերը չեն հավատում դրա գոյությանը, շատերը հավատացնում են, թե տեսել են, ավելի համարձակները պնդում են, թե անգամ շոշափել են:

Ավանդությունը պատմում է, որ առաջին և ամենահամառ որոնողը դեռ IV դարում Հակոբ Մծբնեցի ճգնավորն է եղել: Սակայն նա էլ չի հասել նպատակակետին: Իբր ճանապարհին նա ամեն անգամ  նույն տեղում քնում է և զարթնելով տեսնում, որ դարձյալ լեռան ստորոտում է: Բայց, ի վերջո, աստված գնահատում է սուրբ Հակոբի համառությունն ու նրան ասում, որ գագաթի վրա մինչ այժմ ոչ ոք ոտք չի դրել, դա սրբապղծություն է, և տալիս է Նոյյան տապանից մի կտոր: Իբր՝ Էջմիածնի Մայր տաճարի հիմքում հենց Նոյյան տապանի այդ կտորն է:

Հետագա դարերի ընթացքում ապարդյուն որոնումները շարունակվեցին: Առաջին «արդյունքը» գրանցվեց XVII դարում: Իտալացի մի ճանապարհորդ երկար տարիներ  ճգնում է Արարատի լանջերին` Ակոռի գյուղի մոտ` Սբ Հակոբի վանքում: Եվրոպայից նրան է այցելում արևելքում ճամփորդող Յանս Ստյուրսը, որին իտալացի ճգնավորը տալիս է լիբանանյան մայրուց պատրաստած մի խաչ և հավաստում, որ այն պատրաստել է իր ձեռքերով` Նոյյան տապանից վերցրած փայտով:

Բայց առաջին հայտնի վերելքը Արարատի գագաթ կատարեցին 1829 թ. Խաչատուր Աբովյանն ու Ֆրիդրիխ Պարրոտը: Նրանցից հետո մոտ 4600 մետր բարձրության վրա անգլիացի մի ազնվական տաշած գերաններ գտավ:

Բայց նա միակը չէր: Առաջին աշխարհամարտի տարիներին մի ռուս օդաչու հայտարարեց, թե լեռան լանջին լքված նավ է տեսել: Անգամ ցարական կառավարությունը հապշտապ արշավախումբ կազմեց և ուղարկեց` ուսումնասիրելու լեռան գագաթը: Արդյունքը երկար սպասեցնել չտվեց. արշավախմբի ղեկավարը զեկույց ներկայացրեց Պետերբուրգում, որ տապանը հայտնաբերվել է: Բայց հայտնի դեպքերի պատճառով տապանով երկար ժամանակ զբաղվող չեղավ, իսկ հետո… արխիվից կորան տապանի վերաբերյալ նյութերը:

Վկայություններ կան, թե իբր XIX դարի վերջին տապանը «հայտնագործել» է մի ասորի հոգևորական: Եղան մարդիկ, որոնք մահվան մահճում ի լուր աշխարհի հայտարարեցին, թե տեսել են տապանը, շոշափել իրենց ձեռքերով, բայց, նախապաշարումներից ելնելով` ոչինչ չեն ասել այդ մասին:

Շուտով հայտնվեցին նաև «իրեղեն» ապացույցներ: Ամերիկացի բիզնեսմեն Ջորջ Ջեֆերսոն Գրինը ուղղաթիռից լուսանկարեց սառույցների մեջ թաղված նավ հիշեցնող ինչ-որ օբյեկտ:Հետագայում ֆրանսիացի գիտնականներն անգամ Արարատից փայտե տաշած և հղկած կտորներ իջեցրին: Սակայն տապանի որոնման ջատագովներին հիասթափություն էր սպասում: Եվրոպական մի քանի հեղինակավոր հաստատություններում անցկացրած ռադիոածխածնային վերլուծությունները այս նմուշները թվագրեցին ընդամենը… III-VIII դարեր:

Բայց սա էլ վերջին «հայտնագործությունը» չէր: Անգամ մեր օրերում հայտնվում են լուսանկարներ, այլ «փաստացի» ապացույցներ տապանի գոյության մասին: Եվ Նոյյան տապանի գոյությանը «հավատացողների» և «չհավատացողների» միջև պայքարը մինչ օրս շարունակվում է:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 8324 անգամ:
Print Friendly

Leave a Reply