Լեզվի պետական տեսչությունն անզոր է, քանի դեռ օրենքի բացերն ավելի զորեղ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 9, 2011 16:40

Այն, որ մենք` հայերս, սիրում ենք ստորադասել մեր ունեցածը` փոխարենը մեծարելով օտարինը, հաստատում են ամեն քայլափոխի հանդիպող ցուցատախտակները, գովազդային վահանակները, հայտարարությունները և հանրությանը տեսանելի այլ հրապարակային գրվածքները: Ազնվական հայոց լեզուն նման է կարծես «իր դարն ապրած» այն հագուստին, որի ձևվածքն ու զարդերը հատկապես երիտասարդ սերնդի մեջ արհամարհանք ու ծիծաղ են առաջացնում: Փոխարենը հպարտորեն ի ցույց են դրվում օտարալեզու, օտարահունչ և ընդհանրապես հայկականի հետ որևէ կապ չունեցող գրվածքներ` «Best offer», «Art bridge», «Di donna», «Moskvichka», «Solo», «Jose», «Flex» և այլն:

Թե ինչ գործողություններ են պետք իրականացնել փոխելու համար հայկական մտածելակերպը, դժվար է ասել, բայց որ դրա դեմ պետք է պայքարել խիստ օրենքներով, անհերքելի է: Իսկ այսօրվա օրենքները ոչ միայն խիստ չեն, այլև չեն գործում. դրանք շրջանցելու եղանակներն ավելի շատ են:

Օրինակ` «Գովազդի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանում գովազդի լեզուն հայերենն է, սակայն այն համատարած խախտվում է: Պատճառը շատ պարզ է. ընդամենը երկու-երեք պարբերությունից հետո ներկայացվում են մի շարք բացառություններ, և ստացվում է, որ օրենքի 85%-ը բացառություններ են, որոնք  ավելի գործող են, քան օրենքի հիմնական պահանջը:

Այդ բացառություններից մեկն, օրինակ, այն է, որ ապրանքային նշանը` լոգոն, կարող է ներկայացվել այնպես, ինչպես կա, այսինք` օտար լեզվով, և ահա բոլորն իրենց ապրանքատեսակը կամ ծառայությունը գովազդող անվանումը ներկայացնում են իբրև ապրանքային նշան:

Ըստ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի` վերջին տարիների ստուգումները փաստում են, որ իրավախախտումների թիվն աճելու միտում ունի. անգամ կրկնակի ստուգումների ընթացքում վարչական իրավախախտումները չեն վերացվում «Գովազդի մասին» օրենքի  5-րդ հոդվածի տարաբնույթ մեկնաբանությունների պատճառով:

«2010 թ. սկզբում մշտադիտարկումների արդյունքում միայն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում արձանագրվել է հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների և գովազդային ցուցանակների լեզվական ձևավորման շուրջ 500 խախտում, որոնց վերացման համար առկա օրենսդրական դաշտի պայմաններում կպահանջվի առնվազն 10 տարի,- ասում է Երիցյանը,- նախկինում գովազդային դաշտն այսքան մեծ չէր,  օրենսդրությունը կարողանում էր կարգավորել իրավահարաբերությունները, սակայն այսօր երևան են եկել նոր հանգամանքներ, որոնք հին օրենքն այլևս ի զորու չէ կարգավորելու»:

Այդ ամենը շտկելու համար կառավարությանն են ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք այս պահին դրված են հասարակական քննարկման ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքէջում:

Օրինակ` օրենքի նախագծում վերաշարադրված է, որ հրապարակային  գրվածքները (ցուցանակ, գովազդ,  ցուցապաստառ, ազդ (հայտարարություն,  ազդագիր), ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները,  կնիքները,  միջազգային փոստային ծրարները ոչ հայերեն ձևավորելը կամ դրանց հայերեն ձևավորումը չապահովելը, ձևաթղթերում կամ  հրապարակային գրվածքներում ապրանքային   նշանների լեզվական միավորները զուգահեռ հայերեն տառադարձմամբ չապահովելը վարչական իրավախախտում է:

Անցյալ տարվա ընթացքում Լեզվի տեսչությունը չորս դատական հայց է ներկայացրել դատարան, չորսն էլ պարտվել են  հենց միայն օրենքի սողանցքերի պատճառով. «Ենթադրենք` մենք դատի ենք տալիս տնտեսվարող սուբյեկտին ոչ հայերեն անվանումով ցուցանակի համար, մեզ ասում են` սա ցուցանակ չէ, այլ մեր ապրանքային նշանն է` լոգոն, և մենք ոչինչ չենք կարողանում անել,- ասում է Երիցյանը,- իսկ նոր օրենքում մենք առաջարկում ենք, որ ապրանքային նշանը զուգահեռ տառադարձվի հայերեն»:

Օրինակ` հարևան Վրաստանի դեպքում ամեն ինչ հստակ է: Եթե անգամ դա աշխարհահռչակ Coca-Cola-ն է, պետք է տառադարձվի և գրվի նաև վրացերեն տառերով. «Մենք դեռ չենք առաջարկում համաշխարհային բրենդը տառադարձել, առայժմ առաջարկում ենք հայաստանյան ֆիրմաների դեպքում տառադարձում կատարել»,-նշում է Լեզվի տեսչության պետը:

Լեզվի պետական տեսչությունը ստուգումներ է իրականացնում վեց ամիսը մեկ` նախապես ծրագրված հերթականությամբ:   Բայց եթե թեժ գծին հեռախոսազանգեր են լինում, ստուգումն իրականացվում է արտահերթ: «Նման դեպք եղել է, օրինակ` «Ֆրեշ» սուպերմարկետի դեպքում. զգուշացրել ենք՝  ուղղել են»,-ասում է Երիցյանը:

Ցավոք, «Ֆրեշի» դեպքը եզակիների շարքը կարելի է դասել: Այ, օրինակ` «Москвичка» սուպերմարկետին ո՛չ զգուշացում է եղել, ո՛չ էլ վերջինս պատրաստվում է հայերեն տառադարձել իր անվանումը: Երիցյանն ասաց` տեղյակ չէ, որ «Москвичка»  հայերեն գրվածք ընդհանրապես չկա, ինչը զարմանալի փաստ է: Իսկ սուպերմարկետի մարկետինգի տնօրենը բավական ինքնավստահ տոնով հայտնեց, որ «Москвичка»   միջազգային բրենդ է, և հայտնեց, որ այն գրանցված է իբրև լոգո, ուստի իրենք ոչինչ փոխել չեն պատրաստվում:

Այն, որ անվանումը գրանցված է իբրև լոգո, հավանական համարեց նաև Լեզվի տեսչության պետը, սակայն «Москвичка»  միջազգային բրենդ լինելու մասին տեղեկությունը գոնե ինձ համար սենսացիոն էր: Հիշենք միայն այն, որ անցյալ տարի ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է այն լուրը, որ «Москвичка»  պատկանում է իր որդուն, և պատմել է, որ վերջինս այն ժառանգել է իր պապից: Նա նաև ասել է, թե այդ անվանումը կապված է Մոսկովյան փողոցի հետ, որտեղ գտնվում է սուպերմարկետների ցանցի անդրանիկ խանութը:

«Մեր անվանումը գրանցված է իբրև ապրանքանիշ» պատճառաբանությամբ հանդես եկող տնտեսվարող սուբյեկտները բազմաթիվ էին: Մեր հարցախույզի ժամանակ, օրինակ, Senator, Flex, Art Bridg և մի շարք այլ կազմակերպություններից մեզ հայտնեցին, որ իրենց անվանումը գրանցված է իբրև լոգո, սակայն եթե օրենքը գործի, իրենք անվանման հայերեն տարբերակը նույնպես կտեղադրեն: Մի քանիսը օրենքի այդ պահանջի վերաբերյալ մեր հարցին պատասխանեցին տարակուսանքով. «Խի էդպիսի բան կա՞…»: Շատերն էլ տեղյակ էին, պարզապես ձևացրին, թե չգիտեն:

Համենայն դեպս, մի բան հստակ է. եթե օրենքը գործեր, և սահմանվեին խոշոր տուգանքներ, ապա իրավիճակն այսքան սարսափելի չէր լինի:

Բայց ամենացավալին այն է, որ օտարալեզու և օտարահունչ անվանումներով և գովազդային ցուցանակներով տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներից շատերը պարզապես «թքած ունեին» այն ամենի վրա, ինչի մասին այժմ բարձրաձայնում ենք. «Ուրիշ բան ու գործ չունե՞ք», «Ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս», «Բան գտա՞ք կպնելու» և նման այլ արտահայտություններ` զուգակցված  քմծիծաղով ու արհամարհանքով, հաճախ հնչեցին: Պարզից էլ պարզ է, որ նման գործարարների հետ լեզվապահպանման կամ հայրենասիրական քարոզներով ոչնչի չես հասնի. պետք է հարվածես ուղիղ գրպանին:

Բայց ինչպե՞ս, եթե վարչական իրավախախտումների համար սահմանված ներկայիս տուգանքները խորհրդանշական գումարներ են հիշեցնում. դրանք սկսվում են մոտ հիսուն հազար դրամից: Սակայն նոր օրենքով առաջարկվում է դրանք դարձնել  նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկ:

Առաջարկվում է նաև, որ հստակեցվեն հրապարակային գրվածքի տեսակների սահմանումները` ո՞րն է ցուցանակը, գովազդը, ազդը (հայտարարություն),  ազդագիրը կամ ցուցապաստառը: Այդ դեպքում, ըստ Լեզվի տեսչության պետի,  այլևս հնարավոր չի լինի օրենքը շրջանցել:

Գովազդի դեպքում ևս հստակ պահանջներ են առաջարկվել. օրինակ` գովազդատուի հայեցողությամբ  գովազդի հայերեն շարադրանքը, անհրաժեշտության դեպքում որպես լրացում, կարող է զուգորդվել առավելագույնը երկու օտար լեզվով, ընդ որում` հայերեն շարադրանքից ներքև  կամ հայերեն շարադրանքից հետո՝ ձախից աջ։

Գովազդի օտարալեզու շարադրանքի ընդհանուր ծավալը (մակերեսը) չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը, ինչպես նաև օտարալեզու շարադրանքն այլ հատկանիշներով (գունային լուծում, պայծառություն, գիշերային լուսավորություն և այլն)  չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի համանման հատկանիշները:

Միայն օտար լեզվով գովազդն արգելվում է:

Որպես ապրանքային նշան օգտագործվող բառերը, բառակապակցությունները, անունները, կարգախոսները կամ տառերը, ինչպես նաև  բառեր, բառակապակցություններ, անուններ, կարգախոսներ կամ տառեր պարունակող ապրանքային նշաններն ինքնին չեն կարող գործածվել որպես գովազդ, և դրանց օտարալեզու, չթարգմանվող լեզվական միավորները գովազդում պետք է ներկայացվեն  նաև  հայերեն տառադարձությամբ:

Այս ամենը կգործի միայն այն ժամանակ, երբ օրենքի նախագիծն ընդունվի և օրենքի ուժ ստանա: Իսկ մինչ այդ իրավիճակը կշարունակի մնալ ճիշտ հակառակը:

Թվում է, թե Լեզվի պետական տեսչությունն ուզում է ինչ որ բան անել լեզվային իրավիճակը փոխելու համար: Ենթադրենք` ուզում է, բայց արդյոք կարո՞ղ է:

Ըստ սահմանման` Լեզվի պետական տեսչությունը պարտավոր է իրականացնել վերահսկողական գործառույթներ և կիրառել պատասխանատվության միջոցներ Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության բնագավառում` «Լեզվի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագրերի պահանջների կատարման ապահովում, ՀՀ պաշտոնական լեզվի` գրական հայերենի կանոնարկում և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովում և այլն:

Արդյոք այս հսկայածավալ աշխատանքն իրականացնելու համար կա՞ն համապատասխան պաշարներ: Նշենք միայն այն փաստը, որ Հայաստանում գործող տասնյոթ տեսչություններից Լեզվի տեսչությունը միակն է, որ օրենք չունի: Սերգո Երիցյանը դժվարանում է պատասխանել, թե ինչու, սակայն հայտնում է, որ իրենք մտադիր են ներկայացնել «Լեզվական վերահսկողության և տեսչավորման մասին» նոր օրենքի նախագիծ, որում մանրամասն կներկայացվի այս մարմնի գործունեությանն առնչվող ամեն բան:

Հատկանշական է նաև այն փաստը, որ լեզվի տեսչությունը իրավաբան էլ չունի, չնայած Երիցյանը հավատում է փորձ ունեցող իր աշխատակիցների ուժերին, ովքեր տարիներ շարունակ «գլուխ են հանել» զանազան դատավարություններից:

Իսկ ամենազարմանալին այն է, որ XXI դարում, երբ ցանկացած իրավաբանական ու ֆիզիկական անձ չի պատկերացնում իր գործունեությունն առանց կայքի, բլոգի կամ սոցիալական ցանցերում ներգրավվածության, Լեզվի պետական տեսչությունը կայք չունի: Այդ կարևոր կառույցը, որը միտված է կարգավորելու այնպիսի լուրջ հարց, ինչպիսին լեզուն է, աշխատում է առանց իր գործունեության մասին որևէ մատչելի տեղեկատվություն տալու:

Երբ համացանցում «Լեզվի պետական տեսչություն» բառերով որոնում կատարեք, առաջինը կհայտնվի www.lezu.am կայքը, որը ստեղծվել է անցյալ տարի «Լեզվի ժողովրդական տեսչություն» հասարակական նախաձեռնության կողմից, որպես հակակշիռ լեզվի պետական տեսչության և նպատակ է դրել  ստանձնել Լեզվի պետական տեսչության «չիրականացվող»  գործառույթները:

Եվ պատահական չէր, որ 2010 թ. Էլեկտրոնային բովանդակության V համահայկական մրցույթի գլխավոր մրցանակ ստացող գործերից մեկն էլ եղավ Լեզվի ժողովրդական տեսչության կայքը: Կայքի նախաձեռնող  և համակարգող, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը մրցանակը ստանալիս հույս հայտնեց, որ հաջորդ մրցույթում այս մրցանակը կշնորհվի ոչ թե իրենց, այլ Լեզվի պետական տեսչությանը:

Ինչևէ, Սերգո Երիցյանը  հավատացնում է, որ այդ բացը լրացնելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ տարվում են:

Դիտվել է 4311 անգամ:
Print Friendly

Leave a Reply