Ժառանգություն. «Ընդդիմությունը կարող է հանդես գալ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների միասնական նախագծով»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2011 13:53

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումն օրինական ու ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձեւավորման գլխավոր նախապայմանն է, որը սակայն չի ապահովվել արդեն 16 տարի ի վեր: Օրինական իշխանությունն է միայն, որ ի վիճակի է առաջնորդել ժողովրդին` կառուցելու ազատ, ուժեղ, ժողովրդավարական եւ սոցիալապես արդար պետություն, մրցակցային ու մրցունակ տնտեսություն, կանխելու արտագաղթը եւ անհրաժեշտ պայմաններ ապահովելու ներգաղթի համար, դիմագրավելու Հայաստանի առջեւ ծառացած արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերները:

Իշխանությունների կողմից դեռ 2010թ. կեսերին առանց ընդդիմության ներգրավման ձեւավորված աշխատանքային խմբի մշակած` Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծը մենք գնահատում ենք ոչ թե գործող Ընտրական օրենսգրքի բարեփոխում, այլ հասարակության ու քաղաքական ուժերի կողմից էլ ավելի անվերահսկելի եւ դրանով իսկ ընտրակեղծիքների ու այլ ընտրախախտումների ավելի լայն հնարավորություններ բացող առաջարկ:

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը ոչ թե գիտակցում է ազատ, օրինական ընտրությունների անցկացումը, իրապես հավասար մրցակցության  արդյունքում իշխանության ձեւավորումը, այլ ընդամենն իրականացնում է 2008թ.-ից ի վեր ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւերում առկա պահանջների կատարման հերթական իմիտացիան:

«Ժառանգությունը» դեռ 2008թ. հունիսի 23-ին, ապաեւ 2009թ. հունիսի 24-ին արտահերթության կարգով ԱԺ օրակարգ էր մտցրել Ընտրական օրենսգրքում 55 փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որոնք, ցավոք, մերժվեցին ԱԺ իշխանական մեծամասնության կողմից: Այժմ մենք մշակել ենք Ընտրական օրենսգրքի (նոր խմբագրությամբ) նախագիծ, որում ներառվել են քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկները: Գտնում ենք, որ այս նախագիծը մեկնակետ է ընդդիմության համար ընտրական բարեփոխումների հարցում միասնաբար հանդես գալու եւ փորձելու հասնել Ընտրական օրենսգրքի իրական բարելավմանը, ընտրական գործընթացի հանդեպ քաղաքացիական հասարակության վերահսկողության եւ ժողովրդի վստահության ձեւավորմանը:

Կոչ ենք անում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կարեւորում են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովող օրենսգրքի ընդունումը, ձեռնամուխ լինել այլընտրանքային միասնական նախագծի շուրջ համաձայնության հասնելուն ուղղված քննարկումներին: «Ժառանգությունը» նախաձեռնում է  խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ` այլընտրանքային միասնական նախագծի ձեւավորման նպատակով, որոնց արդյունքներով կկազմակերպի Ընտրական օրենսգրքի ընդդիմության միասնական այլընտրանքային նախագծին նվիրված համաժողով»:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply