Փարիզում` երկու արծաթ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | փետրվարի 8, 2011 13:04
Փարիզում ավարտված ձյուդոյի «Մեծ սաղավարտի» խաղարկության հերթական մրցափուլում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսն արժանացան մեդալների: Առավել հաջող հանդես եկան Հովհաննես Դավթյանը և Արմեն Նազարյանը, ովքեր, պարտություններ կրելով միայն եզրափակչում, կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:
60կգ քաշային կարգում 2009-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Դավթյանը 60 կգ քաշայինների վճռական գոտեմարտում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Սաբիրովին: Իսկ 66 կգ քաշային, Եվրոպայի 2005-ի չեմպիոն Արմեն Նազարյանը զիջեց ճապոնացի Մարուշիտային: Նույնպես 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանը հասավ մինչև 1/8-րդ եզրափակիչ, իսկ 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանն անհաջողության մատնվեց 1/16 եզրափակչում: Թիմային հաշվարկով մեր ձյուդոյիստները գրավեցին 8-րդ տեղը: Մրցաշարի ավարտից անմիջապես հետո մեր երկրի ներկայացուցիչները մեկնեցին Բուդապեշտ, որտեղ Հունգարիայի ընտրանու հետ համատեղ մարզումներ կանցկացնեն: Իսկ փետրվարի 12-13-ը նրանք կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Ի դեպ, Երևանից Բուդապեշտ կմեկնեն և հավաքականին կմիանան մեր ևս երկու ձյուդոյիստներ` 73 կգ քաշային Ռոբերտ Վարդանյանը ու 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը:





Facebook
Tweet This