Միակ դասը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 5, 2011 23:16

Լիբանանյան քաղաքական ճգնաժամը հետին կարգ հղուեցավ, երբ Թունիսի և ապա մանավանդ Եգիպտոսի ժողովրդային շարժումները խլեցին միջազգային լրատվադաշտի բոլոր լուսարձակները։ Եմենի և Հորդանանի մեջ արձանագրվածներն ալ տակավ համոզեցին, որ հաղորդակցության ներկա արագակշռույթ ժամանակներուն արբանյակային և համացանցային բազմատեսակ ծառայությունները շարժումներ վարակելու, բռնկումներ տարածելու  ի՛նչ տեսակի տարողություն կրնան ցուցադրել աշխարհին։

Արհեստագիտությունը անշուշտ միջոց է այս պարագային և միայն անոր կարելի չէ վերագրել այն ,ինչ որ տեղի կ՛ունենայ այսօր արաբական աշխարհին մեջ։ Կան իհարկե ենթակայական պատճառներ՝ երկարատև իշխանություններու, անարդարություններու, ընկերային հասարակարգերու ոչ համաչափ զարգացման երևույթներ, թշվառ իրականություններ, որոնց գումարումը պարարտ ենթահող կը վիճակե նման համաժողովրդային պոռթկումներու։

Կա անշուշտ արտաքին ներշնչումի ազդեցիկ գործոնը, որ կը շարժէ ամբոխը, երբ կա արդեն պարարտ ենթահողն ու վերը նշված միջոցառումներու համակարգը։ Արտաքին ներշնչումը, սակայն, ոչ անպայման կը բխի ընկերային անարդարությունները սրբագրելու, ժողովրդային պահանջներուն զորակցելու և ավելի արդար հասարակարգեր առաջացնելու միտումներեն։ Հիմնովին քաղաքականացված շարժառիթներե կմեկնի յուրաքանչյուր գերտերության հայտարարություն, որ հաճախ ալ դիվանագիտական հարաբերություններու կոպիտ խախտումներով կը հատկանշվի և կթարգմանվի իրավամբ ներքին խնդիրներու նկատմամբ արձանագրված ոտնձգությամբ։ Նույն այդ իշխանությունները ձևավորած, անոնց կայացման համար անհրաժեշտ միջոցները ձեռք առած և պետական հովանավորչություն կատարած նույն գերտերությունն է, որ այս անգամ կը բարձրաձայնե կտրուկ իշխանափոխության անհրաժեշտության մասին։

Պետություններու և ժողովուրդներու նկատմամբ կիրարկված այս օտար խաղերը կհանգին հոն, ուր ցույց-հակացույց, պաշտոնանկում-զորակցություն պահանջող ամբոխային դրսևորումները իրար դեմ կը հանեն նույն ժողովուրդին երկու հատվածները, որոնք զիրար կը հարվածեն, կը վիրավորեն, կը սպանեն։ Մինչ, պաշտոնավարությունը չվերանորոգելու, այսուհանդերձ նաև պաշտոնաթող չըլլալու հայտարարությունները որևէ ձևով չեն հանդարտեցներ բոցավառված հասարակությունը։

Լիբանանյան քաղաքական բեմը անհաղորդ չէ այս արարներուն և այս արարներու բեմականացման համար դերակատար եղող ուժերու մարտավարական խաղերուն։ Քաղաքական սպանությունները հաճախ վերածված են միջոցի ամբոխ գոյացնելու։ Ամբոխը տարբեր նշաններով զսպված է՝ մինչև վերջ չհաջողցնելու համար իշխանափոխությունը, իսկ իշխանության գլխին դամոկլյան սուրի պես ճոճված է ամբոխ վերագոյացնելու վտանգը։ Գերտերություններու մրցապայքարը ամենաարագ միջոցին կբևեռացնե տեղվույն քաղաքական դաշտը և իրար դեմ կհանե միևնույն ժողովուրդին երկու հատվածները։

Իրատես ըլլալու համար պետք է նախատեսել, որ արաբական աշխարհը պիտի շարունակե կրել այս տվայտանքները, մինչև այն ատեն, որ բերրի ենթահող տրամադրած է օտար խաղերու ազդեցություններու տարածման քաղաքականության։ Օտար խաղերու նորագույն արարներուն դերակատրություն փորձեց ինքնաստանձնել պաշտոնական Անկարան, երբ Եգիպտոսի նախագահեն պահանջեց հրաժարական տալ։ Ամբոխներուն համակրանքը շահելու և այժմեն նոր ձևավորելի իշխանություններուն մոտ ընդունելի դառնալու, արաբական հրապարակին վրայ ներկա՛յ ըսելու ձև մըն էր Թուրքիո թե՛ նախագահին և թե՛ վարչապետին հետապնդածը։

Տվայտանքներու մեջ եղող եգիպտական կառավարության թերևս ամենեն կոշտ պատասխանն էր, որ կտրվեր պաշտոնական Անկարային՝«Մենք կցավինք, որ Թուրքիան կխառնվի Եգիպտոսի ներքին գործերուն։ Թող ամեն մարդ իր ներքին գործերով զբաղի» կ՛սեր եգիպտական կառավարության հրապարակած հաղորդագրությունը։ Պարզ էր, որ Թուրքիո ըսել կ՛ուզվեր, որ ներքին բարդ թղթածրարներով զբաղելու փոխարեն, քաղաքական առավելներ շահելու առիթներ մի օգտագործեր»։

Գոյությունը քաշքշող եգիպտական կառավարութենեն շատ դաս չունին քաղելիք արաբական երկիրները։ Միակը, որ կրնա ուսանելի ըլլալ անկման շեմին գտնվող այս կառավարութենեն, այն ալ Թուրքիո ուղղված կոշտ պատասխանն է։ Արաբական երկիրները այդ դասը պետք է յուրացնեն։ Անոնց շարքին նաև Լիբանանը։

 Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply