Եգիպտոսը և պատեհապաշտների անճարակությունը…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 17:14
Դեպքերի ու իրադարձությունների հետեւից ընկնելով՝ այլեւս ո՛չ հնարավոր է սեփական խոցված վարկն ապահովել, եւ ո՛չ էլ առավել ևս՝ կացությունը վերահսկել կամ տնօրինել… Այս իրավիճակում է հայտնվել քիչ-շատ ԱՄՆ դեմոկրատական վարչախումբը, երբ թունիսյան դեպքերից դաս չառնելով՝ այժմ եգիպտոսյան կացությանը վերահսկելու համար՝ մատնվել է անճարակության:
Հարցը հասել է նրան, որ ԱՄՆ-ի «հորդորներին» ո՛չ «բարեկամ» Մուբարաքն է ընդառաջ գնում, եւ ո՛չ էլ հատկապես նրանից երես թեքած եգիպտական ողջ հանրությունը… Արդյունքում՝ ԱՄՆ-ին մնում է «ժողովրդավարական դասերի» աջ ու ահյակ շռայլումը՝ մեկ Հուսնի Մուբարաքին, մեկ՝ նրան ընդդիմացողներին:
Ինչպես նմանատիպ դեպքերում, եգիպտական ներքաղաքական ալեկոծումների թոհուբոհում ևս օրինաչափորեն անպակաս է մակընթաց ալիքների վրա հայտնվող պատեհապաշտների թիվը… այս վերջինների շարքում, սակայն, զավեշտալի կարգավիճակի մեջ են հայտնվել Թուրքիայի իշխանավորները, որոնք էլ ժողովրդական զարթոնքից բխող դեպքերի կուրսից ետ չմնալու համար՝ մեկ կողմից թութակի պես կրկնում են ԱՄՆ-ական «դեղատոմսը», այն է՝ «Մուբարաքը պետք է օր առաջ հեռանա իշխանությունից», եւ մյուս կողմից՝ «Իսլամական աշխարհի առաջնորդողի» սեփական պատրանք-բարդույթին հագուրդ տալու համար, կրկնակի անամոթությամբ հանդես են գալիս եգիպտական քաղաքակրթական հնոցի ժառանգներին (ժողովրդին) առաջադիմական-զարգացման ցուցմունքներ տալ…
Ահավասիկ, Աֆրիկյան ցամաքամասի «արաբական հատվածի» թեկուզ «հացի խնդիր»-ով թունիսյան Բու ազիզների ինքնահրկիզումը կամ Եգիպտոսի Մուբարաքական երեսնամյա իշխանախմբից կշտացած ու ձերբազատվել փորձող ժողովրդական ցասումներն ի հեճուկս վերոնշյալների՝ չեն նսեմանալու, չեն արժեզրկվելու եւ մանավանդ մեծապետական պատեհապաշտների սադրանքներով ու դավերով չեն նահանջելու բնականոն հունից ու այլեւս հասարակա-քաղաքական բնաշրջական ընթացք ընդունած հոլովույթից…
Նսեմացողը, արժեզրկվողը եւ նահանջողը՝ դա վայրի լիբերալիզմի, կոսմոպոլիտ ու բարոյազուրկ փողի ու դրամագլխի եւ նույն «արժեքներով» առաջնորդվող տնտեսական-քաղաքական ճգնաժամերի հեղինակներ՝ համաշխարհային բեւեռներն ու սրանց տարածաշրջանային արբանյակներն են, որոնք մշտապես խանգարել ու խոչընդոտել են մարդկության ու աշխարհի անդորրը՝ դրանից բխող կանխատեսելի թե՛ անկանխատեսելի բոլոր հետեւանքներով…
“ԱԼԻՔ” ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
