Կինոսրահ՝ Երեւանի պատմության թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 9, 2011 10:57

Երեւանի պատմության թանգարանի այցելուները 2010թ-ին կրկնապատկվել են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, 2010թ-ին գրանցվել է 12 հազար 340 այցելու, իսկ 2009թ-ին` 5 հազար 165: Ա. Սարգսյանի խոսքով` դա բավական լուրջ առաջընթաց էր: «Այցելուների թվի կրկնապատկումը պայմանավորված է մեր մեծածավալ աշխատանքով:

2010թ-ին թանգարանում անցկացվել է 10 ցուցահանդես` այն դեպքում, երբ նախորդ տարիներին կազմակերպում էինք 4-5 ցուցահանդես: Այցելուների թվի ավելացման գործում կարեւորվում է նաեւ «Թանգարանային գիշեր» ծրագիրը»,-ասաց Ա. Սարգսյանը: 2010 թվականին թանգարանը համալրվել է 575 նոր ցուցանմուշով: Ներկայումս պահվում է շուրջ 90 հազար թանգարանային առարկա: Ցուցանմուշների համալրման գործում զգալի տեղ է զբաղեցնում նվիրատվությունը:

Ա. Սարգսյանը նշեց, որ համագործակցում են նաեւ հնագետների հետ: Նախորդ տարի զգալի աշխատանքներ են իրականացվել նաեւ թանգարանային նմուշների պահպանման ուղղությամբ: 2010 թվականին նորացվել է թանգարանի պահոցների կահույքը: Ա. Սարգսյանը նշեց, որ ձեռք է բերվել թանգարանագիտության արդի պահանջներին համապատասխան կահույք: «Նոր կահույքները հնարավորություն կտան ֆոնդերում պահվող թանգարանային արժեքների հետ ավելի հեշտ աշխատել, ինչպես նաեւ դրանք լավագույնս պահպանել:

Այսինքն` առարկաներն առանձին պայմաններում կպահվեն, ոչ թե իրար վրա կուտակված: Կարեւոր են նաեւ համապատասխան ջերմախոնավային պայմանները»,-ասաց Ա. Սարգսյանը: Թանգարանի տնօրենը նշեց, որ թանգարանագիտության պահանջներն այնպիսին են, որ գոնե 5 տարին մեկ անգամ հիմնական ցուցադրությունը կամ որոշ հատվածները պետք է փոխվեն: «Այս տարի մենք անպայման ուշադրություն ենք դարձնելու այդ գործընթացներին եւ փորձելու ենք ավելի հետաքրիր դարձնել:

Ներկայացվելու են ոչ միայն նոր ցուցանմուշներ, այլեւ դրանք ցուցադրվեու են նոր մոտեցումներով, ձեւերով: Լրացուցիչ հետաքրքրության համար թանգարանի նորագույն շրջանի պատմության ցուցադրության գործընթացում կիրառելու ենք ինտերակտիվ մեթոդներ»,-ասաց Ա. Սարգսյանը: Թանգարանն ունենալու է նաեւ փոքրիկ կինոսրահ, որը նորություն է Երեւանի պատմության թանգարանի համար: Այցելուն հնարավորություն կունենա դիտել Երեւանի մասին պատմող հին ֆիլմերը:

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply