Հայաստանում այս տարի որդեգրել են 26 երեխայի, որոնցից 14-ին` սփյուռքահայեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 4, 2009 16:20

mankatunՀանրապետության մանկատներից այս տարվա առաջին կիսամյակում որդեգրվել է 26 երեխա: Որդեգրող ընտանիքներից 14-ը օտարերկրյա քաղաքացիներ են, մասնավորապես` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, իսկ 12-ը` Հայաստանից: Իսկ անցած տարի  որդեգրվել է 93 երեխա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Անկախ»-ին տեղեկացրին, որ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանից երեխաներ են որդեգրում, հիմնականում ծագումով հայեր են լինում. «50 տոկոսը հայեր են, մոտ 50 տոկոսն էլ կիսով չափ հայեր: Հազվադեպ է պատահում, որ լրիվ օտարերկրացիներ Հայաստանից երեխա որդեգրեն»:

Երեխայի որդեգրությունից հետո` մինչև նրա չափահաս դառնալը, պետական մարմինները (Սոցիալական ապահովության նախարարությունը և սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները) պարբերաբար ստուգումներ են իրականացնում որդեգրող ընտանիքներում: Իսկ արտասահմանում բնակվող ընտանիքներում վերահսկողությունն իրականացնում են տվյալ երկրի համապատասխան մարմինները. ըստ Հաագայի միջպետական կոնվենցիայի` տարեվերջում էլ հաշվետվություն են ուղարկում որդեգրված երեխայի ծննդյան երկիր:

«Հայ երեխաների հետ այսքան ժամանակ որևէ խնդիր չի եղել»,- ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:

Այժմ նախարարության 8 մանկատներում իրականացվում է առանց ծնողական խնամքի 880 երեխաների խնամք, որից 376-ը` մասնագիտացված մանկատներում:

Երեխա որդեգրել ցանկացող ընտանիքները, ըստ ՀՀ օրենսդրության, համապատասխան դիմում են ներկայացնում մարզային հանձնաժողով` կից ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանքներ բնակության վայրից, աշխատավայրից, եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, առողջական վիճակի մասին փաստաթուղթ, ամուսնության վկայական և առնվազն 3 անձի կողմից տրված բնութագիր: Մարզային հանձնաժողովը 1 ամսվա ընթացքում քննարկում է դիմումը և դրական եզրակացության դեպքում ընտանիքը հաշվառվում է որպես որդեգրողի թեկնածու:

Իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն նաև իրենց բնակության երկրի իրավասու մարմնի կողմից տրված երաշխավորագիրը` իրենց կողմից երեխա որդեգրելու վերաբերյալ:

Նախարարությունից տեղեկացրին, որ այս տարի կատարվել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների 700 երեխաների խնամք` երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ 7 հաստատություններում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին նախարարության, «Հայ ժողովրդավարական ֆորում» ու «Հայ օգնության միություն» հկ-ների կողմից համատեղ աջակցություն է ցուցաբերվում` մասնագիտական կողմնորոշում, ուսուցում, վերապատրաստում, հիմնական կարիքները բավարարող եկամտի ապահովում` դրամական օգնություն, կրթաթոշակի հատկացում, միանվագ դրամական օգնություն, բժշկական օգնության տրամադրում և այլն:

Հայրապետյանի խոսքով` հոգեբանական, իրավաբանական ծառայություններից օգտվելուց բացի, երեխաներն ընդգրկվել են նաև նկարչության, երգի և այլ խմբակներում:

Դիտվել է 1774 անգամ:
Print Friendly

Leave a Reply