Ժամանակին չամուսնանալն ու չմայրանալն առաջացնում են քաղցկեղածին գործոններ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 14:24

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում (ՀԱԱԿ) յուրաքանչյուր տարի հետազոտվում է շուրջ 16 հազար կին, գործունեության 13 տարիների ընթացքում կատարվել է 213 669 հետազոտություն: Ինչպես այսօր լրագրողներին ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը` կենտրոնն առաջինը եւ միակն է տարածաշրջանում եւ այցելուներ ունի նաեւ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից:

«Քաղցկեղը նենգ հիվանդություն է, եւ մարդը բոլորովին չի պատկերացնում, որ իր օրգանիզմում սկսվել են փոփոխություններ»,- ասաց Խ. Հակոբյանը` հավելելով, որ քաղցկեղը կարելի է կանխարգելել, մինչդեռ բուժումը ոչ միշտ է արդյունավետ: Խ. Հակոբյանի խոսքով` քաղցկեղածին գործոններ են ժառանգականությունը, սթրեսները, հորմոնային փոփոխությունները, ոչ ճիշտ սնունդը, վնասակար սովորությունները, ժամանակին չամուսնանալն ու չմայրանալը եւ այլն: Յուրաքանչյուր կին պետք է ամեն տարի հետազոտվի:

Հակոբյանի խոսքով` հաճախ իբրեւ չհետազոտվելու պատճառ նշվում է ավելորդ ճառագայթումից խուսափելը, որը կեղծ պատճառ է, քանի որ տարեկան մեկ անգամ նմանատիպ ճառագայթում ստանալը մարդու օրգանիզմի վրա որեւէ բացասական ազդեցություն թողնել չի կարող: Գների մատչելի չլինելը եւս, ըստ կենտրոնի գործադիր տնօրենի, ընդունելի պատճառ չէ: «Տարեկան 11 000 դրամ ծախսելը ոչինչ է այն բանի դիմաց, որ դու կարող ես այդպիսով կանխել քո ճակատագրի համար բեկումնային փոփոխություն առաջացնող այդ հիվանդությունը»,- ասաց Խ. Հակոբյանը` հավելելով, որ օրական 10-13 անապահով կին իրենց կենտրոնում անվճար հետազոտության է ենթարկվում:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply