Կարծիք. Հայաստանն Իրանի համար պատնեշ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 4, 2011 19:44

Ձգձգումները և անընդմեջ փոխադարձ կշտամբանքները ադրբեջանա-իրանական հարաբերություններում նոր երևույթ չեն, դրանք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ  պատմական, մշակութաբանական և քաղաքական հարցերով: Այդ մասին ուկրաինական Analitika.at.ua  հրատարակությանն ասել է REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Վիգեն Հակոբյանը:

 “Այս օրերին դիտարկվող բանավեճը երկու երկրների ներկայացուցիչների միջև ուղղակիորեն կապել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի հեռանկարի հետ անտրամաբանական է և անիմաստ: Ավելի շուտ, խոսքը երկու երկրների քաղաքական շրջանակների մարտավարական պայքարի հերթական փուլի մասին է, որոնցից յուրաքանչյուրը յուրովի պաշտպանում է համապատասխանաբար` Ադրբեջանի և ԻԻՀ-ի պետական շահերը”,- նշել է Հակոբյանը:

“Իրանին բնավ  ձեռնտու չէ, որ ուժեղանա արևմտամետ վեկտորը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ, կամ ամրապնդվեն Բաքվի ռազմա-քաղաքական հարաբերությունները Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ: Այդ միտումին հակազդելու համար Իրանը միայն մի մեթոդ ունի` ամրապնդել սեփական ազդեցությունը Ադրբեջանում և  հզորացնել ադրբեջանական հասարակության վրա ազդելու լծակները: Ըստ տարբեր տվյալների` ԻԻՀ-ի իսլամական իշխանությունները մեթոդիկ կերպով գործում են այդ ուղղությամբ` օգտագործելով, ի թիվս այլոց, կրոնական գործոնը: Նույն խնդրին էր ծառայում իրանական իշխանությունների որոշումը Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի միակողմանի վերացման մասին: Պատահական չէ, որ Բաքուն չի պաշտպանել տվյալ որոշումը և հազիվ թե պաշտպանի”,- կարծում է նա:

“Անվիճելի է, որ Ադրբեջանին զսպելու, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի (ՆԱՏՕ անդամ երկրի) քաղաքական և տնտեսական ազդեցության լծակների հզորացումը կասեցնելու կարևոր գործոն է Իրանի կողմից տնտեսական աջակցությունը Հայաստանին, մասնավորապես` էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտում: Տվյալ դեպքում Հայաստանը Իրանի համար բնական պատնեշ է, որ խոչընդոտում է Թուրքիայի և Ադրբեջանի լիարժեք միավորումը: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ Ադրբեջանը եղել և մնում է մրցակցության առարկա Իրանի և Թուրքիայի համար, ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և հումանիտար մրցակցության մասին է: Եվ այդ մրցակցությունում Հայաստանը` շրջափակված Թուրքիայի կողմից, կամա-ակամա խաղում է Իրանի օգտին”,- շարունակում է Հակոբյանը:

“Ըստ էության, Բաքուն գործուն կերպով դիմադրում է Ադրբեջանի  ներուժը  սեփական խնդիրներին ու շահերին ծառայեցնելու թե’ իրանական, թե’ թուրքական փորձերին: Իսկ որքանով դա կհաջողվի Ադրբեջանի քաղաքական գործիչներին, այլ հարց է: Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատերազմի հնարավորությանը և այն “շահաբաժիններին”, որ կստանա Ադրբեջանը ԱՄՆ-ի կողմից այդ պատերազմին մասնակցելու դեպքում, ապա կարելի է համարձակ ասել, որ ամեն դեպքում ո’չ Ադրբեջանը, ո’չ Հայաստանը և ո’չ էլ Վրաստանը, հիմնախնդիրներից ու ապակայունացումից բացի, ոչինչ չեն ստանա, անկախ այն հանգամանքից`մասնակից կլինեն այդ պատերազմին, թե հանդես կգան որպես չեզոք դիտորդներ: Պարզապես երկրորդի դեպքում խնդիրներն ավելի քիչ կլինեն”,- ասաց նա:  

Մանրամասները`http://www.regnum.ru/news/polit/1371360.html#ixzz1CyFyV8Nz

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply