Եգիպտոսը և պատեհապաշտների անճարակությունը…

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 7, 2011 11:05

Դեպքերի ու իրադարձությունների հետևից ընկնելով՝ այլևս ո՛չ հնարավոր է սեփական խոցված վարկն ապահովել, և ո՛չ էլ առավել ևս՝ կացությունը վերահսկել կամ տնօրինել… Այս իրավիճակում է հայտնվել քիչ-շատ ԱՄՆ դեմոկրատական վարչախումբը, երբ թունիսյան դեպքերից դաս չառնելով՝ այժմ եգիպտոսյան կացությանը վերահսկելու համար մատնվել է անճարակության: Հարցը հասել է նրան, որ ԱՄՆ-ի “հորդորներին” ո՛չ “բարեկամ” Մուբարաքն է ընդառաջ գնում, և ո՛չ էլ հատկապես նրանից երես թեքած եգիպտական ողջ հանրությունը… Արդյունքում ԱՄՆ-ին մնում է “ժողովրդավարական դասերի” աջ ու ահյակ շռայլումը մեկ Հուսնի Մուբարաքին, մեկ նրան ընդդիմացողներին:
Ինչպես նմանատիպ դեպքերում, եգիպտական ներքաղաքական ալեկոծումների թոհուբոհում ևս օրինաչափորեն անպակաս է մակընթաց ալիքների վրա հայտնվող պատեհապաշտների թիվը… Այս վերջինների շարքում, սակայն, զավեշտալի կարգավիճակի մեջ են հայտնվել Թուրքիայի իշխանավորները, որոնք էլ ժողովրդական զարթոնքից բխող դեպքերի կուրսից հետ չմնալու համար մեկ կողմից թութակի պես կրկնում են ԱՄՆ-ական “դեղատոմսը”, այն է՝ “Մուբարաքը պետք է օր առաջ հեռանա իշխանությունից”, և մյուս կողմից՝ “Իսլամական աշխարհի առաջնորդողի” սեփական պատրանք-բարդույթին հագուրդ տալու համար կրկնակի անամոթությամբ հանդես են գալիս եգիպտական քաղաքակրթական հնոցի ժառանգներին (ժողովրդին) առաջադիմական-զարգացման ցուցմունքներ տալ…
Ահավասիկ, Աֆրիկա ցամաքամասի “արաբական հատվածի” թեկուզ “հացի խնդիր”-ով թունիսյան Բու ազիզների ինքնահրկիզումը կամ Եգիպտոսի մուբարաքական երեսնամյա իշխանախմբից կշտացած ու ձերբազատվել փորձող ժողովրդական ցասումները, ի հեճուկս վերոնշյալների, չեն նսեմանալու, չեն արժեզրկվելու և մանավանդ մեծապետական պատեհապաշտների սադրանքներով ու դավերով չեն նահանջելու բնականոն հունից ու այլևս հասարակա-քաղաքական բնաշրջական ընթացք ընդունած հոլովույթից…
Նսեմացողը, արժեզրկվողը և նահանջողը վայրի լիբերալիզմի, կոսմոպոլիտ ու բարոյազուրկ փողի ու դրամագլխի և նույն “արժեքներով” առաջնորդվող տնտեսական-քաղաքական ճգնաժամերի հեղինակ համաշխարհային բևեռներն ու սրանց տարածաշրջանային արբանյակներն են, որոնք մշտապես խանգարել ու խոչընդոտել են մարդկության ու աշխարհի անդորրը՝ դրանից բխող կանխատեսելի թե անկանխատեսելի բոլոր հետևանքներով…
ՙԱԼԻՔ՚ օրաթերթի
գլխավոր խմբագիր
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply