Մյանմարը նախագահ ունեցավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 9:48

Մյանմարի խորհրդարանը ուրբաթ` փետրվարի 4-ին, ընտրեց երկրի նախագահին:  Ընտրյալը 65-ամյա պաշտոնաթող գեներալ Թեին Սեինն է (Thein Sein), որ մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը: Նա ստացել է 659 խորհրդարանականներից 408-ի ձայները և նախագահի լիազորություններով օժտված է 5 տարվա ժամկետով:

Թեին Սեինին համարում են գեներալ Թանա Շվեի` Մյանմարի խաղաղության և զարգացման պետական խորհրդի նախագահի, այլ խոսքով`ռազմական խունտայի առաջնորդի մերձավոր զինակիցը:  Սեինը հավատարիմ է խունտայի գեներալներին և անձամբ Թանա Շվեին, որին, ըստ մի շարք աղբյուրների, նա պարտական է իր հաջող կարիերայի համար:

Մյանմարի քաղաքական շրջանակներում Սեինին անվանում են “մաքրասեր”. նա  ընդգրկված չի եղել վերջերս խորհրդարանի շուրջ ծավալված բիզնես խարդավանքներում և ենթակա չէ լոբբիստների ազդեցությանը: Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են Մյանմարի փորձագետները, Թեին Սեինը մարիոնետ նախագահ է, որը կշարունակի Թանա Շվեի գիծը:

Ռազմական խունտան Մյանմարում, որ փոփոխական հաջողությամբ իշխանության ղեկին է վերջին կես դարում, 2000-ական թթ. ժողովրդավարական բարեփոխումներ սկսեց: Այսպես, 2008 թ. Մյանմարում սահմանադրություն երևան եկավ: 2010 թ. օգոստոսին թոշակի գնացին ռազմական խունտայի առանցքային դեմքերը, իսկ տարվա վերջին երկրում խորհրդարանական ընտրություններ եղան, որոնք առաջինն էին վերջին 20 տարվա ընթացքում: Սակայն այդ ընտրություններում հաղթանակ տարավ Համերաշխության և զարգացման միավորված կուսակցությունը, որը ղեկավարում է Թեին Սեինը, և որի անդամները ռազմական խունտայի պաշտոնաթող սպաներ են:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply