Նախագահական ընտրությունները Եգիպտոսում ժամկետից շուտ կլինեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 4, 2011 0:11

Նախագահական ընտրությունները Եգիպտոսում, որոնք նախատեսված էին այս տարվա սեպտեմբերին, ժամկետից շուտ կանցկացվեն: Այդ մասին եգիպտական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է փոխնախագահ Օմար Սուլեյմանը:

Հայտարարությունը հաղորդվեց այն ժամանակ, երբ արդեն երկու օր շարունակվում էին բախումները Հոսնի Մուբարաքի կողմնակիցների ու հակառակորդների միջև:

Ինչպես հայտարարել է փոխնախագահ Օմար Սուլեյմանը, նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է արդեն այս տարվա հուլիսին: Նա  նշել է, որ ոչ Մուբարաքը, ոչ նրա տղան` Համալը, որին շատերը համարում էին Մուբարաքի հետնորդը, իրենց թեկնածությունը չեն առաջադրելու, միաժամանակ նա ոչինչ չի հայտնել իր ծրագրերի մասին ընտրությունների կապակցությամբ:

Իսկ մեկնաբանելով ընդդիմության կոչերը Մուբարաքի անհապաղ հրաժարականի մասին` Սուլեյմանն այդ կոչերը համարել է անընդունելի: “Եգիպտացի ժողովրդի համար Մուբարաքի հեռանալու կոչերը տարօրինակ խնդրանք են, որոնք ըստ էության նշանակում են քաոսի կոչ”,- ասել է նա:

Փոխնախագահի խոսքով` հունվարի 25-ի շարժումը չի ծրագրվել որպես պառակտող, “բողոքողների պահանջներն օրինական էին”: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ հետագա օրերին, ներառյալ անկարգությունները և հարձակումները, “իսկական դավադրություն” դարձան:

“Բայց եգիպտական պետությունն ուժեղ է և կհաղթահարի առաջացած խնդիրները”,- վստահ է փոխնախագահը:

Սուլեյմանը մերժելի է համարել նաև ուրիշ պետությունների խառնվելը Եգիպտոսի գործերին:
Վերջին երկու օրվա ընթացքում Կահիրեում ծեծվել են մի քանի արտասահմանցի ռեպորտյորներ, նաև` ռուս լրագրողներ: Շատ եգիպտացիների նրանք հիմա “արտասահմանցի լրտես” են թվում: Եգիպտոսի մայրաքաղաքում յուրաքանչյուր տեսախցիկի հայտնվելը անկարգությունների մասնակիցներն ընկալում են որպես մարտահրավեր:  Մայրաքաղաքի Թահրիր կենտրոնական հրապարակում մի արտասահմանցու այնքան են ծեծել, որ մահացել է: Մուբարաքի կողմնակիցների ու հակառակորդների բախումների հետևանքով արդեն 10 մարդ է մահացել: Ըստ պաշտոնական տվյալների, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, 890 մարդ վիրավոր է:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply