Ընդհանուր դիմորդների մոտ 90 տոկոսն ընդունվեց բուհ. կիրականացվի միասնական քննությունների վերլուծություն

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 5, 2009 13:15
picture-005

Անցողիկ միավորների փակցման օրն այսպիսի իրարանցում էր ԵՊՀ-ի բակում

Այս տարի գրեթե բոլոր շրջանավարտները, ովքեր դրական միավորներ էին ստացել, ընդունվեցին բուհ: Կենտրոնացված կարգով բուհեր դիմած ավելի քան 13.500 դիմորդներից ուսանող դարձան 12.000-ը։

ԵՊՀ-ում «ամենապրիստիժնի» համարվող իրավագիտության ֆակուլտետում 21 անվճար տեղի ուսուցման համար անհրաժեշտ է եղել հավաքել 59.1 միավոր, իսկ վճարովի ուսուցման համար`53.4:

Հայոց լեզվի և գրականության այս տարվա միասնական քննություններում ցածր գնահատականներով «ջարդ» գնաց. 12 196 դիմորդներից 1 193-ն անբավարար ստացավ, միջին գնահատականը 11,4 բալն էր: Միայն 20 դիմորդ կարողացավ առավելագույն 20 բալ ստանալ, այսինքն` Հայաստանում հայերենի քննություն հանձնողների ընդամենը 0,16 տոկոսը:

2008-ին միասնական քննություններում դիմորդների միջին միավորներն ավելի բարձր էին` 12-14, իրավաբանականում 54-ն անցել է անվճար, իսկ վճարովի` 53-ը:

Մյուս «պրիստիժնի» համարվող ֆակուլտետում` միջազգային հարաբերություններում, անվճարի համար անցողիկ միավորը 58.4 է եղել, վճարովին` 54.1: 2008-ին այս ֆակուլտետի համար միավորները համապատասխանաբար կազմել է 54 և 51:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս նշեց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես մրցակցությունը ծավալվել է հենց հեղինակություն վայելող մի քանի մասնագիտությունների` միջազգային հարաբերություններ, իրավագիտություն բաժինների միջև: Մրցակցությունը թեժ է եղել նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

Բուժական գործ ֆակուլտետում այս տարի անվճար ուսման համար անցողիկ միավորը (2 քննությամբ) կազմել է 34.3, իսկ վճարովիի համար`29.8, առանց տարկետման իրավունքի`16.3: Ստոմատոլոգիայի ֆակուլտետի անցողիկ միավորներն ավելի բարձր են` անվճարը` 37.1, վճարովին`31, առանց տարկետմանը`16.8:

2 քննությամբ հավաքելով 17.3 միավոր` հնարավոր է եղել առանց տարեկետման իրավունքի ընդունվել ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետ, իսկ ռոմանագերմանական ֆակուլտետում անցողիկ միավորներն անցած տարվա համեմատ ցածր են. առանց տարեկետման իրավունքի համար` սկսած 35 միավորից:

Համեմատաբար ցածր միավորներով` 3 ութով, դիմորդներն ընդունվել են Ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետներ:

Դիմորդների մեծամասնությանը որևէ բուհում տեղավորելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ 2011 թ. դպրոցները շրջանավարտ չեն ունենալու, քանի որ միջնակարգ կրթությունը դարձել է 11-ամյա. «Բուհերը կհայտնվեն ծանր վիճակում։ Առավել շատ դիմորդների ընդունվելու հնարավորություն տալով՝ փորձում ենք այնպիսի հարցեր լուծել, որ դասախոսների կրճատում, աշխատավարձերի ֆոնդերի պակասեցում և այլ հարցեր չլինեն»,-ասել է ԿԳ նախարարը։

picture-002ԿԳՆ-ի`բուհերի վճարովի և անվճար տեղերի վերաբաշխմամբ 20–ական տեղ հատկացվեց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ և Իրավագիտություն ֆակուլտետներում։ 80 տեղ էլ ավելացվեց տնտեսագիտական թևի գրեթե բոլոր մասնագիտությունների վճարովի համակարգում, առանց տարկետման իրավունքի տեղերին հատկացվեց ևս 400 տեղ։ Լրացուցիչ տեղեր հատկացվեցին բնագիտական ճշգրիտ գիտություններին, 75 տեղ` արվեստի բուհերին (Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Գեղարվեստի պետական ակադեմիա)։

80 անվճար տեղ ավելացրին Երևանի տարբեր բուհերի՝ մարզերում գործող մասնաճյուղերի ֆակուլտետներում. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերաբաշխման արդյունքում պետպատվերի տեղերն ավելացել են 14, իսկ Գյումրիի մանկավարժական համալսարանում՝ 18 տեղով։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում անվճար տեղերն ավելացան 12-ով, Կապանի մասնաճյուղում՝ 15-ով։

Ըստ նախարար Աշոտյանի`այս քայլով հաշվի են առել մարզերի զարգացման պետական քաղաքականությունը. «Այսպիսով մենք հնարավորություն ենք տալիս մարզերի դիմորդներին մնալ ու կրթություն ստանալ ծննդավայրում, ինչպես նաև միաժամանակ թուլացնում ենք սոցիալական լարվածությունը, քանի որ մարզերում ուսանողները լուրջ դժվարություն են ունենում ուսման վարձավճարների հարցում»:

Վերաբաշխման պատճառներից մեկն էլ այս տարի մեկ տասնյակից ավել մասնավոր բուհերի գործունեության դադարեցումն էր. 2009թ. մարտի 2-ին ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա Հայաստանի 11 մասնավոր բուհերի գործունեության պետական լիցենզիայի գործողությունը կասեցնելու վերաբերյալ հրաման ստորագրեց:

Վերաբաշխումների շնորհիվ, ըստ Աշոտյանի,«կրթության հնարավորություն ենք կարողանում ապահովել դրական միավորներ ստացած շատ դիմորդների համար, որը լուծում է կրթության հասանելիության, մատչելիության հարցը»: Նախարարը հավաստիացնում է միաժամանակ, որ վատ առաջադիմություն ունեցող ուսանողներն այդուհանդերձ դուրս են մնալու ուսումնական գործընթացից.«այսկերպ բուհերում կսովորեն այն ուսանողները, ովքեր իրականում ցանկանում են կրթություն ստանալ»,-ասում է նա:

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի խնայողությունների հաշվին կիրականացվի միասնական քննությունների վերլուծություն, որի հիման վրա համակարգի պատասխանատուները կպատրաստվեն նոր քննաշրջանի։

Դիտվել է 4369 անգամ:
Print Friendly

Leave a Reply