«Իսլամիստները հնարավոր և ոչ ցանկալի այլընտրանք են Մուբարաքին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 4, 2011 14:04

Անցած և նախորդ շաբաթներին աշխարհի ուշադրությունը սևեռված էր արաբական աշխարհին: Աֆրիկան ալեկոծված է: Ալիքը սկսվեց Թունիսից ու տարածվեց Սուդանում, Եմենում, Հորդանանում ու Եգիպտոսում: Թունիսի ընդդիմադիրների հաջողությունը ոգեշնչեց մյուս երկրների ժողովուրդներին, որոնք ապրում են սոցիալական ծանր պայմաններում և ցանկանում են ձերբազատվել տասնյակ տարիներ իշխող ղեկավարներից: Ամենուրեք զանգվածային շարժումներ սկսվեցին, որոնք պահանջում են գործող կառավարության հրաժարականը: Սակայն առավել թեժ կետը ներկայիս դրությամբ Եգիպտոսն է, որտեղ զանգվածային անկարգությունների հետևանքով զոհերի թիվն անցել է 150-ից, երկիրը կաթվածահար է, արտասահմանյան երկրները ջանում են դուրս բերել այնտեղից իրենց զբոսաշրջիկներին, ներդրողները կասեցնում են իրենց գործարքները, բանտերից փախչում են հազարավոր բանտարկյալներ, փակվում են օդանավակայաններն ու նավահանգիստները:  Մի խոսքով, իրավիճակն անկառավարելի է: Որքա՞ն կտևեն  և ինչով կվերջանան Եգիպտոսի անկարգությունները:  Այս մասին «Ռոսիա 24»-ին  կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի  Արաբական կենտրոնի  գլխավոր գիտաշխատող  Բագրատ Սեյրանյանը:

«Այժմ Եգիպտոսում  իրավիճակը ծայրահեղ լարված է,- ասում է Սեյրանյանը:- Շարժումը տարերային է, այդ պատճառով գնահատելը  դժվար է: Բայց ինձ թվում է, որ 8-10 օրից արդեն պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ դեպքերը կընթանան»:

Փորձագետի կարծիքով` կա երկու տարբերակ. առաջին` Մուբարաքը կմնա իշխանության գլուխ, երկրորդ` նրան  գահընկեց կանեն, և իրավիճակը դժվար կլինի վերահսկել: «Երկրորդ տարբերակն այնքան էլ ցանկալի չէ,  քանի որ պարզ չէ, թե որ  ուժերը կգան իշխանության,- ասում է քաղաքագետը:- Այնտեղ միակ լուրջ ուժը «Մահմեդական եղբայրներն» են,  որը աջ ծայրահեղ կազմակերպություն է, իսլամիստներ են,:

Ինչ վերաբերում է Էլ Բարադեյին,  ապա նա վերջին 8-10 տարիներին Եգիպտոսում չի ապրել: Ուստի նա  եգիպտական էլիտայում խոր արմատներ չունի: «Նա հարգված մարդ է, Եգիպտոսում  քչերից է մեկն է որպես Նոբելյան մրցանակակիր: Բայց ինձ թվում է`  նա այն քաղաքական դեմքը չէ,  որ կարող է առաջնորդել Եգիպտոսի շարժումը»,- նշում է Սեյրանյանը:

«Եթե  Բարադեյին հաջողվի  գալ իշխանության,  դա իհարկե կլինի արևմտամետ   վարչակարգ,- համոզված է փորձագետը:-  Բայց բանն այն է, որ նա պետական աշխատանքի լուրջ փորձ չունի:  Նա  տեխնոկրատ է, լավ մասնագետ, ոչ վատ գիտնական, բայց քաղաքական գործիչ չէ  և դժվար թե  այդ ասպարեզում իրեն  շատ լավ դրսևորի»:

«Եթե Եգիպտոսում ազատ ընտրություններ լինեն, ապա  ձայների մեծամասնությունը կվերցնի «Մահմեդական եղբայրները:  Այդ տարբերակը ցանկալի չէ:  Խնդիրը այն է, որ թույլ չտրվի մահմեդականներին գալ իշխանության:  Այդ խնդիրը կար և՛ Նասերի, և՛ Սաադատի օրոք: Ես կարծում եմ, որ հիմա այդ խնդրի առաջ է կանգնած Եգիպտոսը:  Դա է գլխավորը»,-ամփոփում է Սեյրանյանը:

Սրանից հետո հայտնի դարձավ, որ Եգիպտոսում նախագահի թեկնածու է ոչ միան ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ Էլ Բարադեյը,  այլև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսան: Նա եղել է նաև Եգիպտոսի արտգործնախարար և համընդհանուր ընդունված քաղաքական գործիչ է  համարվել:

Մուհամեդ էլ Բարադեյը հայտարարեց, որ նախագահ Մուբարաքը   մինչև  ուրբաթ պետք է հեռանա: Եգիպտոսի ամենահին ընդդիմադիր կուսակցության`«Վաֆտի» ներկայացուցիչներն էլ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով հայտարարեցին,որ եգիպտական ընդդիմությունը ձևավորել է միացյալ ազգային ճակատ: Իսկ եգիպտական բանակը, ականատեսների վկայությամբ, սպասողական դիրք է գրավել: Նրանք հայտարարել են,որ զինված ուժերը հասկանում են մարդկանց պահանջը և ուժ չեն կիրառի սեփական ժողովրդի դեմ:

Իսկ երեկ Հոսնի Մուբարաքը,  հեռուստաեթերով  դիմելով ժողովրդին,  հայտարարեց ,որ սեպտեմբերին` հաջորդ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը վեցերորդ անգամ չի առաջադրի և  այդ ամիսները  կօգտագործի իշխանությունը խաղաղ փոխանցելու համար: 82-ամյա և 1981-ից ի վեր նախագահող Մուբարաքը հասկացրեց.«Ես կմեռնեմ միայն եգիպտական հողում»:

Նա նշեց,որ վերջին օրերի իրադարձությունները ժողովրդին կանգնեցրել են երկընտրանքի առջև` քաո՞ս, թե՞ կայունություն, և կոչ արեց ընտրել կայունությունը,ոչ թե անարխիան: Նաև համոզմունք հայտնեց, որ այնուամենայնիվ Եգիպտոսն այս վիճակից դուրս կգա ավելի ուժեղ, քան առաջ:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply