Վրաստանում 4 հոգանոց ընտանիքը կարող է 10-օրյա հանգիստն անցկացնել միջինը 500-1000 դոլարով

Օրվա լուր | | August 5, 2009 17:50

Լողափ`ՈւրեկիումԻնչո՞ւ հանգստանանք Սևանում, եթե նույն գումարը ծախսելով, կարող ենք վայելել Սև ծովի հաճույքը»,-ասում են շուրջ 600 կմ ճանապարհ կտրած և Վրաստանի Ուրեկի ծովափնյա գյուղաքաղաք հասած հայերը:

Այստեղ հանգստյան ամենաթեժ շրջանը օգոստոսն է, երբ անձրևները քչանում են, ու արևոտ օրերն են գալիս: Դրա հետ մեկտեղ փոքր-ինչ բարձրանում են նաև վարձու տների գները:

Ուրեկիում 4 հոգանոց ընտանիքը կարող է հանգստանալ միջինը 700-1000 դոլարով:

Հուլիս ամսին Ուրեկիում մեկ սենյակը կարելի է վարձել մեկ անձի համար միջինը 4000 դրամով: Այստեղ, ի տարբերություն Քոբուլեթիի և Բաթումիի, հայ հանգստացողներն ավելի քիչ են: Ուրեկիում ափը քարքարոտ չէ, սև մանր ավազ է, որը, ասում են, բարենպաստ է մի շարք հիվանդությունների համար: Ուրեկիի ափին հաճախ կհանդիպեք փսորիազով տառապող հիվանդների, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց: Միաժամանակ, սակայն, ասում են, որ Ուրեկիում հանգստանալ խորհորդ չեն տալիս հղիներին կամ հղիանալ պատրաստվողներին:

Ուրեկիում ծովափն առավոտից մինչ ուշ երեկո մարդաշատ է` անգամ արևի ամենաթեժ ժամերին: Ափին գտնվողներին առաջարկում են հետաքրքիր ժամանցային ծառայություններ, օրինակ` օդապարիկով պտույտ ծովի վրայով`մոտ 7000 հազար դրամ արժողությամբ:

Մինչև կեսգիշեր Ուրեկին ողողված է վրացական, ռուսական ու հայկական կենդանի երաժշտության հնչյուններով: Իրար մոտ գտնվող սրճարաններից յուրաքանչյուրի երաժշտությունը, միախառնվելով մյուսին, աղմուկի է վերածվում, և նրանք, ովքեր որոշել են մինչև ժամը 12-ը պառկել հանգստանալու, զուր ժամանակ են վատնում:

Սրճարանները լի են մարդկանցով: Վրացական ազգային երաժշտության ներքո տղաներն աղջիկներին պարի են հրավիրում: Գիշերային զբոսանքի դուրս եկած հանգստացողներն էլ հավաքվում են` դիտելու ինքնամոռաց պարող զույգերին: Վրացական երաժշտությանը հետևում է հայկականը, և պարի են դուրս գալիս հայ երիտասարդները: Բարձրաձայն երաժշտությունը երբեմն-երբեմն ընդհատվում է հովհարային անջատումներով, որը հայերին հիշեցնում է 90-ական թվականները:

Ուրեկիում, ի տարբերություն հայկական հանգստյան գոտիների, չկան վարձու ափեր, հանգստացողներին նյարդայնացնող ափերի տերեր, բոլորից տարբերվել ցանկացող «լավ տղերք» կամ օտարազգի զբոսաշրջիկին շահագործող առևտրականներ: Ի դեպ, այդ փոքրիկ գյուղում, ի տարբերություն մեր մայրաքաղաքի, վաճառողներն են գնորդին ստիպում վերցնել ՀԴՄ կտրոնները և ոչ թե հակառակը:

Քոբուլեթին Վրաստանի ամենահայաշատ հանգստյան գոտին է: Չնայած քարքարոտ ափերին, այս գյուղաքաղաքը նախընտրողները շատ են, քանի որ, ըստ հանգստացողների, այնտեղ կյանքն ավելի ուրախ ու ակտիվ է, և բազմաթիվ հետաքրքիր ժամանցի վայրեր կան: Քոբուլեթիում է նաև հայտնի կարուսելների այգին:

Քոբուլեթիում գներն ավելի էժան են. 4 հոգանոց ընտանիքը 10-օրյա հանգիստը կարող է անցկացնել միջինը 500-700 դոլարով:

Տեղացի վաճառականներից ու վարձատու տանտերերից ոմանք խոստովանում են, որ իրենց բիզնեսը հիմնականում հայերի հաշվին է ծաղկում: Բայց նաև նշում են, որ այդ հանգամանքը չեն չարաշահում ու գները չեն թանկացնում:

Ի դեպ, Ուրեկիի միակ ռեստորանը, որտեղ մեզ մաքսիմալ ձևով «կլպեցին», Վանաձորից մեկնած մի քանի հայ երիտասարդներ էին աշխատացնում, ովքեր բողոքում էին, որ գործ չկա, սրճարանը դատարկ է:

Դիտվել է 3154 անգամ:
Print Friendly

Leave a Reply