Լեռնային Ղարաբաղ. վայր, որ գոյություն չունի՞

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 14, 2011 13:46

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է. «Բրիտանացու մաքսիմումը, ինչպես միշտ, բիզնեսն է»: BBC-ի 38-ամյա լրագրող Սիմոն Ռիվը այն բրիտանացիներից է, ում համար իր գործունեության մեջ կարևորագույնը բիզնեսն է կամ BBC-ի (ու ոչ միայն BBC-ի) համար լավ «ռիփորթներ» գրելն ու համապատասխան վարձատրություն ստանալը:

Ողջ աշխարհում շրջագայած համարձակ երիտասարդին հաջողվել է ոտք դնել այնպիսի վայրեր, որոնք «գոյություն չունեն». Մերձդնեստր, Սոմալիլանդ, Լեռնային Ղարաբաղ, Օսեթիա, Աբխազիա, Թայվան ևն, որտեղից նա զեկույցներ է գրել «Վայրեր, որ գոյություն չունեն», «Արձակուրդ վտանգավոր գոտիներում» վերնագրերով և տարածել արևմտյան մամուլում:

Փիլիսոփայության կամ ֆիզիկայի որևէ օրենքով չբացատրվող երևույթը` լինել մի վայրում, շփվել մարդկանց հետ, հետո ասել, թե այդ վայրը գոյություն չունի,  ավելի քան դատապարտելի է: Փաստորեն, երիտասարդ Սիմոնը խախտել է ոչ միայն բնական օրենքները,  այլև ԼՂՀ Սահմանադրությունն ու լրագրողական էթիկայի նորմերը:

Չվերլուծելով Սիմոնի` «Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանում», «ադրբեջանական մարզ Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները` անդրադառնանք նրա մյուս զավեշտալի ու միաժամանակ դատապարտելի հրապարակումներին:

Սիմոնը նշում է, որ «մինչև Ադրբեջանից միակողմիանի անկախություն հռչակելը Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության կեսը ադրբեջանցի էր, կեսը` հայ, իսկ արյունոտ պատերազմից հետո մի բուռ ադրբեջանցի է մնացել»: Վերջին թեզը քննարկման ենթակա էլ չէ, քանի որ եթե մի ադրբեջանցի էլ գտնվեր Լեռնային Ղարաբաղում, Սիմոնը հաստատ կհանդիպեր ու մի հարցազրույց էլ նրա հետ կաներ, որպեսզի տեղեկատվությունը հավաստի լիներ:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մինչպատերազմյան շրջանում ադրբեջանական հոծ բնակչության վերաբերյալ տեղեկատվությանը, ապա Խորհրդային Միությունում վերջին մարդահամարը տեղի է ունեցել 1989 թ., ըստ որի` ԼՂԻՄ-ի բնակչության թիվը 189 հազար 85 մարդ էր, որոնցից 145 500-ը` հայեր (այսինքն` բնակչության 76.9 տոկոսը) և 40 հազար 7 հարյուրը` ազերիներ (այսինքն` բնակչության 21.5 տոկոսը): Նույն վիճակագրությամբ Շահումյանի շրջանում ապրում էր 17 հազար հայ (այսինքն` բնակչության 80 տոկոսը) և 3 հազար ադրբեջանցի: Էլ չենք նշում, որ այդ մարդահամարում հաշվված չեն Բաքվից ու Սումգայիթից փախած 25 հազար հայերը, որոնք թեև այդ ժամանակ գտնվում էին ԼՂԻՄ-ում, նոր գրանցման անձնագրեր չունեին, հետևաբար չեն ներառվել մարդահամարում: Վերջնական հաշվարկով, փաստորեն, մինչև ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմը ԼՂԻՄ-ում և Շահումյանի շրջանում ապրել է շուրջ 187 500 հայ և ընդամենը 43 հազար 7 հարյուր ադրբեջանցի: Նշված թվերը հաստատում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության դիտարկումը տեղում» 2005 թ. ամփոփ զեկույցը:

Հետևաբար, մինչև պատերազմը ԼՂ-ում բնակչությունը ոչ թե 50-50 տոկոս էր, ինչպես նշում է «ռիփորթրը», այլ հայ բնակչությունը շուրջ 4,2 անգամ գերազանցում էր ադրբեջանական բնակչությանը:

