Ստեֆան Բյուսար. “Բաշար Ասադին սպառնում է ժողովրդական ցասումը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 22:43

Մի խումբ սիրիացիներ, որոնք Facebook-ում գրանցվել են որպես “Դամասկոսյան դաշինք հանուն ազգային փոփոխությունների”, Սիրիայում կազմակերպում են  “Բողոքի օր”, որպեսզի ստիպեն նախագահ Բաշար Ասադին վերացնել արտակարգ դրությունը, որը գործում է 1963-ից, ինչպես նաև իրականացնել վաղուց խոստացված բարեփոխումները: Կվիճակվի արդյոք Սիրիայի առաջնորդին այն նույն ճակատագիրը, ինչը վիճակվեց Թունիսի և Եգիպտոսի նախագահներին:

Սան Անտոնիոյի Trinity  համալսարանի Մերձավոր Արևելքի  պատմության պրոֆեսոր Դեվիդ Լեշի կարծիքով` իրավիճակը Սիրիայում շատ բանով նման է Թունիսի և Եգիպտոսի իրավիճակին: Սակայն, ինչպես նկատել է Լեշը Le Temps-ին տված հարցազրույցում, “շատ գործոններ ցույց են տալիս, որ Սիրիան շատ է տարբերվում այդ երկու արաբական երկրներից”: “Դամասկոսը ԱՄՆ-ի լակեյը չէ: Նա բացահայտ ցուցադրում է իր ընդդիմադիր կեցվածքը Իսրայելին և Վաշինգտոնին` պաշտպանելով Լիբանանի “Հզբոլլահին” և Պաղեստինի “Համասին”: Ըստ իս, եթե գործ ունենանք դոմինոյի երևույթի հետ, ապա Սիրիան  քչերից մեկը կլինի, որոնք կզգան դրա հետևանքները: Ընկնում են այն վարչակարգերը, որոնք սերտորեն կապված են Վաշինգտոնի հետ”,- մեջբերում է հրատարակությունը փորձագետի խոսքերը:

Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքական երկխոսության հիմնադրամի փորձագետ Բարահ Միքաիլի  կարծիքով` Բաշար Ասադին հաջողվեց ԱՄՆ-ին և Իսրայեին դիմակայելու միջոցով  կոմպեսացնել ներքին քաղաքական և տնտեսական դեֆիցիտը և այդպիսով վերադարձնել ժողովրդի ինքնավստահությունը: Բացի այդ, նա կարող է հույսը դնել քրիստոնյա փոքրամասնության վրա: “Բաշար Ասադը հենց սկզբից ցանկացել է ցույց տալ, որ մոտ է ժողովրդին”,- նշում է Միքաիլը:

“Սակայն սիրիական իշխանության կայունությունը սոսկ դրվատանք չի հարուցում: Բաշար Ասադի տրամադրության տակ է պետանվտանգության աշխատակազմը, որը ունակ է խեղդելու ամենափոքր իսկ ընդվզումը”,- ընդգծում է թղթակից Ստեֆան Բյուսարը: 1982 թ. “Մահմեդական եղբայրների” բաստիոններից մեկի ջախջախման հիշողությունը, որի հետևանքով զոհվեց 10-20 հազար մարդ, դեռևս որպես հզոր զսպող գործոն է  ծառայում, նշում է պրոֆեսոր Լեշը: “Ինչ վերաբերում է բանակին, ապա այն զուրկ է այն անկախությունից, ինչն ունեն որոշ երկրների բանակներ: Այն սերտորեն կապված է վարչակազմի հետ: Եթե վարչակազմն ընկնում է, ընկնում է նաև բանակը”,- մեջբերում է հրատարակությունը Լեշի խոսքը:

Սիրիայի ընդդիմությունը չափազանց  մասնատված է և գործնականում գոյություն չունի, իսկ քաղաքացիական հասարակությունն այնքան էլ ակտիվ չէ, ինչպես մյուս երկրներում, խոստովանում է հրատարակությունը: Այսուհանդերձ, սիրիական  բնակչության ցասումը իշխանության գալիս Բաշարի տված խոստումների լույսի ներքո կարող է սաստկանալ, քանի որ ժողովրդավարության հույսերը, կապված նրա իշխանության գալու հետ, չարդարացան:

Ժնևի բարձրագույն միջազգային հետազոտությունների և զարգացման ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր Մուհամմեդ-Ռեզա Ջալիլին համոզված է, որ սիրիական վարչակարգի անկումը ահռելի հետևանքներ կունենար. “Եգիպտոսի հետ միասին Սիրիան Մաշրեքի (Արաբական Արևելքի- խմբ.) երկու բևեռներից մեկն է: Ասադի անկումով դաշինքների համակարգը Լևանտում կփլուզվի, և Իրանը կզրկվի իր միակ դաշնակցից տարածաշրջանում”,- մեջբերում է հրատարակությունը:

Աղբյուրը`Le Temps

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply