Թանկարժեք մարմնամասեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2011 17:47

Այսօր ոչ մեկին չես զարմացնի այն լուրով, որ հայտնի  մարզիկներն ու աստղերն ապահովագրում են իրենց մարմնամասերը միլիոն դոլարներով: Ներկայացնենք համաշխարհային դեմքերի  ամենավարկանշային օրինակներն ու պատմենք, թե ինչպես են գնահատում  իրենց արտաքինը հենց իրենք:

Ամենաշատն իր ոտքերի պահպանությամբ մտահոգ է  Մրայա Քերին` սոուլի աստղը, որ ապահովագրել է իր հարստությունը մեկ մլրդ դոլարով: Թինա Թեյլորը, որ նույնպես կարծես իր արտաքինի  գերին է դարձել,  կուրծքը գնահատել է 780 հազար դոլար, իսկ իր լեգենդար ոտքերը (նա արժանացել է «ամենագեղեցիկ ոտքեր ունեցող երգչուհի» տիտղոսին)` 3,2 մլն դոլար: Հայդի Կլումն իր «գովազդային տոտիկները» գնահատել է 2,2 մլն դոլար: Ի դեպ, փորձագետների  գնահատմամբ, նրա  ոտքերն  անհամաչափ են,  ուստի ձախն արժանացել է 2 մլն, իսկ աջն ընդամենը 200 հազար դոլարի: Այս որոշման «մեղավորը» ձախ ոտքի ծնկի սպին է, ինչի պատճառով գինն ընկել է:

Իր վերջույթները մի փոքր ավելի համեստ է գնահատել կատակերգակ դերասանուհի Ջեյմի Լի Կյորտիսը: Նրա ոտքերի արժեքը 2 մլն դոլար է: Իսկ բարբադոսյան պոպ-երգչուհի Ռիհանան պատահարի (Աստված մի արասցե)  դեպքում իր հրաշակերտ ոտքերի համար կստանա ընդամենը 1 մլն դոլար:

Սակայն թանկարժեք մարմնամասերի այս ցուցակը շարունակենք: Քանթրի երգչուհի Դոլլի Փարթոնի կուրծքը շատ թանկ է: Համենայն դեպս, նա այդ կարծիքին է, քանի որ գնահատել է 600 հազար դոլար: Իսկ կինոդերասանուհի Ամերիկա Ֆերերան ամենաշատը գնահատում է իր ձյունաճերմակ ժպիտը` 10 մլն դոլար:

Այս ցուցակը, իհարկե, առանց տղամարդկանց թերի կլիներ: Հոյակապ ու անկրկնելի Դեվիդ Բեկհեմն իր ոտքերն է ապահովագրել 70 մլն դոլարով. չէ՞ որ դրանց շնորհիվ է նա աստղ դարձել: Ցուցակը շարունակում է «Ռոլինգ Սթոունզ» խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը: Եվ ի՞նչ եք կարծում, ինչն է ամենաթանկը նրա համար.  իհարկե մատները: Նա իր միջնամատն ապահովագրել է 1,6 մլն դոլարով:

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply