Ընդունվում են դիմում-հայտեր Մարդու իրավունքների փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 9, 2011 15:57

Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Մարդու Իրավունքների Փոքր Դրամաշնորհային Ծրագրի (ՄԻՓԴԾ) շրջանակներում հրավիրում է դիմում-հայտեր ներկայացնել Հայաստանում գրանցված և գործող ոչ կառավարական շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններին, ներառյալ` հիմնադրամներ, ՀԿ-ներ, իրավաբանական անձանց միություններ:

Քաունթերփարթ ինթերնեշնլը միջազգային հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է համայնքների և քաղաքացիների հետ ամբողջ աշխարհում` կայուն լուծումներ առաջարկելով համընդհանուր մարտահրավերների համար:

ՄԻՓԴԾ-ն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և տեղական մակարդակներում աջակցել տեղեկացված և կազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին` ավելի մասնակցային, ապակենտրոնացված, արդյունավետ և հաշվետու տեղական ինքնակառավարման խրախուսմանը զուգընթաց, որոնք էլ կհանգեցնեն ավելի ժողովրդավարական հասարակության հաստատմանը:

ՄԻՓԴԾ-ի նպատակն է աջակցել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը Հայաստանում: Սույն դրամաշնորհային ծրագրերը կարող են ներառել մարդու իրավունքների իրավիճակի և/կամ քաղաքականության իրականացման մոնիթորինգ (մշտադիտարկում), մարդու իրավունքների օրենսդրության համեմատական իրավական վերլուծություն, մարդու իրավունքների հարցերով շահերի պաշտպանություն, որոշակի իրավունքների իրազեկության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ և/կամ մարդու իրավունքների կրթություն, իրավունքը կրողների և/կամ իրավունքների պաշտպանության  համար պատասխանատուների կարողությունների զարգացում, իրավական աջակցության տրամադրում անհատներին, ովքեր փորձում են վերականգնել պետական մարմինների կողմից խախտված իրենց իրավունքները և այլն:

Դրամաշնորհային ծրագրերը կարող են ընդգրկել մարդու իրավունքներին վերավերող տարաբնույթ խնդիրներից մեկը, կամ երկուսը, ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի իրավունքներով, ինչպիսիք են բանտարկյալների և կալանավորների իրավունքները, լրատվամիջոցների և խոսքի ազատություն, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության իրավունք, արդարադատության մատչելիության հավասար իրավունք, կրոնական խմբերի ազատություն և իրավունքներ, որակյալ կրթություն և դրա մատչելիության հավասար իրավունք, աշխատանքի պայմաններ/ իրավունքներ և առողջապահության մատչելիություն ու սոցիալական արտոնություններ/նպաստ:

Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի չափը չպետք է գերազանցի 2 700 000 ՀՀ դրամը և կարող է օգտագործվել առաջարկվող ծրագրի վարչական, ծրագրային և մարդկային ռեսուրսների ծախսերի համար:

Քաունթերփարթն ակնկալում է յուրաքանչյուր դիմող կազմակերպության ներդրումը` առնվազն 20%-ի չափով:  Ներդրումները կարող են լինել դրամական կամ ոչ-դրամական: Ներդրումները կարող են տարբեր աղբյուրներ ունենալ (այլ դոնոր, մասնավոր աղբյուրներ և այլն), սակայն ԱՄՆ կառավարության տրամադրած ֆինանսավորումը չի կարող դիտարկվել որպես ներդրում:

Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2011թ-ի սեպտեմբերի 30-ը:

Դրամաշնորհներից յուրաքանչյուրի համար կստորագրվի պաշտոնական պայմանագիր, որում կշարադրվեն դրամաշնորհի պայմանները, ինչպես նաև կողմերի պարտավորությունները:

Ներկայացվող ծրագրի առաջարկները պետք է համապատասխանեն ծրագրի առաջարկի ձևաչափին և անպայմանորեն համապատասխանեն էջերի քանակի համար նշված սահմանափակումներին:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ-ի մարտի 2-ը, ժ. 15:00-ը:

Դիտվել է 1658 անգամ:
Print Friendly

Leave a Reply