Համակարգված աշխատանք մայրաքաղաքի կառավարման բոլոր ոլորտներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2011 19:13

Փետրվարի 8-ին գումարված Երևան քաղաքի ավագանու հինգերորդ նստաշրջանի առաջին նիստում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նախ ներկայացրել է 2011թ.-ին քաղաքապետարանի առաջնային խնդիրները: Քաղաքապետը նշել է, որ կառուցվածքային այն փոփոխությունները, որ կատարվել են քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմում, ենթադրում են համակարգված աշխատանք. <<Հաջորդ քայլը լինելու է վարչական շրջաններին որոշակի լիազորությունների պատվիրակումը, որի շնորհիվ կառավարումը կդառնա ավելի արդյունավետ>>,- ասել է քաղաքապետը` հավելելով, որ այդպիսով քաղաքացիների համար ավելի տեսանելի կդառնա ձեռնարկվող քայլերի արդյունքը:
Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել և հաստատվել է մայրաքաղաքի պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետի պարտադիր լիազորությունների պատվիրակումը վարչական շրջանների ղեկավարներին:

Ավագանին միաձայն հավանություն է տվել նաև Երևանի ենթակայության կազմակերպությունները մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը հանձնելու և լիազորություններ պատվիրակելու հարցին: Համաձայն ավագանու որոշման` Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որոշ մշակութային կենտրոններ և երաժշտական դպրոցներ, ինչպես նաև գրադարանները հանձնվելու են համապատասխան վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը:
<<Երևանի <<Ժամանց>> մշակութային կենտրոն>> և <<Երևանի <<Մալաթիա>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ների նոր խմբագրությամբ կանոնադրությունները հաստատելու մասին հարցը ևս ընդունվեց միաձայն:
Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու հարցին` քաղաքապետն ընդգծել է, որ այդ գործընթացը շարունակվելու է. <<Կարծում եմ` անհրաժեշտություն կա հավասարակշռելու գործառույթները: Այսօր շատ դեպքերում վարչական շրջանները և իրենց անձնակազմը դիտորդի կարգավիճակում են: Քաղաքապետարանը գործառույթներ, միջոցառումներ է իրականացնում, որտեղ իրենց մասնակցությունը կամ մինիմալ է կամ դիտորդի կարգավիճակում: Ես գտնում եմ, որ գործառույթների վերաբաշխումը անհրաժեշտ է, ինչը կնպաստի և հնարավորություն կստեղծի, որպեսզի աշխատանքը լինի արդյունավետ>>,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Միաժամանակ, քաղաքապետը կարևորել է այնպիսի գործնական միջավայրի ստեղծումը, որտեղ ավագանու անդամները գործուն մասնակցություն կունենան քաղաքապետարանի որոշումների կայացման գործում` ներկայացնելով համապատասխան առաջարկներ:

Ի թիվս այլ հարցերի` ավագանու անդամները հետաքրքրվել են նաև բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելման գործընթացից: Ի պատասխան Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում անօրինական առևտուր չի լինելու, և այս գիծը շարունակվելու է. <<Մոտեցումը հստակ է. առևտուրը պետք է կազմակերպվի քաղաքակիրթ պայմաններում` շուկաներում: Ավելին, այսօր շուրջ 3000 վաճառատեղ է առաջարկվում գործող շուկաներում: Ընդ որում, համաձայն տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության, սկզբնական շրջանում` անվճար>>,- նշել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը հավելել է նաև, որ գործող շուկաների տնօրինության առջև խնդիր է դրվել հատուկ ուշադրություն դարձնել շուկաներում տիրող անհրաժեշտ բոլոր պայմաններին: Միաժամանակ, քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է պահանջարկի դեպքում նոր փոքրածավալ շուկաների կազմակերպման հարցը:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply