Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում՝ ծանոթանալու բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 6, 2011 19:12
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել մայրաքաղաքի մի շարք շուկաներում՝ ծանոթանալու բացօթյա ապօրինի առևտրի արգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումների ընթացքին, ինչպես նաև գործող շուկաներում առևտրականներին առաջարկվող պայմաններին։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շուրջ 30 շուկաների ղեկավարների հետ անցած շաբաթ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ բացօթյա առևտրով զբաղվողներին աշխատատեղերով ապահովելու հստակ խնդիր էր դրվել։ Միաժամանակ հանձնարարվել էր պատշաճ տեսքի բերել շուկաների տարածքները։
Քաղաքապետի առաջին տեղակալը հանձնարարեց ամենօրյա խիստ և հետևողական վերահսկողություն սահմանել շուկաներում սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով շուկաներում առկա պայմաններից` նոր տեղափոխված առևտրականները Տարոն Մարգարյանին, այնուամենայնիվ, իրենց որոշակի դժգոհությունը հայտնեցին շուկա այցելողների քանակի հետ կապված՝ կարծիք հայտնելով, որ դա, թերևս, շուկաների տեղերի մասին քաղաքացիների անտեղյակության հետևանք է։ Քաղաքապետի առաջին տեղակալը հենց տեղում հանձնարարեց շուկաների տնօրեններին կարճ ժամկետում բնակչության համար տեսանելի, ակնառու գովազդային և ուղղորդող վահանակներ տեղադրել։
Շուկա նոր տեղափոխվածներից քաղաքապետի առաջին տեղակալը հետաքրքրվեց նաև տեղի համար գանձվող վարձավճարների մասին, ինչին ի պատասխան վերջինները փաստեցին, որ շուկաների տնօրինության հետ փոխադարձ համաձայնությամբ, սկզբնական շրջանում իրենցից վարձավճար չի գանձվում։
Նշենք նաև, որ թեև նախկինում ապօրինի առևտրով զբաղվող զգալի թվով առևտրականներ արդեն տեղափոխվել և շուկաների տարածքում են իրականացնում իրենց գործունեությունը, այդուհանդերձ, շուկաներում դեռ բազմաթիվ դատարկ վաճառատեղեր կան։ Հիշեցնենք, որ, քաղաքապետի հանձնարարությամբ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ շուկաների տնօրենները վստահեցրել էին, որ ավելի քան 3000 վաճառատեղեր կարող են ապահովել։
Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապօրինի առևտրի դեմ պայքարի հարցում քաղաքապետարանը վճռական է, և գործընթացը շարունակական է լինելու. <<Տեղերը բավական շատ են, իսկ եթե պահանջարկ լինի, այն նույնպես կբավարարվի, նոր մինի շուկաներ կկազմակերպվեն>>,-նշեց քաղաքապետի առաջին տեղակալը։
Շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը խիստ հանձնարարական տվեց նաև շուկաների և դրանց մերձակա տարածքների սառցաշերտերը վերացնելու վերաբերյալ։






Facebook
Tweet This
Email This Post
