Վայիս. մայիսն անցնում է, բայց ճգնաժամը թույլ չի տալիս ճոխ հարսանիքներ անել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ | | May 30, 2009 9:37
img_5006-1

Էլիզան ու Մհերը երջանկացել են մայիսին

«Մայիս-վայիս»` ինչո՞ւ: Մայիսին հարսանիք չանողները պատասխան չունեն ու մենակ պատմում են դեպքեր, երբ մայիսին ամուսնացած զույգերը երջանկություն չեն գտել:
«Ընկերուհիս շատ սիրուն աղջիկ էր, բոլորը երանի էին տալիս այն մարդուն, ով նրա սրտի տերը կդառնա,- ասում է 68-ամյա Սեդա տատն ամեն անգամ, երբ խոսք է լինում մայիսին արված հարսանիքների մասին,-բայց էս ընկերուհիս շատ անհավատ էր ու մայիսին փախավ իր սիրած տղայի հետ: Խեղճը ողջ կյանքում դժբախտ եղավ, օր ու արև չտեսավ»:
26-ամյա Լուիզա Հայրապետյանն ասում է որ ինքը երբևէ չի հավատացել մայիս-վայիսին, նույնիսկ որոշել էր մայիսին ամուսնանալ, սակայն վճռորոշ պահին վախեցել է. «Երբ ասացի, որ հարսանիքս մայիսին եմ անելու, շրջապատումս ինձ բոլորն այնպես էին նայում, կարծես դատապարտված եմ,-ասում է նա,- հարազատներս էլ խնդրում էին` բախտիս հետ խաղ չանեմ: Ի վերջո տեղի տվեցի»:
Իսկ Էլիզա Մանուկյանն ու Մհեր Գասպարյանն իրենց «փորձության» ենթարկեցին, 2 տարի առաջ մայիսին ամուսնացան ու դեռ երջանիկ են: Ասում են, որ մայիսը հարսանիքի համար ամենահարմար ամիսն է, քանի որ բոլոր եկեղեցիները, ռեստորանները, հարսանյաց սրահներն ազատ են, և նախապես ժամ պայմանավորվելու կարիք չկա. «Մարդը միայն իր խելքից կարող է դժբախտանալ, մայիսն ի՞նչ կապ ունի»,-ասում է Էլզան:
«Մայիս-վայիս» հավատալիքին դեմ է Հայ առաքելական եկեղեցին և պայքարում է այդ սնահավատության դեմ: «Հնում մայիսին հայ գյուղացու մառանը դատարկվում էր` վերջանում էին չորացրած մրգերն ու հատիկավոր բանջարեղենը, դատարկվում էին գինու և ղավուրմայի ամանները,- ասում է Սուրբ Հովհան եկեղեցու քահանա Տիայր Սահրատյանը,- բնության բարիքներն էլ դեռ չկային: Ուստի մայիսին հարսանիքներ անելուց խուսափում էին»:
Նա այս հավատալիքը կապում է նաև ռուսական ազդեցության հետ. «1828-ից հետո մեծ էր ռուսական ազդեցությունը: Ռուսական «В мае будем маится» արտահայտությունն ազդել է այս սնահավատության ձևավորման վրա»,- ասում է Տեր Տիայրը, ով մայիսին է ամուսնացել, որ ապացուցի, թե սնահավատությունն անհիմն է:
Այս տարվա մայիսին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եղել է ընդամենը 2 պսակադրություն, ապրիլին` 14, Սբ. Զորավորում` մեկ, ապրիլին` 22, Սբ. Հովհանում ` երեք, ապրիլին` 30:
Սակայն ԶԱԳՍՈՒՄ (ՔԿԱԳ) մայիսին զույգերը չեն խուսափում ամուսնություն գրանցել. 2008-ի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 1508, մայիսին` 1191, իսկ հունիսին` 1316 ամուսնություն (այս տարվա տվյալները դեռ չկան):
Գրանցվում են, սակայն հարսանիք չեն անում: «Սպիտակ շուշան» հարսանյաց սրահի տնօրեն Սուրեն Սիմոնյանն ասում է, որ թեև մայիսին հարսանիքներ չեն ունենում, բայց, սովորաբար, մայիսի կեսից պատվերներ են ունենում հունիսի և անգամ հուլիսի համար, սակայն այս տարի դեռ ամռան ամիսների համար պատվերներ չեն ստացել: Իսկ անցած տարվա համեմատ այս տարի հարսանեկան պատվերների քանակը նրա սրահում նվազել է 50 տոկոսով, որ պայմանավորված է ճգնաժամով: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ պսակներն անցյալ տարվա համեմատ երկու անգամ քչացել են (անցած ապրիլին այստեղ եղել է 31 պսակ):
Հաճախորդներ գրավելու համար հարսանյաց սրահները զեղչեր են անում: «Ստերա» հարսանյաց սրահը 50 տոկոս զեղչ է հայտարարել և հաճախորդներին նվերներ է անում. «Զույգերը, որպես կանոն, զգեստի վրա չեն խնայում, բայց այլևս չափազանցված ճոխության չեն ձգտում»,- ասում է սրահի մենեջեր-վաճառողուհի Սյուզի Սուքիասյանը:
Հարսանեկան զգեստի գները տատանվում են 70 հազարի ու 400 հազարի միջև: Հարսանեկան խնջույքի պարտադիր մաս կազմող աքսեսուարների գները սկսվում են 3000 դրամից, մեքենայի վարձույթը` 40 հազարից 60 հազար դրամ, ֆոտո ու տեսանկարահանումները` 80000 դրամ, սրահի ձևավորումը` 40 հազարից 150 հազար դրամ, թամադան` 80000 դրամ: Հարսն իր տեսքի համար պետք է ծախսի նվազագույնը 4000 դրամ վարսահարդարման, 10000 դրամ մատնահարդարման և 8000 դրամ դիմահարդարման համար:

Դիտվել է 2466 անգամ:
Print Friendly

Leave a Reply