Այս տարի լրանում է Թբիլիսիի հայկական թատրոնի 155 ամյակը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 4, 2011 11:34

Թբիլիսիում գործող պետական հայկական դրամատիկական թատրոնն աշխարհում գոյություն ունեցող միակ պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս: Թատրոնի պատմության մեջ իր ավանդն ունի հայ դրամատուրգ, հասարակական գործիչ Գաբրիել Սունդուկյանը: Այս տարի լրանում է թատրոնի 155 ամյակը:

Թբիլիսիում 1824 թվականից սկսած` Ներսիսյան դպրոցում հայերենով ներկայացումներ էին բեմադրվում, իսկ հետագայում նաեւ քաղաքի այլ բեմերում: 1880-ականներին թատրոնի ծաղկման գործում կարեւորագույն նշանակություն ունեցավ մեծանուն ողբերգակ Պետրոս Ադամյանը: Թատրոնի հետագա գործունեությունը կապվում է Հակոբ Պարոնյանի եւ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունների հետ: 1905-1907 թթ հայկական թատրոնը ստեղծագործական մեծ վերելք ապրեց: 1910-ականներին նոր դերասաններ եկան, որոնք դարձան բեմի վարպետներ` Հասմիկ, Ալիխանյան, Պ. Ադամյան, Օ. Գուլազյան, Քնարիկ, Մ. Մանվելյան, Ա. Ոսկանյան, Վ. Փափազյան:

1918-1920 թվականները թատրոնի համար ճգնաժամային էին: 1921 թվականի մայիսի 1-ին թատրոնը ստանում է պետական կարգավիճակ եւ կոչվում Ստեփան Շահումյանի անվան հայկական թատրոն: Իսկ 1936-ին արդեն Թիֆլիսի հայտնի հայկական Հավլաբար թաղամասում կառուցվում է թատրոնի շենքը: Արդեն իսկ 1856 թվականին կազմավորվեց հայկական թատրոն` արհեստավարժ թատերախմբով, որը ղեկավարում էր Գեւորգ Չմշկյանը:

Տարիներ անց` 1991 թվականին, թատրոնը վերանվանվեց եւ դարձավ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն: Թբիլիսին միայն տեղաբնակ դերասանների թատերական կենտրոն չէր, այն նպաստում էր նաեւ հայաստանաբնակ այնպիսի տաղանդաշատ դերասանների ի հայտ գալուն, ինչպիսիք են` Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյանը, ուրիշներ:

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply