“Մահմեդական եղբայրները” պատրաստ են երկխոսության Եգիպտոսի իշխանությունների հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2011 10:14

Եգիպտոսի արգելված “Մահմեդական եղբայրներ” շարժման անդամները մտադիր են բանակցություններ սկսել Եգիպտոսի իշխանության ներկայացուցիչների հետ. այս մասին հաղորդել է “Ֆրանս պրեսս” գործակալությունը` հղում անելով շարժման հայտարարությանը:

“Ցանկանալով պաշտպանել երկրի շահերը, նրա հիմքերը, պահպանել անկախություն և թույլ չտալ արտասահմանյան միջամտություն մեր ներքին գործերին` մենք որոշում ենք ընդունել երկխոսություն սկսել (իշխանությունների հետ), որպեսզի հասկանանք, թե որքանով են նրանք պատրաստ ընդունել ժողովրդի պահանջները”,- ասվում է “Մահմեդական եղբայրների” հայտարարության մեջ:

Սկսած հունվարի 25-ից բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Եգիպտոսի բոլոր մեծ քաղաքաներում: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը, որը իշխանության ղեկին է 1981-ից, արդյունավետ միջոցների ձեռնարկում իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարելու համար և տնտեսական բարեփոխումներ:

“Մահմեդական եղբայրների” ներկայացուցիչներից մեկի խոսքով` այս իսլամական շարժման ղեկավարությունը մտադիր է հանդիպել Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի հետ: Բանակցությունների օրը չի ճշտվում:

Հինգշաբթի Սուլեյմանը, ի թիվս այլ քաղաքական ուժերի, “Մահմեդական եղբայրներին” հրավիրեց մասնակցելու երկրի ժողովրդավարական բարեփոխումներին նվիրված բանակցություններին: Սակայն Եգիպտոսի ընդդիմության առավել ճանաչված ներկայացուցիչներից մեկը` Նոբելյան մրցանակակիր Մոհամմեդ էլ Բարադեյը նման հրավեր չստացավ Եգիպտոսի իշխանություններից:

Ուրբաթ “Մահմեդական եղբայրները”, որ ամենաուժեղ ընդդիմադիր շարժումն է Եգիպտոսում, հետևելով նախագահ Մուբարաքին և ընդդիմադիր Էլ Բարադեյին, հայտարարեց, որ հրաժարվում է նախագահական պաշտոնի համար մրցապայքարից:

“Մահմեդական եղբայրները” Եգիպտոսում արգելված արմատական իսլամական խմբավորում է: Դրա անդամները ներկայացված են եղել նախորդ գումարման խորհրդարանում որպես անկախ խորհրդարանականներ: 2010 թ.խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք ոչ մի պատգամավորական մանդատ չստացան:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply