Երկգլխանի գեղեցկուհին կամ Սոտքի «աստղը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 5, 2011 9:00

«Вставайте, у нас теленек родился»,- դուռն արագ բացելով` ասում է «Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի շունը, և տան անդամները շտապում են գոմ` տեսնելու և ուրախանալու նոր հորթով:

Հենց այսպես էլ Սոտքի բնակիչ Հակոբ Ավետյանը հունվարյան մի առավոտ բացեց տան դուռն ու գոռաց`  կովը ծնում է, եկե՛ք, օգնե՛ք: Պատճառն անփորձությունը չէր (Հակոբը 20 տարվա անասնապահ է), այլ աննախադեպ դժվար ծնունդը: Ընտանիքի չորս անդամներն են օգնել կովի ծնելուն: Նոր հորթուկ ունենալուց հետո նրանց առաջին արձագանքը ոչ թե ուրախությունն էր, այլ զարմանքը. հորթուկը երկու գլուխ ուներ: Հորթի դժվար ծնվելն էլ հենց կապված էր գլխի մեծության հետ:  Սա կովի չորրորդ հորթն է, նախկինները ոչնչով չեն առանձնացել:

Երկու գլուխ  ունենալն այս հորթուկի միակ առանձնահատկությունը չէ: Հորթուկի սեռը որոշելը պակաս զարմանք չառաջացրեց: Հորթուկը էգ է` որձին բնորոշ հատկանիշներով: Հակոբը պնդում է, որ դա ուղղակի պորտն է: Բժշկի բացահայտմանը հաջորդեց կանխորոշումը` հորթուկը կապրի երեք օր: Բժշկի նշած ժամկետն անցել է, բայց հորթուկի ինքնազգացողությունը նախորդ օրերի նման լավ է:

9 ամիս Ավետյանների ընտանիքը սպասում էր նորմալ հորթի, որը ընտանիքի տնտեսությանն օգուտ կբերեր: Բայց չեն տխրում. դա ուրախություն  ու հետաքրքրություն մտցրեց  նրանց գյուղական սովորական ու միօրինակ կյանքում: Նրանք շարունակում են  խնամել հորթուկին նույն հոգատարությամբ, ինչ նախորդ միգլխանիներին: Ավելին: Այս հորթը նախորդների կամ նորմալ հորթի նման կաթն անմիջականորեն իր մորից չի կարողանում ուտել: Ավետյանները դրան էլ են լուծում գտել: Օղու շիշը դարձրել են կաթի շիշ, վրան ամրացրել ծծակ և դրանով օրը երեք անգամ կերակրում են  հորթուկին: Հորթուկն էլ կարողանում է միանգամից երկու բերանով երկու շշից ուտել:

Դա զվարճացնում է ուրիշներին,  բայց տան փոքրի` Կարինայի  խղճահարությունն է առաջացնում: Կարինան հորթուկներին սիրում է, սակայն գոմ չի մտնում: Նա չի ուզում տեսնել երկգլխանուն, խղճում է,  մանավանդ որ գիտի` նրա օրերը հաշված են: Գյուղում բնակվող անասնաբույժը հորթուկի համար 20 օրից մինչև մեկ ամսվա կյանք է կանխորոշում: Մասիս Աբրահամյանը համոզված է` հորթուկը չի կարող ապրել, որովհետև գլխի ծանրության պատճառով նույնիսկ քայլել չի կարող (հորթերը, սովորաբար,  քայլում են ծնվելուց երեք ժամ անց:) Մասնագետը բացահայտում է նաև առեղծվածը: Պտուղը պետք է լիներ զույգ, սակայն չի բաժանվել և ծնվել է այսպիսի խեղմամբ:

Այս օրերին Սոտքի «աստղին» տեսնելու, նրա հետ նկարվելու են գալիս ոչ միայն համագյուղացինեը: Հորթը շատերին է հետաքրքրել: Ինչպես «Պրոստոկվաշինոյի» բնակիչներն են ուրախանում իրենց նորածին հորթով, այնպես էլ Սոտքում են ուրախանում ու շարունակում զարմանալ երկգլխանիով: Ընտանիքը համակերպվել է, գոմում նրան առանձին տեղ է հատկացրել ու անվանել Ջեյրան: Գոմում չորս կով էլ դեռ պետք է ծնեն: Ավետյանները հուսով են, որ գոնե դրանք նորմալ կծնվեն: Ջեյրանն իրենց հերիք է:

Եթե Հայաստանում և հատկապես Գեղարքունիքում  հորթուկը  բացառիկ կարգավիճակում է, ապա կենդանական  աշխարհում նրա նմանակները քիչ չեն: Մենք փնտրել, գտել ու ձեզ ենք ներկայացնում  աշխարհում հայտնի երկգլխանի կենդանիների տասնյակը:

1.Այս սպիտակ և մոխրագույն երկգլխանի կատուն ծնվել է Արևմտյան Ավստրալիայում: Փոքրիկ կատուն մարդու մեկ ձեռքից էլ փոքր է ծնվել: Նրա հետ միասին երեք  կատու էլ է ծնվել, սակայն մյուսները ոչնչով աչքի չեն ընկել: Կատուն ուտում է միայն մեկ բերանով, բայց մլավում է միանգամից երկուսով: Մասնագետները նկատել են, որ միլիոն կատվից միայն մեկն է  ծնվում երկու գլխով, այնուամենայնիվ, դեֆորմացումը կատուների մեջ ավելի հաճախ  պատահող երևույթ է, քան այլ կենդանիների մեջ:

2.Այս երկգլխանի մողեսը  գտնվել է  2008 թ. հունիսի 3-ին Չինաստանի Հուաիհաու քաղաքի անտիկ իրերի խանութում: Մողեսը մոտ 10 սմ երկարություն ունի, սողում է դանդաղորեն և կարող է շարժվել  առաջ և  հակառակ ուղղությամբ՝  առանց շրջելու  գլուխը:

3. Այս երկգլխանի խոզուկի ծնունդը Չինաստանում  հիացմունքով  ընդունվեց: Խոզը Չինաստանում համարվում է պտղաբերության խորհրդանիշ: Խոզուկը ծնվել է 2007-ին` Խոզի տարում: Ուստի այդ խոզի ծնունդը համարվեց օրհնություն և հաջող տարվա նշան:

4.Այս տարօրինակ երկգլխանի օձին հայտնաբերել են Շրի Լանկայի մի խումբ անասնաբույժներ՝ Կոլոմբո կենդանաբանական այգում:

5. Երկգլխանի կրիան հայտնաբերվել է Ֆլորիդայում` ընտանի կենդանիների խանութում: Խանութի սեփականատերը ստացել է մի անծանոթից: Նման դեֆորմացում ունեցող կրիաները սովորաբար սատկում են անմիջապես ծնվելուց հետո: Այս մեկն  ուրիշ է: Ըստ  մասնագետների` կրիան կարող է ապրել երկար տարիներ: Կենդանու ճակատագիրը հիմա անհայտ է,որովհետև այն գողացել են խանութից:

6. Այս անսովոր երկգլխանի, ավելի ճիշտ` սիամյան  կոկորդիլոսը 2001 թ. Թաիլանդում հայտնաբերել է կոկորդիլոսներով զբաղվող մի ֆերմա:

7. Սոտքի երկգլխանի հորթն  աշխարհում առաջինը չէ: Վերջերս նման հորթ ծնվեց նաև Վրաստանում, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում գտնված այս կովն  էլ ունի երկու լեզու, բայց, ի տարբերություն մեր հորթի, մեկ բերան:

8. Այս երկգլխանի գառը ծնվել է Իսլանդիայում` խուճապի մատնելով  փորձագետներին: Մասնագետներն ասում են, որ երկգլխանի գառը շատ հազվադեպ երևույթ է,  բայց բացառիկ չէ:

9. Մորեխի երկու  գլուխներից կարմիրն ավելի գրավիչ է, հավանաբար գիշատիչներին շեղելու համար, երկրորդը` իսկականը` պահպանելու համար:

10. Այս մուտացված ձուկը   որսացել  են Աթաբասկա լճում: Ոսկեաչյան 2.5 կգ է կշռում, ունի երկու բերան, բայց ոչ թե կողք կողքի, այլ վեր ու վար:

Դիտվել է 1832 անգամ:
Print Friendly

Leave a Reply