Հայ դատի նվիրյալները պետք է պարգևատրվեն. նոր մեդալի ստեղծման քննարկում Հանրային Խորհրդում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | Անի Գասպարյան | February 7, 2011 21:19
Չզարմանաք, եթե օրերից մի օր թուրք գրող, հրապարակախոս Օրհամ Փամուկն արժանանա Սողոմոն Թեհլերյանի անվան մեդալի: Այդպիսի մեդալ հիմնելու առաջարկ հանրային խորհրդին է ներկայացրել «Վան-Վասպուրական» հասարակական կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը:
«Թուրքիայի կառավարությունը մտադիր է հիմնելու հպարտության մեդալ և այդ մեդալով պարգևատրելու այն ոճրագործների հարազատներին, որոնք իրականացրել են Հայոց ցեղասպանությունը,-ասաց Հովնանյանը,-իսկ մենք այս մեդալը հիմնելով` կպարգևատրենք մեր հերոսներին»:
ՀԽ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի այսօրվա նիստի քննարկման հարցն այդ մեդալի հիմնումն էր:
«Հանուն արդարության-Նեմեսիս» կառավարական մեդալ. այս նախնական անվանումով է Հովնանյանը ներկայացրել իր առաջարկը: Նիստի ընթացքում քննարկվեց ոչ միայն անվանման, այլ դրանով պարգևատրվողների հարցը:
Որոշում կայացվեց, որ հարցի դրական լուծման դեպքում նշված մեդալով առաջին հերթին հետմահու պետք է պարգևատրվի հայ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը, ապա նաև «Նեմեսիս» արդարահատույց գործողության բոլոր հայտնի մասնակիցները:
Հետմահու պարգևատրվող անձանց շրջանակը կսահմանափակվի միայն «Նեմեսիսի» հերոսներով, սակայն մեդալով կպարգևատրվեն նաև ժամանակակիցներ` բոլոր այն անձիք, ովքեր Հայ դատին մեծ ծառայություններ են մատուցել` անկախ քաղաքացիությունից և ազգային պատկանելությունից:
Մեդալի անվանման, տեսքի և կանոնադրության վերաբերյալ քննարկումները դեռևս կշարունակվեն, հաշվի կառնվեն ինչպես նախաձեռնության հեղինակի` Ռոմիկ Հովնանյանի, այնպես էլ այլ անձանց առաջարկներն ու նկատառումները:
Ինչպես նշեց ենթահանձնաժողովի անդամներից մեկը` սա նաև առիթ կլինի, որպեսզի Սողոմոն Թեհլերյանի և «Նեմեսիսի» մյուս մասնակիցների անգնահատելի գործը ներկայացվի երիտասարդ սերնդին` դպրոցականներին, ուսանողներին:
Ենթահանձնաժողովի անդամ, պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը նշեց, որ սա շատ կարևոր է հատկապես Հայ դատի շրջանակներում.
«Մենք ունենք գերատեսչական մեդալներ. Խորենացին`մշակույթի բնագավառում, Շիրակացին` գիտության և այլն,-ասաց նա,-բայց կոնկրետ Հայ դատի բնագավառում, որ լազերային փունջն ընկնի հենց այդ գաղափարի վրա, չունենք: Սա նաև Հայ դատը քարոզելու հիանալի ձև է»:
Ըստ Թադևոսյանի, այդ մեդալի հավակնորդ կարող են լինել, օրինակ, Քերոլայն Քոքսը, Ջորջ Ռադանովիչը և այլք:
Առայժմ քննարկման փուլում է նաև մեդալի արտաքին տեսքը. նախաձեռնության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը Մայր Հայաստանի պատկերով էր, սակայն առաջարկ եղավ նաև մեդալի վրա պատկերել Սողոմոն Թեհլերյանին: Տարբեր առաջարկներ եղան նաև անվանման վերաբերյալ. օրիանկ, առաջարկվեց մեդալն անվանել ոչ թե «Հանուն արդարության», այլ «Սողոմոն Թեհլերյանի անվան»:
Ենթահանձնաժողովի անդամների կարծիքով, այդ մեդալի հիմնումը կնպաստի հայ ժողովրդի պատմական հիշողության վերականգնմանը, նրա հայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությանը կբևեռի ժողովուրդների դեմ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերի ուժեղացմանը:
Հայ դատի երախտավորներին մեդալով պարգևատրելու առաջարկը նախ կներկայացվի Հանրային խորհրդի նախագահին, որի կողմից հաստատվելու դեպքում` նաև կառավարությանը:






Facebook
Tweet This
Email This Post
