Արման Կիրակոսյան.«Ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ նորմերին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2011 10:51

Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին

– Վերջին ամսվա ընթացքում Մերձավոր Արեւելքում տեղի են ունենում լրջագույն իրադարձություններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Նախՙ Սուդանը, որտեղ հունվարին տեղի ունեցավ հանրաքվե, որը պետք է որոշեր երկրի ճակատագիրը. մնալո՞ւ է միասնական, թե Հարավային Սուդանը, դե յուրե անջատվելով Հյուսիսային Սուդանից, ստեղծելու է նոր, անկախ եւ ինքնիշխան պետություն: «Ազգի» հարցի առնչությամբ, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել այս իրավիճակը, եւ արդյոք Հարավային Սուդանի փորձը կիրառելի կլինի՞ Լեռնային Ղարաբաղի պարագայում, ներկայացնում ենք Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի պատասխանը:

– Հարավային Սուդանի հանրաքվեին կամ, ավելի ստույգ, երկրի հյուսիսի եւ հարավի միջեւ 2005թ. ձեռք բերված «Համապարփակ խաղաղության» համաձայնագրին նախորդել էին 22-ամյա ռազմական բախումները: Հունվարի 9-15-ը Սուդանի իշխանությունները նախաձեռնեցին հանրաքվեի իրականացումը, որի մասին պայմանավորվածությունը կայացել էր 2005թ. հունվարին Սուդանի կառավարության եւ Սուդանի ազգային-ազատագրական շարժում/Սուդանի ազգային-ազատագրական բանակի միջեւ ստորագրված «Համապարփակ խաղաղության» համաձայնագրի դրույթներով: Այն նախատեսում էր համաձայնագրի ստորագրումից 6 տարի հետո Հարավային Սուդանում իրականացնել հանրաքվե:

Համաձայնագրով սահմանված վեցամյա անցումային շրջանը նախատեսված էր «Սուդանի միասնականությունը հարավի համար գրավիչ դարձնելու» նպատակով: Բուն հանրաքվեն իրականացնելու համար 2009թ. դեկտեմբերին ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ, որով կողմերը սահմանում էին չափանիշներ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների համար:

Հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտարարվելու են փետրվարի 14-ին: Այս պահին Հարավային Սուդանում մշակվել է քվեաթերթիկների գրեթե 99%-ը, եւ արդյունքների ընդհանուր պատկերն արդեն իսկ պարզ է: Նախնական տվյալներով անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 98,8%: Այսինքն, վստահաբար կարելի է ասել, որ միջազգային հանրությունը շուտով կհամալրվի նոր սուբյեկտով, Հարավային Սուդանի անկախության հռչակումը նախատեսված է 2011թ. հուլիսին:

Ինչ վերաբերում է Հարավային Սուդանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռներին, ապա պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է այլ հակամարտություններից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն իսկ կատարել է իր ընտրությունը եւ 1991թ. հայտարարել է իր անկախությունը:

Ուշագրավ է, որ Սուդանի իշխանությունները սկզբից եւեթ հայտարարեցին, որ կընդունեն հանրաքվեի ամեն մի արդյունք եւ ջանքեր կգործադրեն դրա կատարման ուղղությամբ: Հարավային Սուդանի օրինակը մեկ անգամ եւս փաստում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող ստորադասվել միջազգային իրավունքի այլ նորմերին, ավելին, վերջին տարիներին մենք ականատես ենք հենց ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա պետությունների ստեղծմանը: Սա ընդունում է Սուդանի իշխանությունը, ընդունում է միջազգային հանրությունը եւ պետք է ընդունի նաեւ Ադրբեջանը:

–  Ալժիրում` ավելի մեղմ, Թունիսում` ավելի զորեղ, տեղի ունեցան ժողովրդական ընդվզումներ, որոնք Թունիսի երկարամյա նախագահ Բեն Ալիի եւ նրա կառավարության համար ավարտվեցին պաշտոնաթողությամբ, եւ նախագահը ստիպված եղավ լքել երկիրը: Ընդվզումների ալիքը տեղափոխվեց Եգիպտոս, ուր արդեն մեկ շաբաթ ցուցարարները պահանջում են երեք տասնամյակ պաշտոնավարող նախագահ Մուբարաքի հրաժարականը: Եգիպտոսը եւ Թունիսը գրավիչ զբոսաշրջային ուղղություններ են նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Ինչպիսին է իրավիճակն այդ երկրներում եւ ինչ քայլեր են ձեռնարկվում մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

–  Հայաստանն իր անկախությունից ի վեր ջերմ եւ փոխշահավետ քաղաքական հարաբերություններ է զարգացրել արաբական երկրների հետ: Անշուշտ, մեր մշտական ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային զարգացումները, եւ մենք գիտակցում ենք, որ տարածաշրջանում առկա են արմատական լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ:

Եգիպտոսը տարածաշրջանի հեղինակավոր երկրներից է, որը ծանրակշիռ դեր ունի Արաբական պետությունների լիգայում, Աֆրիկյան միությունում, ներպաղեստինյան կարգավորման հիմնական միջնորդներից է եւ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում մշտապես ցուցաբերել է հավասարակշռված ու հեռանկարային քաղաքականություն: Կարծում ենք, որ թե՛ Եգիպտոսում եւ թե՛ Թունիսում պետք է իրականացվեն խոր բարեփոխումներ, որոնց արդյունքները պետք է նպաստեն հասարակության բարեկեցության բարձրացմանը, ներքաղաքական կայունության ու ժողովրդավարության հաստատմանը:

Ինչ վերաբերում է այդ երկրներում ՀՀ քաղաքացիների հետ կապված խնդիրներին, ապա Թունիսում ներկա պահին ՀՀ քաղաքացիներ չկան: ԱԳ նախարարությունը մշտական կապի մեջ է Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ: Ներկա պահին, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա հանգստավայրերում են գտնվում 164 ՀՀ քաղաքացիներ, եւս 65 ՀՀ քաղաքացի, որոնց շարքում են նաեւ երկքաղաքացիություն ունեցող անձինք, հաշվառվել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում:

Այս թվերը փոփոխական են, դեսպանությունում բացվել է «թեժ գիծ», եւ մշտապես թարմացվում են տվյալները: Իրավիճակը հանգստավայրերում հանդարտ է, կառավարությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել երկրի տուրիստական կենտրոններում: Այս պահին, եգիպտական իշխանությունների ձեռնարկած միջոցառումները բավարար են զբոսաշրջիկների անվտանգության ապահովման առումով եւ ՀՀ քաղաքացիների տարհանման խնդիր դեռեւս չի քննարկվում: Սակայն իրավիճակի բացասական զարգացման դեպքում կարող են ձեռնարկվել համապատասխան քայլեր: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներինՙ առանց հույժ անհրաժեշտության չմեկնել Եգիպտոս եւ Թունիս:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply