Մարդ, որ կանխազգում է երկրաշարժը
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | February 8, 2011 11:12
«Ընդամենը ուզում եմ, որ ինձ լուրջ ընդունեն ու գործելու հնարավորություն տան, որպեսզի կարողանամ օգնել մարդկանց»,- ասում է Մարտունու բնակիչ 49-ամյա Արծրուն Հոխանյանը, որ վստահեցնում է, թե կարող է կանխազգալ երկրաշարժը, դրա մոտավոր տեղը, ժամը և վայրը: Արծրունն արդեն երկրաշարժը կանխազգալու 22-ամյա փորձ ունի:
Նա պատմում է, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Հայաստանում հաճախակի էին դարձել ստորգետնյա ցնցումները, իր մեջ բացահայտել է երկրաշարժը զգալու կարողությունը. «Անընդհատ տարօրինակ զգացողություն էի ունենում: Հետո ուշադրություն դարձրեցի, որ տարօրինակ զգացողության օրերին լուրերով հաղորդում են գրանցված երկրաշարժի մասին»:
Արծրունը պատմում է, որ աստիճանաբար է յուրացրել իր ունակությունը. ինչպես երեխան է մեծանալու հետ հասկանում, որ ամպամածությանը հաջորդում է անձրևը, այնպես էլ նա է տիրապետել իր կարողությանը:
Թե ինչպես է կարողանում զգալ երկրաշարժը, Արծրունը խոսքով բացատրել չի կարողանում. «Ինչպե՞ս է, որ մենք, դրսում գտնվելով, զգում ենք, որ կարող է անձրև գալ կամ քամի լինել, որ արևոտ օր է սպասվում: Նույն կերպ էլ ես երկրաշարժն եմ զգում: Իմ ներքին ձայնն ինձ հուշում է, ուղղորդում»:
Երկրաշարժը զգալու համար Արծրունը պետք է անպայման դրսում լինի, բնության հետ հաղորդակցվի: «Զգացողությունն ունենում եմ, բայց որպեսզի որոշեմ, թե որտեղ և երբ է լինելու երկրաշարժը, ժամանակ և աշխատանք է հարկավոր,- ասում է նա հավելելով, որ դա երկարատև գործընթաց է, իսկ բանվորությամբ ընտանիք պահող մարդը չի կարող զուր ժամանակ վատնել ու ճշտել, թե որտեղ է լինելու ցնցումը,- միևնույն է, արդյունք չի տա»:
Պատմում է, որ 1990-ականների սկզբին հայ սեյսմոլոգների ուշադրության կենտրոնում է եղել, համագործակցել է նաև ռուս սեյսմոլոգների հետ: «Նրանց որոշ ժամանակ տվյալներ էի տալիս, ստուգում էին: Համագործակցում էինք, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը»,- ասում է Արծրունը և ավելացնում, որ ԽՍՀՄ-ի փլուզումով իր կարողությունները, որ մինչ այդ հետաքրքրում էին հայ և ռուս գիտնականներին, անուշադրության մատնվեցին:
Իսկ առոօրյա աշխատանքը Արծրունին ազատ ժամանակ չի թողնում, որպեսզի զբաղվի իր կարողությունների կատարելագործմամբ: Նրա մյուս խնդիրն էլ այն է, որ դպրոցում լավ չի սովորել, ուստի ցնցումների տեղը և ուժգնությունը որոշելիս հաճախ դժվարություններ է ունենում: Որքան մոտ է տարածքը, այնքան ավելի շուտ և հստակ է զգում, օրինակ` Մարտունիում սպասվող ցնցումները 15 օր առաջ կարող է զգալ, Երևանից հեռու տարածքներում` 1 շաբաթ առաջ, ավելի հեռու վայրերում` 2-3 օր առաջ: «Երբեմն, երբ տանիք եմ բարձրանում ու ժամերով աշխատում, Հայաստանի երկրաշարժերը անգամ ժամերով կարող եմ ասել,- ասում է Արծրունը:- Ցավս այն է, որ ես գիտեմ ու լռում եմ, մինչդեռ քանի-քանի մարդիկ կարող են փրկվել, եթե նախապես իմանան արհավիրքի մասին»:
Անգամ գերժամանակակից տեխնոլոգիաներով սեյմսոլոգները վայրկյաններ կամ րոպեներ առաջ են զգում ցնցումները, իսկ Արծրունը, իր հավաստմամբ, նախապես է զգում ու մտահոգ է. «Ինչո՞ւ իմ ունակությունը չեն ուզում օգտագործել հօգուտ մարդկության»:
Արծրունը պատմում է, որ զգում է աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող 5 մագնիտուդից բարձր ուժգնություն ունեցող երկրաշարժերը: Այսպես, նա պատմում է, որ կանխազգացել է 2004-ի դեկտեմբերին Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի ունեցած օվկիանոսյան հզոր երկրաշարժը և հաջորդող ցունամին: «Գնացի այն ժամանակվա Մարտունու քաղաքապետի մոտ, պատմեցի, թե ինչ եմ կանխազգում,- պատմում է նա:- Հետո ամանորի նախաշեմին, երբ աղետը տեղի ունեցավ, նորից այցելեցի քաղաքապետին: Նա խոստացավ, որ հանրապետության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ կպատմի իմ մասին: Հետագա ընթացքից այլևս տեղյակ չեմ»:
Պատմում է, որ նամակներ է ուղարկել ճապոնական, ռուսական և ամերիկյան սեյսոմոլգիական ընկերություններին, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Իր ունակությունների վրա ուշադրություն հրավիրելու ամեն մի ձախողված փորձից հետո Արծրունը 1-2 տարի հիասթափվում է, ուշադրություն չի դարձնում իր զգացողություններին, սակայն, ի վերջո, նորից է կենտրոնանում ու սկսում աշխատել. Գուցե այս անգամ իր կանխազգացումով կարողանա գոնե մի քանի մարդու օգտակար լինել:
Որպես ապացույց իր կարողությունների` Արծրունը հունվարի 23-ին «Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ հաջորդող երեք օրերի ընթացքում 6-7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում Չինաստանից դեպի արևմուտք և իրանական սարահարթից դեպի արևելք ընկած տարածքում: Հունվարի 24-ին, ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդմամբ, Տաջիկստանում` Չինաստանի հետ սահմանից 106 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:






Facebook
Tweet This
Email This Post