Սիմոնը ադրբեջանցիների հետ հարցազրույցներում Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս անընդհատ գործածում է հայրենիք «motherland» բառը. ո՞վ է ասել, որ եթե մի տեղ ապրել ես, ուրեմն այն դարձել է քո հայրենիքը: Անշուշտ, ԼՂՀ-ի տարածքում ապրել են ադրբեջանցիներ, ապրել են նաև ռուսներ ու ուրիշ ազգեր: Նույն կերպ հայեր են ապրել Բաքվում կամ Թիֆլիսում, սակայն դա չի նշանակում, որ հայերը պետք է Բաքուն կամ Թբիլիսին անվանեն հայրենիք, վերադառնան այնտեղ ու պահանջեն հանրաքվե ու նոր իրավական կարգավիճակ. անհեթեթություն է:

Լեռնային Ղարաբաղի մասին սյուժեում BBC-ի Սիմոնը, որպես ներածական, նշում է նաև, որ «չճանաչված այդ շրջաններն ահաբեկիչների և զենքի շրջանառության համար գրավիչ են»` այդպիսով ոչ միայն ապատեղեկատվություն տարածելով, այլև վախ սերմանելով Լեռնային Ղարաբաղ հնարավոր այցելուների (հատկապես արևմտյան երկրներից) մեջ, որոնք ենթագիտակցական վախ ունեն «ահաբեկիչների» նկատմամբ:

Սիմոնը գնում է Ադրբեջանի հետ շփման գիծ և կրկին սարսափ տարածում` ասելով, որ Լեռնային Ղարաբաղում ամեն վայրկյան դիպուկահարը կարող է կրակել: Այդպիսով թյուրիմացության մեջ է գցում հնարավոր այցելուին, թե նա կարող է նույնիսկ Ստեփանակերտում  դիպուկահարից սպանվել: Իսկ ո՞վ է ասել` եկեք սահմանի վրա զբոսնեք. իհարկե վտանգավոր է: Կամ արդյոք որևէ  այլ երկրի` հարևան երկրի հետ շփման գծում վտանգ չկա՞:

Սիմոնի` միջազգային հանրությանը իրազեկելու առաքելությունը կարելի է բացատրել  նրա իսկ հայրենակից դիրիժոր Թոմաս Բիչամի այն խոստովանությամբ, թե «անգլիացին կարող է չսիրել երաժշտությունը, բայց նա  հաստատ սիրում է դրա ստեղծած աղմուկը»:

Աղմուկ բարձրացնելու այդ անհեթեթ առաքելությունը Սիմոնը շարունակում է` ճանապարհվելով Ադրբեջան և միանգամից ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի հայերից  մազապուրծ ադրբեջանցիների, ովքեր տուն չունեն ու ապրում են սոսկալի պայմաններում: Իսկ ո՞վ է մեղավոր, որ նույն տեսանյութում նավթային ահռելի եկամուտներով նկարագրված Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս չեն ապահովել այդ բնակչությանը տներով կամ  նվազագույն պայմաններով:

Սիմոնը նաև չգիտի, որ շուրջ 170 հազար ադրբեջանցի նյութական փոխհատուցում է ստացել ՀԽՍՀ-ից, իսկ միայն 1989 թ. շուրջ 14 հազար 5 հարյուր ադրբեջանական ընտանիք թողած սեփականության (տուն, գույք) համար Հայաստանից ստացել է ավելի քան 110 միլիոն դոլարին համարժեք փոխհատուցում: Բացի այդ, Հայաստանը լքած ադրբեջանցիները վերաբնակվել են Ադրբեջանից փախած հայերի տներում:

Այդ դրվագներով անուղղակիորեն նշվում է նաև Ադրբեջանի սոցիալական վիճակի իրական պատկերը` հարուստ ու աղքատ խավերի միջև առկա խոր անդունդը:

Անշուշտ, ողջունելի է, որ արտասահմանից շատերն են արդեն հետաքրքրվում Լեռնային Ղարաբաղով (ըստ ԼՂՀ ԱԳՆ տվյալների` ամեն տարի արձանագրվում է Լեռնային Ղարաբաղ զբոսաշրջիկների թվի միջինը 15 տոկոսի աճ, ինչը վկայում է ղարաբաղյան ֆենոմենի  նկատմամբ միջազգային հանրության հարաճուն հետաքրքրության մասին), դա նպաստում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճամաչմանը, բայց դրա արդյունքը չեզոքանում է, երբ այցելուն խեղաթյուրված է ներկայացնում իրականությունը:

Հետևաբար,  ԼՂՀ իշխանությունները, նաև ՀՀ իշխանությունները պետք է զգոն լինեն և Սիմոն Ռիվի նման լրագրողներին չուղեկցեն դեպի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, այդ թվում` սահմանագիծ: Այլապես Սիմոնի` գոյի ու չգոյի անհեթեթ հարաբերակցության թեզը կշարունակի տանջել գիտնականներին ու նաև ոչ գիտնականներիս:

Դիտվել է 1628 անգամ:
Print Friendly

Leave a Reply