Վահան Դիլանյան. «Եգիպտոս-Իսրայել գազամուղի պայթեցումը կրկնակիացնում է Իսրայելի անվտանգության սպառնալիքները»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 5, 2011 17:13

Այսօր անհայտ անձինք պայթեցրել են Եգիպտոսի հյուսիսային Էլ-Արիշ շրջանով անցնող Հորդանան և Իսրայել գազ մատակարարող գազամուղը. այս մասին հաղորդում է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը:

Եգիպտական բանակը փակել է գազի մատակարարման հիմնական աղբյուրը և իշխանությունների հետ փորձում է վերահսկել կրակը:

Թեև գազամուղի իսրայելական հատվածին վնաս չի հասցվել, բայց այն նոր ռիսկեր է հարուցում Իսրայելի անվտանգությանը:

Եգիպտոսից գազի մատակարարումը կազմում է Իսրայելի գազի ներկրման 40 տոկոսը:

Պայթեցումը նաև կխթանի գազի գների թանկացմանը, ինչը կվնասի Իսրայելի տնտեսությունը:

Շրջանառվում է այն թեզը, որ Հյուսիսային Սինայի բեդվին ցեղերն են այդ ահաբեկչական ակտի հեղինակները, միգուցե հաշվի է առնվում այն, որ անցյալ տարվա հուլիսին նման փորձ էր արվել նրանց կողմից` կապված Եգիպտոսի կառավարության և նրանց միջև լարվածության հետ:

Այդուամենայնիվ, հակված եմ այն տեսակետին, որ պայթեցումը երկու  այլ հնարավոր  պատճառներ ունի. ըստ այդմ նաև հեղինակներն են այլ:

Առաջին` “Իսլամական եղբայրության” կողմից կազմակերպված լինելը: Հատկանշական է, որ “Եղբայրությունը” հիմնական ընդդիմադիր ուժն է Եգիպտոսում և Հորդանանում, ուստի Հորդանան (ու Իսրայել) գազ մատակարարող ուղուն վնաս հասցնելը կարող է լինել “մեսիջ” Եգիպտոսի ու Հորդանանի երկրների վարչակարգերին,և ոչ միայն նրանց, վերաիմաստավորելու սեփական քաղաքական կուրսերը:

Պատահական չէ, որ Եգիպտոսում “Եղբայրության” գործունեությունն արգելված է:

Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին էր, երբ Իսլամական եղբայրության գերագույն խորհուրդը հայտարարություն տարածեց. “ԱՄՆ-ն հիմա իր ավարտի սկիզբն է ապրում. իսլամական ախարհի բարելավումն ու փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն Ջիհադի և սրբազան պատերազմի միջոցով” գլխագրով, որում մեղադրում էր արաբական և իսլամական երկրների վարչակարգերին իրենց նշած ուղիով չշարժվելու մեջ:

Նրանք վարչակարգի փոփոխության կոչ էին անում:

Իսկ Եգիպտոսը Իսրայելի միակ օգնականն է Մերձավոր Արևելքում կամ իսլամական երկրների` Իսրայելի ոչնչացման պլանները թույլ չտվող միակ “գործոնը” տարածարջանում:

Եգիպտոսն առաջին արաբական երկիրն էր, որ պաշտոնապես ճանաչեց Իսրայել պետությունը 1979 թ.:

Պայմանագրի շրջանակներում ԱՄՆ-ն սկսեց տնտեսական ու ռազմական օգնություն ցույց տալ Եգիպտոսին և նաև քաղաքական աջակցություն եգիպտական ոչ ժողովրդավարական վարչակարգին: 1978-ից (Քամփ Դեյվիդ խաղաղության արձանագրություններ) մինչև 2000 թ. ԱՄՆ-ն եգիպտական զինված ուժերին հատկացրել է ավելի քան 28 մլրդ դոլարի օգնություն: Տարեկան Եգիպտոսն ԱՄՆ-ից ստանում է շուրջ 2 մլրդ դոլար օգնություն :

Եգիպտոսի բանակի արդիականացման ԱՄՆ պլանները նաև ելնում են Եգիպտոսի` ահաբեկչական խմբավորումների ու արմատական իսլամիստների դեմ ԱՄՆ պայքարին աջակցելու շահերից:

Սա է “Իսլամական եղբայրության”` Եգիպտոսի ներկա վարչակարգին հակադրվելու հիմնական պատճառը:

Հակաամերիկյան ու հակաիսրայելական Ջիհադով ուղղորդվող այս խումբ-կազմակերպության գաղափարախոսության հիմնարար տարրերը կարելի է գտնել Ալ Քաիդայի դավանանքի գրքում:

Այսինքն, եթե “Եղբայրությունը” հնարավորություն ստանա անցնել իշխանության, այն կարող է դառնալ Համասի նման իշխանություն, և Իսրայելի անվտանգությունը սպառնալիքի տակ կդրվի, և ոչ միայն Իսրայելի:

Ուշագրավ է այսօր Մյունխենի անվտանգության միջազգային խորհրդաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի այն հայտարարությունը, որ ներկայիս հուզումներն ու անկարգություններն արաբական երկրներում հղի են անկանխատեսելի հետևանքներով ամբողջ աշխարհի համար:

Այսպիսով, Իսրայել գազ մատակարարող գազամուղի պայթեցումը լիովին ներառվում է “Եղբայրության” ռազմավարության ու քաղաքական փիլիսոփայության մեջ, եթե հատկապես այս քայլը դիտարկում ենք Եգիպտոսում հեղափոխական ներկա շրջանում նրա ղեկավար ուժ դառնալու ձգտումների համատեքստեում:

Երկրորդ հնարավոր պատճառը, ըստ երևույթին, վերը նշված տարբերակի համատեքստում է. այսինքն` հնարավոր է գազամուղի պայթեցումը սադրանք է` կազմակերպված ամերիկամետ շրջանների կողմից այն “մեսիջով”, որ եվրաատլանտյան ուժերը հասկանան “Իսլամական եղբայրության” և ընդհանրապես արմատական իսլամի հարուցելիք հնարավոր սպառնալիքներն ու անհապաղ քայլեր ձեռնարկեն դրա` Եգիպտոսում ընդդիմության առաջնորդ  դառնալու հավակնությունները կանխարգելու ուղղությամբ:

Դիտվել է 2580 անգամ:
Print Friendly

Leave a Reply