«Համբույր պատի միջով». ֆիլմ սիրո և աբսուրդի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 14:38

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ 34-ամյա ռեժիսոր, մոսկվաբնակ Վարդան Հակոբյանի «Համբույր պատի միջով» կինոկատակերգության երևանյան պրեմիերան: Ֆիլմի առանցքում մի երիտասարդի սիրային տվայտանքների պատմությունն է, որի զարգացումները  սյուժեում համեմվում են աբսուրդային երկխոսություններով:

Ինչպե՞ս նվաճել հանդուգն  լրագրողուհու սիրտը, որը քեզ ընդունում է որպես ընկեր, ոչ թե երկրպագու. այս խնդիրն է փորձում լուծել ֆիլմի հերոսը 1,5 ժամվա ընթացքում: Նա կորցրել է աշխատանքն ու փողոցում հանդիպելով մի թափառաշրջիկի՝ նրան է նվիրում գրպանում ունեցած  երկու տասանոցը: Դրանից հետո ձեռք է բերում պատի միջով անցնելու ունակություն, որն էլ ծառայեցնում է սիրելիին նվաճելու պայքարին: Պայքարը, ի վերջո, ավարտվում է հաղթանակով:

Ֆիլմի բյուջեն մոտ 1,5 մլն. դոլար է, նկարահանվել է «Պարադիզ» կինոընկերության պատվերով: Ռեժիսորը պրեմիերայի կապակցությամբ մի քանի օր Հայաստանում էր:  Նա «Անկախին» պատմեց, որ Երևանը լքել է 14 տարի առաջ, երբ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էր:

Առաջին կուրսում սովորելու ժամանակ ապագա ռեժիսորը առիթ է ունեցել լինելու Ֆրանսիայում` մի  կինոփառատոնում, որն էլ նրա ապագայի համար կանխորոշող գործոն է դարձել:

«Ես փառատոնում ֆիլմեր  նայեցի և հասկացա, որ ոչինչ չգիտեմ այն մասնագիտության մասին, որն ընտրել եմ,- ասում է նա,- ինչպես նաև հասկացա, որ մեզ մոտ կարող եմ շարունակել  սովորել էլի մի քանի տարի ու նորից ոչինչ չիմանալ: Մեզ մոտ կինո նկարելու մասին ոչինչ չէին սովերեցնում: Ուսանողների 90 տոկոսը, եթե ոչ ավելին,  ընդունվել էր միայն նրա համար, որ  բանակ չգնար»:

Հակոբյանը զարմանքով հիշում է, որ իր դիմորդ ընկերներից մեկը քննությունից դուրս գալուց հետո ասել է, որ ի պատասխան այն հարցին, թե ով է Լեոնարդո դա Վինչին, պատասխանել է, որ կինոօպերատոր է:

«Մեր ֆակուլտետում այդպիսի մարդիկ էին սովորում, այնտեղ կինոյի ոգի չկար, ոչ ոք այդ մասնագիտությամբ չէր զբաղվում, մինդեռ ես ընդունվել էի հենց դրանով զբաղվելու համար,- ասում է նա,-  ու ես որոշեցի երկու ոտս դնել մի կոշիկի մեջ ու գնալ Մոսկվա՝ սովորելու»:

Նա  1997 թ. մեկնում է Մոսկվա և ընդունվում  Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան: Հակոբյանը հովանավոր է գտնում՝ Գևորգ Ներսիսյանին, որի հետ ծանոթանում է շատ պատահական, և նա դառնում է  Հակոբյանի պրոդյուսերը:

«Այնտեղ սկսեցի եփվել ու ինչ-որ բաներ հասկանալ, չնայած, իհարկե, ամենակարևոր բաները ինստիտուտում չես իմանում, կարևորը մթնոլորտն էր,- պատմում է Հակոբյանը,- ինստիտուտում տարածված այսպիսի մի ֆրազ-լեգենդ կա. «այստեղ սովորեցնում են պատերը», որը ճիշտ է, սակայն չպետք է մնալ միայն այդ պատերի հույսին. կինո նկարելը պրակտիկ  մասնագիտություն է»:

Հակոբյանը սկսում է ֆիլմեր նկարել երրորդ կուրսից: Իսկ 2000-ից, երբ երկիրն աստիճանաբար ոտքի է կանգնում, բազմաթիվ ֆիլմեր է նկարում:  Նա  3-4 վավերագրական, 3 կարճամետրաժ և 2 լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: 2008 թ. նկարահանված «Պլատոն» կինոկատակերգության  բյուջեն մոտ 2 մլն դոլար է, իսկ ֆիլմի շրջանառությունը կազմել է մոտ 5 մլն դոլար:

Ինչի՞ մասին է նկարում Վարդան Հակոբյանը: Նա ասում է, որ կինո նկարելը շատ նման է սիրահարվածության:

Կադր «Համբույր պատի միջով» ֆիլմից

«Թեման պետք է  ինձ հուզի կամ գրավի,- ասում է նա,- ես նկարում եմ մարդկային հարաբերությունների մասին:  Ամենակարևորն ինձ համար այն է,  որ թեման լինի իրական, բայց ոչ սովորական: Դա կարևոր է, որովհետև առօրեականությունը շատ ձանձրալի ու անհետաքրքիր է, դրանով ոչ ոքի չես գրավի:  Իսկ ես ձգտում եմ ստեղծել կինո, որը կնայեի ես. դա կարող է լինել շատ գեղեցիկ սիրո պատմություն, մարդկային հարաբերություններ, գժություն կամ գժանոց, այնպիսի մի բան, որը կհուզի, կզարմացնի կամ կծիծաղեցնի»:

Հակոբյանի կարծիքով` հայկական կինոյի տխուր վիճակը պայմանավորված է սեփական անձի մասին չափազանց լուրջ պատկերացումներով: «Կինոարտադրությունը թանկ հաճույք է և կապված է տնտեսության վիճակի հետ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հայերը, ի տարբերություն վրացիների, չեն կարողանում ծիծաղել իրենց վրա,- ասում է նա,-  դա չափազանց կարևոր հատկանիշ է, որի առկայությունն անհրաժեշտ է, որպեսզի  մարդիկ  կարողանան արվեստով զբաղվել»:

Ռեժիսորն օրինակ է բերում Վրաստանը, որի կինոն անհամեմատ ավելի լավ վիճակում է, քան հայկականը: «Դրա պատճառն այն է, որ վրացիները բնականից  արտիստիկ մարդիկ են և կարողանում են ծիծաղել իրենց վրա,- ասում է նա,-  իսկ ի լրումն սեփական անձի մասին լուրջ ընկալման՝  մենք նաև հաճախ լաց ենք լինում»:

Հակոբյանն  ասում է, որ  Հայաստանի մասին ինչ-որ մտքեր ունի, որոնք կներկայացնի էկրանին, եթե հաջողվի:

«Ես շատ մտքեր ունեմ, թե ինչպիսին եմ ուզում տեսնել Հայաստանը,- ասաց նա,- սակայն դրանք ուզում եմ ցույց տալ էկրանին»:

Հակոբյանը չուզեց պատմել ստացած մրցանակների մասին: Նա ասում է, որ շատերը ֆիլմ են նկարում հատուկ փառատոնի համար, իսկ իրեն հետաքրքրում է մաքուր արվեստը:

Դիտվել է 2748 անգամ:
Print Friendly

Leave a Reply