Համակարգի պահպանման գերխնդիրը և Մուբարաքի շախմատի վերջին պարտիան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 7, 2011 14:32

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավորների հեռացումը պետական կառավարման համակարգից` իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության ղեկավարության հրաժարականները, Մուբարաքի “շախմատի վերջին պարտիայի” քայլերից են: Դրանց սկիզբը, կարելի է ասել, դրվեց դեռևս փետրվարի 4-ին ABC News-ի հետ Մուբարաքի հարցազրույցով, երբ Մուբարաքը հավաստիացրեց, որ երբեք մտադրություն չի ունեցել իշխանությունը փոխանցելու իր որդուն` Գամալին:

Եգիպտոսում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ակնհայտ է, որ “թագավորը մերկ է”, և ով հասնում, ասում է, որ “թագավորը մերկ է”: Ով շատ ասի և լավ ասի, նրա քաղաքական դիվիդենտները կշատանան:

Այսինքն` ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել 1981-ից Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջի մասով. նա հիվանդ է ու ծեր (82-ամյա) և իշխանությունը շարունակելու նրա հնարավորությունն ուղղակի նվազագույն է:

Եվ հանկարծ ոմանք սկսեցին օգտագործել գոյություն չունեցող հիմնախնդիրը` դարձնելով այն իրական հիմնախնդիր, որպեսզի այդպիսով քաղաքական դիվիդենտներ շահեն ու իշխանության հարցը կանխավ լուծեն: Այսինքն` հեղափոխության հեղինակների նպատակը ոչ թե Մուբարաքի հրաժարականն է, այլ համակարգի փոփոխությունը:

Մուբարաքի խնդիրն է չեզոքացնել այդ սարքած հիմնախնդիրը (նա, այսպես թե այնպես, չէր կարողանալու շարունակել իշխանությունը կամ առնվազն չէր առաջադրի իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում), իսկ գերխնդիրն ամեն գնով վարչակարգի` համակարգի պահպանումն է. հոգ չէ, որ կհեռանա որպես “թագուհու զոհաբերություն”:

Այս առումով Եգիպտոսի քաղաքական իրավիճակը հիշեցնում է շախմատային այն իրավիճակը, երբ թագավորին բոլոր կողմերից “շախ” են հայտարարում: Վերջինիս թերևս մնում է նավակներին ու նույնիսկ թագուհուն զոհաբերել, որպեսզի առժամանակ պահպանի թագավորի գոյությունը: Վերջին հրաժարականները դրա ապացույցն են:

Թագավորի գոյության “առժամանակը” մինչև օգոստոսի վերջն է. հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ, ինչպես Արամ Աբրահամյանն է վերջերս իր խմբագրականում շատ դիպուկ նշել, ընտրություններում հաղթում է նա, ով կազմակերպում է դրանք: Նախագահական ընտրությունները Եգիպտոսում նախատեսված են սեպտեմբերին:

Հատուկ հաղորդում STRATFOR-ից. եգիպտական ճգնաժամի արբանյակային պատկերը.

Վարչակարգի պահպանմամբ շահագրգռված են հատկապես եվրոատլանտյան ուժերը և Իսրայելը, որոնք իրապես մտահոգված են արմատական իսլամականների` “Իսլամական եղբայրության” կողմից իշխանությունը վերցնելու վտանգով:

Վարչակարգի պահպանման համար Մուբարաքին անհրաժեշտ է նոր թիմ նախապատրաստել, ով “արտաքնապես” իրեն այլընտրանք կլինի, բայց կա՛մ համակարգի անդամ, կա՛մ գոնե համակարգի անկեղծ համակիր:

Այս խաղում Մուբարաքը չի ձգտում լավագույն սցենարի, այլ`բավարար արդյունքի: Վարչակարգի պահպանման լավագույն տարբերակը որդու` Գամալի իշխանության գալն էր ու դրանով իշխանության փոխակերպումը, ինչի իրականացման հնարավորությունը հօդս ցնդեց, և դա տեղի ունեցավ ոչ երեկ, երբ Գամալը կուսակցության գործկոմի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց: Որդու իշխանության բերելու պլանները պետք է իրականացվեին առնվազն 1-2 տարի առաջ, երբ իրադրությունը համեմատաբար նպաստավոր էր. երեկվա հրաժարականը միայն սրբագրեց փաստը:

Մուբարաքի համար բավարար արդյունք կլիներ կա՛մ Հետախուզության նախկին ղեկավար և Մուբարաքի կողմից վերջերս փոխնախագահ նշանակված Օմար Սուլեյմանի, կա՛մ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի նախագահ ընտրվելը, ով շուրջ 10 տարի (1991-2001թթ.) Մուբարաքի աջ թևն էր` լինելով  երկրի արտգործնախարարը:

