Մշակվում է Մասնագիտական կողմնորոշման իրականացման միասնական հայեցակարգ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2011 11:15

Մշակվում է Մասնագիտական կողմնորոշման իրականացման միասնական հայեցակարգ: Մշակման գործընթացում ներգրավված են ՀՀ կրթության եւ գիտության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի տնօրեն Հայկուհի Գեւորգյանը, հայեցակարգի մշակումն արդեն ավարտման փուլում է, եւ այն շուտով կներկայացվի հանրային քննարկմանը: Հ. Գեւորգյանը կարեւորեց քննարկմանը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը` հասարակական կազմակերպություններ, գերատեսչություններ, դպրոցներ եւ այլն: Քննարկումներն ավարտելուց հետո հայեցակարգը կլրամշակվի եւ կներկայացվի ՀՀ կառավարությանը: «Հայեցակարգով փորձ է արվում մասնագիտական կողմնորոշման ոլորտում առկա մի շարք հարցերի պատասխանները տալ:

Մասնավորապես` կսահմանվի մասնագիտական կողմնորոշման հիմնական սխեման, որն իրենից ենթադրում է գործընթացում առկա բոլոր մարմինների պատասխանատվությունների հստակեցում: Այսինքն` մասնագիտական կողմնորոշման գործում կոնկրետ ի՞նչ պետք է անեն դպրոցները, զբաղվածության ծառայությունները եւ այլն»,-ասաց Հ. Գեւորգյանը: Նրա խոսքով` դպրոցներում պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի աշակերտները մասնագիտություն ընտրելիս ճիշտ կողմնորոշվեն:

Այսօր,ըստ նրա, այդ խնդիրը կա, քանի որ շատերը մասնագիտությունը զբաղմունքից չեն տարբերում կամ մասնագիտություն են ընտրում` հետեւելով «մոդա»-ի վերջին միտումներին: Հ. Գեւորգյանը նշեց, որ այսօր ինչ-որ չափով դպրոցներում աշխատանք տարվում է, սակայն չկա մեթոդիկա: Այդ նպատակով նախատեսվում է մշակել մեթոդական ձեռնարկ, խաղեր, տալ մասնագիտությունների նկարագիրը, որպեսզի դպրոցներում ավելի դյուրին լինի աշխատանքը: Հ. Գեւորգյանը նշեց, որ դպրոցների հետ աշխատանքի երկու տարբերակ է առաջարկվել, որոնք դեռ կքննարկվեն:

Առաջին տարբերակի համաձայն` դպրոցներից կընտրվեն մասնագետներ, որոնք կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին: Երկրոդ տարբերակի համաձայն` «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն»-ը կունենա մեծ թվով փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրը կկցվի 4-5 դպրոցի: Հ. Գեւորգյանը նշեց, որ նախնական փուլում կընտրվեն հանրապետության 100 դպրոցներ, որոնց հետ կտարվի հետեւողական աշխատանք:

Հ. Գեւորգյանի խոսքով` կենտրոնն ընթացիկ տարում շարունակելու է իր ծառայությունների մատուցման գործընթացը: Աշխատանքներ են իրականացվելու մարզերում: Նկարահանվելու է 10-ը առավել պահանջված մասնագիտությունների մասին ֆիլմեր: Կհրատարակվեն նաեւ մասնագիտությունների մասին բուկլետներ: Տարվա ընթացքում USAID-ի հետ համատեղ կանցկացվի կարիերայի ուղղորդման տոնավաճառ: Աշխատանքներ են նախատեսվում նաեւ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հետ:

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply