Տեղաշարժը դանդաղում է, կամ եկան, տեսան, հաղթեցին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 9, 2011 0:13

Ազատ ոճի ըմբշամարտիՀայաստանի երիտասարդական և մեծահասակների հավաքականների անդամներին անցյալ տարի կայացած Եվրոպայի, աշխարհի առաջնություններում չի հաջողվել տիրանալ թեկուզ մեկ մեդալի: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Եվրոպայի առաջնությունը մեր մեծահասակ ըմբիշները բաց են թողել, քանի որ այն անցկացվում էր Բաքվում: Այդուհանդերձ, կատարվածը մտորումների տեղիք է տալիս: Բանն այն է, որ այս մրցաձևի կարիքները հոգալու համար պետական գանձարկղից հատկացվել է և այս տարի էլ առանձնացվել է պատկառելի գումար` 110 մլն դրամ: Մինչդեռ ազատոճայինների ձեռնունայն մնալը պատահականությանը չի կարելի վերագրել: Կատարվածն առաջին հերթին վկայում է այն մասին, որ կայուն մրցելույթներ ունեցող ըմբիշների խնդիր կա:

Իսկ թե այս առումով իրականում պատկերն ինչպիսին է,  պետք է բացահայտեր Երևանի «Դինամո» մարզասրահում կազմակերպված այս մրցաձևի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ է պատճառը, որ մրցագորգ էին դուրս եկել մեր բոլոր կարող ուժերը: Բացառություն չէին կազմել անգամ նրանք, ովքեր մարզվում են արտասահմանում: Հիշեցնենք, որ այս մարզաձևում ունենք զգալի թվով լեգեոնականներ, վարձավճարով Հայաստանի հավաքական հրավիրված ըմբիշներ, նաև կան մեր հայրենակիցներ, ովքեր բնակվում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում, սակայն ցանկանում են ընդգրկվել մեր երկրի հավաքականում: Եվ մրցագորգ դուրս եկած բոլոր ըմբիշներն էլ պայքարում էին  իրենց լավագույնս դրսևորելու և Հայաստանի հավաքականի թեկնածուների թվում հայտնվելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ էր առնվազն մեդալակիր դառնալ:

Ի դեպ, լարվածություն կար, կրքերը հաճախ էին բորբոքվում, մի քանի անգամ վեճեր առաջացան, փորձում էին միջամտել մրցագորգում պայքարող մարզիկների մարտավկները, մտերիմները և հարազատները: Հատկապես հույզերը շիկացած էին 60 կգ քաշայինների հանդիպումների ժամանակ: Բարեբախտաբար, ամեն բան տուրուդմբոցի չհասավ: Իսկ առաջնության ավարտից հետո մտահոգ էր Հայաստանի այս մարզաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Հավանաբար, նա ինչ-ինչ  հարցերում բավարարված չէր: Թերևս պատճառն այն էր, որ Բաղդադյանը  երիտասարդ նոր ըմբիշների է փնտրում, սակայն նրանք այդպես էլ չկարողացան դրսևորել իրենց:

Մրցագորգ դուրս եկած 113 ըմբիշների կեսից ավելին երիտասարդներ էին, սակայն նրանցից ոչ մեկին չհաջողվեց հաղթող դառնալ: Ի դեպ, մի քանի քաշային կարգերում մասնակիցները քիչ էին: Մասնավորապես,120 կգ և 96 կգ քաշային կարգերում համապատասխանաբար` 5 և 7 ըմբիշներ էին: Մինչդեռ այս քաշային կարգերում է, որ Հայաստանի հավաքականում բարձրակարգ մարզիկներ ունենալու խնդիրներ են ծագում:

Ինչևէ, չեմպիոն դարձան  Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Աշոտ Տերտերյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ),  Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Մահոմեդովը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) և Ռուսլան Բասիևը (120 կգ)։ Ուշագրավն այն է, որ պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնած բոլոր ըմբիշներն էլ Հայաստանի հավաքականի հնաբնակներ են: Ընդ որում, նրանցից Մութազալիևը, Մահոմեդովը, Բասիևը  Ռուսաստանից հրավիրված ըմբիշներ են` լեգեոնականներ: Իսկ Տերտերյանը, նույնպես Ռուսաստանի բնակիչ լինելով, ցանկություն է հայտնել համալրելու Հայաստանի հավաքականը: Ի դեպ, 60 կգ քաշայինների մրցավեճին ծնկի վնասվածքի պատճառով չմասնակցեց  Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոն Արթուր Առաքելյանը: Մի խոսքով, ստացվում է, որ 7 քաշային կարգերից 4-ում հաղթել են դրսում վարպետության դասեր ստացած մարզիկները: Այնպես որ, նրանց մասին կարելի է ասել` եկան, տեսան, հաղթեցին: Իսկ թե ինչու այդ ըմբիշներին արժանի մրցակիցներ չկան Հայաստանում մարզվողների թվում, դժվար է ասել:

Այդ դեպքում հարց կարող է ծագել, թե ինչով են զբաղված Հայաստանի մարզադպրոցներում աշխատող մարզիչները: Ընդ որում, մրցագորգ էին դուրս եկել Երևանը, Արտաշատը, Գառնին, Աբովյանը, Գյումրին, Վանաձորը, Արմավիրը, Իջևանը, Գորիսը և Արցախը ներկայացնող ըմբիշներ: Ի դեպ, աչքի ընկնող մարզիկների համար պատկառելի պարգևներ էին սահմանված: Հաղթողները ստացան 500-ական դոլար: 2-րդ և 3-րդ մրցանակակիրների համար նախատեսված էր համապատասխանաբար 300 և 200 դոլար: Չեմպիոնների մարզիչներին էլ բաժին հասավ 200-ական դոլար։

Ընդ որում, անցկացվեցին նաև լավագույն 3-րդ տեղ գրաված մարզիկին որոշելու համար գոտեմարտեր, որն ըմբշամարտում ընդունված չէ։ Սակայն Հայաստանում սա արդեն սովորական է դարձել: Իսկ նպատակն այն է, որ  որոշվեն հավաքականում ընդգրկված, ամենամսյա դրամական նպաստ ստացող տարբեր  քաշային կարգերի 3-ական լավագույն ըմբիշները։ Փաստորեն, մարզիկները, անգամ արդյունքների բացակայության պայմաններում, պատկառելի փողեր են ստանում, նրանց հետ  աշխատող անձնական մարզիչներին էլ այդ գումարների կեսն է հանձնվում: Եվ հարց է մնում, թե այդ փողերն անտեղի չե՞ն վատնվում:

Երկու կարծիք լինել չի կարող, որ աշխարհում մեծ տարածում ունեցած ազատ ոճի ըմբշամարտը մեր երկրում կաղում է: Իսկ այն, որ Հայաստանի առաջնությունում աչքի ընկած մարզիկների թվում չկան նոր անուններ, վկայում է այն մասին, որ տեղաշարժը դանդաղում է: Իսկ այդպիսի պայմաններում հազիվ թե նոր սկսված մրցաշրջանում սպասելիքները մեծ լինեն: Թերևս սա այնքան էլ մտահոգող չլիներ, եթե Հայաստանում շատ լինեին այնպիսի մարզաձևերը, որոնց ներկայացուցիչների հետ հույսեր են կապում, որ միջազգային ստուգատեսներից մեդալներ կբերեն, կհարստացնեն հայկական սպորտի տարեգրությունը:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, որ նախկինում երկար տարիներ գլխավորել է ազատ ոճի ըմբշամարտի մեր երկրի հավաքականը, չթաքցրեց, որ ներկայումս մարզիկների դրսևորած պատրաստականության մակարդակը չի կարելի նորմալ համարել: Դրա պատճառը համարվեց այն, որ տարին նոր է սկսվել: Փորձառու ըմբիշներն էլ իրենց առջև գերնպատակ չեն դրել դուրս գալու մրցագորգ լավագույն մարզավիճակով: Այդ բացը շտկվելու է առաջիկայում: Ուսումնամարզական հավաքներ են անցկացվելու: Մարզիկները նախապատրաստվելու են մարտին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Չէի ասի, թե Հայաստանի առաջնությունում նոր անուններ ի հայտ եկան: Հիմնականում այն ըմբիշներն էին եղանակ ստեղծում, ովքեր աչքի էին ընկել նաև նախկինում: Թերևս այս առումով ուշադրության կենտրոնում հայտնվեց 84 կգ քաշային Մահոմեդովը: Այս հրավիրված ըմբիշը եզրափակչում հաղթեց մեր մեկ այլ լեգեոնականի`  Լալիևին, որ արդեն երկար ժամանակ է, ինչ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Մասնագետների մեծ մասի կարծիքով` Մահոմեդովն ավելի խոստումնալից ըմբիշ է, և  նա այս անգամ դա ապացուցեց: Հաղթող դարձած Կրասնոդարի ներկայացուցիչ Տերտերյանն էլ ոչ թե իր համար սովորական 55 կգ քաշային կարգում հանդես եկավ, այլ ավելի բարձրում: Կրասնոդարցի Դավիթ Սաֆարյանն էլ հիվանդության պատճառով հանդես չեկավ, սակայն նա հեռանկարային ըմբիշ է և կներգրավվի Հայաստանի հավաքականի ուսումնամարզական պարապմունքներում: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ 60 կգ, 66 կգ, 74 կգ քաշային կարգում ամեն ինչ կարգին է, հավաքականում տեղ գրավելու համար արժանի մրցակցություն կա: Մեր խնդիրները բարձր` 84 կգ, 96 կգ քաշային կարգերում են: Ավելի բարդ է վիճակը գերծանր քաշային  կարգում: Բասիևն արդեն տարիքն առել է, և նրանից մեծ սպասելիքներ ունենալ չենք կարող: Պետք է աշխատանք տարվի: Ես կողմ եմ, որ ապավինենք մեր ըմբիշների ուժերին և տեղում կադրեր աճեցնենք: Փաստն այն է, որ Հայաստանը ներկայումս չի կարող 7 քաշային կարգերում էլ ուժեղ ըմբիշներ ունենալ»,-ասաց Ենոքյանը:

Առաջիկայում ուսումնամարզական հավաք կկազմակերպվի Երևանում: Փետրվարի 9-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Թուրքիայի Ստամբուլ քաղաքը, որպեսզի մասնակցի միջազգային մրցաշարի: Ապա մերոնք հանդես կգան Վրաստանում կազմակերպված միջազգային մրցաշարում, ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Դրան կհաջորդի երևանյան ուսումնամարզական հավաքը: Իսկ մարտի վերջին էլ հավաքականը կմեկնի Դորտմունդ` ուժերը չափելու Եվրոպայի առաջնությունում:

Դիտվել է 1825 անգամ:
Print Friendly

Leave a Reply