Եգիպտա-ամերիկյան գիտնական և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ահմեդ Զիվեյլի թեկնածության շանսերը նվազագույն են:

Թե՛ Սուլեյմանը և թե՛ Մուսան, թեև դիտարկվում են Մուբարաքին այլընտրանք, անկասկած, իշխանության գալով, կպահպանեն Մուբարաքի գլխավորած համակարգը:

Թվում է, թե Մուբարաքի` վարչակարգի պահպանման շանսերը նվազագույն են, բայց ընդդիմության հատվածականությունն ու լիդերության համար մղվող մրցակցությունը նշված երկու թեկնածուների ուղղությամբ ազատ քայլերի հնարավորություն են տալիս Մուբարաքին:

“Իսլամական եղբայրության” շանսերն ինչքան մեծ են, այնքան էլ փոքր. Այսինքն` թեև Եգիպտոսի բնակչության մեծ մասը չի համակրում արմատական իսլամին (ինչը, մեր կարծիքով, տարիներ շարունակ ԱՄՆ-ի “կոկա-կոլայի” ու “ջինսի” արժեքային համակարգի ներդրման արդյունքն է), այնուամենայնիվ, հեղափոխության ալիքը կարող է փոխել հասարակության մշակույթը, որովհետև հեղափոխական ալիքն արագընթաց է, հարափոփոխ և անկառավարելի, առավել ևս` Եգիպտոսում, երբ դեռևս դրա վերահսկողության գործառույթը ոչ մի ուժ չի կարողացել ստանձնել:

Բնակչության մի զգալի մասի համակրանքը վայելող Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյը, ով իսլամիստների համեմատությամբ կարող էր լավ այլընտրանք լինել Արևմուտքի համար, ինչպես շատ փորձագետներ են նշում, չունի համապատասխան քաղաքական ռեսուրսներ իշխանությունն իր շուրջը  համախմբելու համար:

Էլ-Բարադեյի կերպարը նման է Հայաստանի Վազգեն Մանուկյանին 1996 թ., երբ կար ժողովրդի ակնհայտ համակրանքը, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա շրջապատի` ավտորիտար վարչակարգը պահպանելու ձգտումն ավելի զորեղ էր, քան ժողովրդի կամքը:

Միգուցե Էլ-Բարադեյը կրկնի Մանուկյանի օրինակն ու ներքաղաքական անկարգ քաոսից ու արյունից խուսափելու նպատակով չգնա մինչև վերջ. համենայն դեպս, ներկայումս այդպիսի միտում կա:

Սակայն, ինչպես նշեցի, հեղափոխության համատեքստում կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է դրա արագության, հարաբերականության ու անկառավարելիության պատճառով: Ելնելով իսլամիստների հնարավոր իշխանության գալու հարուցելիք իրական սպառնալիքներից, հատկապես այն սպառնալիքից, որ հեղափոխության “իսլամական գույնը” դոմինոյի էֆեկտով կարող է վարակել արաբա-իսլամական երկրները, հնարավոր է` Արևմուտքը Էլ-Բարադեյին ապահովի քաղաքական և այլ ռեսուրսներով` փորձելով ապահովագրել ոչ իսլամական վարչակարգի պահպանումը:

Նշված դոմինոյի էֆեկտն է թերևս փորձում խթանել Մերձավոր Արևելքում հզոր գործոն հանդիսացող Թուրքիան, որ արտաքին քաղաքականության ավանդական լարախաղացությամբ խփում է և՛ արևմտյան ինտեգրացիայի նալին, և՛ արաբա-իսլամական ինտեգրացիայի մեխին: Թուրքիայի նախագահն ու վարչապետը կոչ արեցին` պահանջելով Մուբարաքի հրաժարականը, որպեսզի կանխվի Եգիպտոսում արյունալի դեպքերի ընթացքը, ինչին շատ կտրուկ արձագանքեց Եգիպտոսի կառավարությունը` քննադատելով Թուրքիայի` Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու փորձը. “Թող ամեն երկիր զբաղվի իր գործերով”,- ասված էր հաղորդագրության մեջ:

Չի բացառվում, որ Թուրքիայի “միջամտությունը” նաև կապված է Թուրքիայում այս տարվա հունիսին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ստիպում է իշխող վարչակարգին ավելի ու ավելի ազգայնականացնել սեփական կերպարը թուրք հանրության աչքում:

Ինչպես սպասվում էր, ավելի կոշտ ”մեսիջ” եկավ արմատական իսլամով ողողված Իրանից. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին եգիպտոսյան իրադարձությունները միանգամից զուգորդեց իսլամի հետ` նշելով, թե “իրադարձությունները Եգիպտոսում, Թունիսում և այլ մահմեդական երկրներում տեղի են ունենում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած իսլամական վերելքի շնորհիվ”:

Համենեին նաև չթաքցրեց սեփական աջակցությունը “Մուսուլման եղբայրներին”` դատապարտելով Մուբարաքին` որպես “Իսրայելի և Միացյալ Նահանգների սպասավորի” և սպառնալով, որ նրա հեռացումից հետո ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում կործանիչ պարտություն կկրի:

Քննադատելի է այն տեսակետը, թե Իսլամական Եգիպտոսի առաջացումը կհանգեցնի իսլամական աշխարհում Եգիպտոսի մենաշնորհին, ինչը կվնասի Իրանի շահերը, թեկուզ այն պարզ պատճառով, որ Իսլամական Եգիպտոսը լուրջ սպառնալիք կլինի ԱՄՆ-ի ու Իսրայելի համար, ինչն առաջին հերթին ձեռնտու է Իրանին:

Obama-MubarakԹեև իսլամական երկրները մրցակիցներ են, և օրինակ` սունիների ու շիաների հակասությունը, հնարավոր է, ավելի խորը լինի, քան քրիստոնյաների ու իսլամականների միջև, ամեն դեպքում իսլամը հիմա համախմբելու ներուժ ունի: Այս միտումի համար “լավ” հիմք կծառայեին Բուշի`իսլամական աշխարհի նկատմամբ վարած քաղաքականության թողած հետքերը Օբամայի վարած անարդյունավետ քաղաքականության պայմաններում:

Օբամայի նոր կուրսը ցույց է տալիս, որ “ելույթային քաղաքականությունն” այլևս ոչ ոքի, մեղմ ասած, չի բավարարում: Դիցուք` Օբամայի Կահիրեի ելույթը 2009 թ. հուլիսին, որը թվում էր, թե նոր շրջափուլ կազդարարի իսլամական աշխարհ-ԱՄՆ հարաբերություններում, բայց իրականում այն Օբամայի չհաջողված արտաքին քաղաքական կուրսի քայլերի շարքից էր, իսկ Օբամայի արտասանած “Assalaamu Alaykum”-ը չէր կարող մի վայրկյանում փոխել իսլամական աշխարհի վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ իսլամական Եգիպտոսի առաջացման դեպքում իսլամական երկրների շրջաններում կոնսոլիդացիայի յուրահատուկ միտում կարող է զարգանալ:

Եգիպտոսում արմատական իսլամիստների իշխանության գալը հետ կմղի իսլամական աշխարհ-Արևմուտք հարաբերությունները մինչև 1970-ականների վերջերը. 1978-ից էր (Քամփ Դեյվիդ խաղաղության արձանագրություններ), որ ԱՄՆ-ն սկսեց ամեն տեսակ օգնություն ցույց տալ Եգիպտոսին, և 1979 թ. էր, երբ Եգիպտոսը պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությունը` այդպիսով նոր որակ հաղորդելով համաշխարհային քաղաքականությանը:

Հնարավոր նոր իրադրությունը, բնականաբար, ավելի իրական կդարձնի Իսրայելի դեմ իսլամական պատերազմի սպառնալիքը, քանի որ տարածաշրջանում իսլամական երկրների` Իսրայելի ոչնչացման պլանները թույլ չտվող միակ “գործոն” հանդիսացող Եգիպտոսն այլևս չի լինի:

Այդ նոր իրականությունը նաև “անկանոն” կամ “չկարգավորված” կդարձնի ԱՄՆ-ի ու Արևմուտքի պայքարը Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների դեմ:

Ահա այս սպառնալիքներն են, որ միգուցե դրդեն Արևմուտքին ինքնակազմակերպվել և անհապաղ քայլեր ձեռնարկել Եգիպտոսում “Իսլամական եղբայրության”` ընդդիմության առաջնորդ  դառնալու հավակնությունները կանխելու ուղղությամբ: (Չի բացառվում, որ Եգիպտոսից Հորդանան ու Իսրայել գազ  մատակարարող գազամուղի պայթեցումը արևմտամետ շրջանների սադրանքն էր հենց այդ ջանքերի ակտիվացման նպատակով:)

Այսպիսով, Եգիպտոսում Մուբարաքի ղեկավարած համակարգի պահպանումը տարածաշրջանում և աշխարհում ստատուս-քվոյի պահպանման գին ունի:

Դեռևս անհասկանալի է տարաձայնություններով հագեցած Արևմուտքի ջանքերի  միասնականացման աստիճանը. համենայն դեպս, Մուբարաքը պայքարը չի թողնում և ինչ-որ խաղ է խաղում: Եթե Մուբարաքին հաջողվի կիրառել իշխանության ռեսուրսների բաշխման համամասնական մեթոդը, այսինքն` նոր իշխանության կազմում Սուլեյմանի կամ Մուսայի հետ ընդգրկել Էլ-Բարադեյին, համակարգի շարունակությունը կապահովվի, և “մատ” չի լինի:

Դիտվել է 1850 անգամ:
Print Friendly

Leave a Reply