Գրքի ցուցահանդեսներ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 4, 2011 11:03

Ընթացիկ տարում կկազմակերպվեն գրքի ցուցահանդեսներ գրատպության 500 ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Ասոցիացիան ակտիվորեն աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ: Փետրվարի 17-19-ը գրքի ցուցահանդես կկազմակերպվի Խնկո Ապոր անվան մանկապատանեկան գրադարանում: Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 30 հրատարակիչներ, որոնք կներկայացնեն վերջին շրջանում հրատարակված գրքերը: Գրքի առավել մեծ ցուցահանդես կանցկացվի ապրիլի 23-ին, որը Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է:

Մ. Կարապետյանը նշեց, որ ցուցահանդեսը միջազգային բնույթ է կրելու, հրավիրվելու են Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Նրա խոսքով` նախատեսում են ակտիվորեն աշխատել Հայաստանում գործող դեսպանատների հետ, որպեսզի նրանք էլ ներկայացված լինեն: Արդեն մի քանիսի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել:

Ապրիլի 23-ին կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 50 հրատարակիչներ: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է անցկացնել սեմինար` նվիրված հեղինակային իրավունքին: «Գրքի ցուցահանդեսը լավ առիթ է վերջին տարիներին ունեցած լավագույն գրքերը ներկայացնելու համար: Նմանատիպ միջոցառումները եւս մեկ հնարավորություն են տալիս գիրքը պրոպագանդելու, մարդկանց գրքին մոտեցնելու առումով»,-ասաց Մ. Կարապետյանը:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply