Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | February 6, 2011 19:02
Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Նախագահը կարևորել է Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և անվտանգության պահպանման գործում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին` ԵԱՀԿ Աստանայի համաժողովում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցուցաբերած հստակ և հավասարակշռված դիրքորոշման համար:
Հիլարի Քլինթոնը նշել է, որ ուրախությամբ է հիշում իր հայաստանյան այցը և շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, պետքարտուղարը շեշտել է Միացյալ Նահանգների հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:
Նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված մի շարք խնդիրներ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հարցերի:
Նախագահի գլխավորած պատվիրակությունը Մյունխենից վերադարձել է Երևան:






Facebook
Tweet This
Email This Post
