Թուրքիայում հայերը ստիպված են դատարանին ապացուցել իրենց հայկական ծագումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2011 13:37

Արդեն երեք ամիս գործող Դերսիմի «Հայերի դավանանքի և փոխօգնության  միությունն» ունի 80 անդամ, որոնց  մեծ մասը դատական հերթի մեջ է.  դատարան են դիմել, որպեսզի օրենքով վերականգնեն իրենց հայկական ծագումը: Միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը, ով վերջերս է կրոնափող եղել ու նաև հայկական անուն ընդունել, պատմում է, որ Թուրքիայում կրոնափոխությունը և անվանափոխությունը բավականին երկար գործընթաց է. հայցվոր կողմը պետք է դատարանին ապացուցի իր նախնիների հայկական ծագումը, մինչդեռ  հաճախ արխիվները ոչնչացել են ու փաստերով դա անելն անհնար է:

Գյուլթեքինը նշում է, որ Դերսիմի գյուղերի 75 տոկոսը հայերով են բնակեցված: Սակայն արդեն երեք սերունդ է, որ հայերը կտրված են իրենց արմատներից, մոռացել են լեզուն ու արժեքները:  Նորաստեղծ միության նպատակն է վերականգնել հայկական ինքնությունը, դերսիմահայերին հայերեն սովորեցնել ու տեր կանգնել տարածքի հայկական մշակութային ժառանգությանը:

Երբ 19-րդ դարի վերջին օսմանյան կայսրությունը Դերսիմում սկսել է իրագործել հայերի կոտորածի իր ծրագիրը, տարածաշրջանի շատ հայ բնակիչներ հրաշքով փրկվելով` ապաստան են գտել Դերսիմում, որն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ հասանելի չի եղել օսմանյան հրոսակների համար: «Հայերն ունեցել են երկու հանրավորություն` կամ զոհ դառնալ թուրքերի կոտորածներին, կամ միավորվել ալևիների ու զազաների հետ և ապրել Դերսիմում, նրանք ընտրել են երկրորդը»:

Օսմանյան կայսրությունը, սակայն, հետագա տարիներին մի քանի անգամ փորձեր է կատարել Դերսիմը հայաթափ անել, կոտորել հայկական ծագում ունեցողներին: Այդ ամենը պատճառ են դարձել, որպեսզի մարդիկ վախենան իրենց հայկական ծագման մասին բարձրաձայնելուց: Գյուլթեքինը նշում է, որ իր ընտանիքին միշտ էլ հայտնի է եղել իրենց հայկական ծագման փաստը, սակայն ծնողները երբևէ տանը հայերեն չեն խոսել` վախենալով հալածանքներից»:

Նա նշում է, որ շատերը մինչ օրս իրենց մեջ քաջություն չեն գտնում խոստովանել իրենց հայկական ծագումը. մարդիկ աչքի առաջ ունեն անցյալի պատմությունը.«Գուցե ներկա իշխանությունները նրանց ճնշումների չենթարկեն, սակայն մտավախություն կա, որ մի օր անցյալի իշխանությունները նորից կվերադառնան»:

«Առօրյա խոսակցություններում բոլորն էլ ընդունում են իրենց հայ լինելը, սակայն պաշտոնապես վախենում են բարձրաձայնել»,- ասում է Գյուլթեքինը` հավելելով, որ մարդիկ ճիշտ չեն համարում նաև, որ իրենց երեխաները թուրքական դպրոց հաճախեն հայկական ինքնության հոգեբանությամբ:

Քրիստոնեություն ընդունելուց  դերսիմահայերը խուսափում են նաև մտածելով ընտանիքի ապագայի մասին. «Իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը երկիրն աստիճանաբար տանում է դեպի իսլամացում»:

Գյուլթեքինը նշում է, որ իր հայկական արմատներին վերադառնալու փորձերի ընթացքում բացահայտել է, որ շատ պարեր, որ իրենք նախկինում ճանաչել են որպես քրդական, իրականում հայկական պարեր են: Նման պարի օրինակ է քոչարին: Դերսիմում հայերը նաև նշում են հայկական շատ տոներ, ուղղակի այլ անվանումներով` չկասկածելով անգամ այդ տոների ծագման մասին, օրինակ Սուրբ Սարգիսը նրան նշում են Սուրբ Խդեր անունով:

Դերսիմահայերի միության ղեկավարը նշում է, որ իրենք Հայաստանից որևէ ակնկալիք չունեն, փոխարենը շատ բան են սպասում հայ երիտասարդներից: Օգոստոսի վերջին Դերսիմում արդեն 5-րդ անգամ կկազմակերպվի Դերսիմի երգ-երաժշտության փառատոն: Գյուլթեքինը կոչ է անում հայ երիտասարդներին ակտիվ մասնակցել փառատոնին, որը նաև կնպաստի դերսիմահայերի հետ կապերի ամրապնդմանը.« Նրանք վախենում են առաջինը Հայաստան գալուց, քանի որ մտավախություն ունենք, որ իրենց այստեղ լավ չեն ընդունի, սակայն շատ են ուզում կապեր հաստատել հայերի հետ»: Նրա խոսքով` այցելությունները կնպաստեն նաև Հայաստանի մասին թյուր կարծիքի փարատվելուն. Դերսիմում Հայաստանը պատկերացնում են որպես հետամնաց երկիր:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply