Նախագահական ընտրությունները Եգիպտոսում կանցնեն առանց Մուբարաքի որդու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 3, 2011 19:37

Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը հայտարարեց, որ ո՛չ գործող նախագահ Հոսնի Մուբարաքը, ո՛չ նրա որդի Համալ Մուբարաքը հաջորդ նախագահական ընտրություններում չեն առաջադրի իրենց թեկնածությունը: Այդ մասին փետրվարի 3-ին հաղորդեց Agence France-Presse-ը:

46-ամյա Համալ Մուբարաքը գլխավորում է Եգիպտոսի իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության քաղբյուրոն: ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Եգիպտոսում զանգվածային անկարգություններ սկսվելուց հետո նա նախագահի մյուս որդու` Ալիի հետ միասին մեկնել է Լոնդոն: Այն, որ Համալ Մուբարաքը կարող է հոր հետնորդը դառնալ, շատ վերլուծաբաններ են ասել:

Reuters գործակալության տվյալների համաձայն` Եգիպտոսի պետական հեռուստատեսությունը նաև փետրվարի 3-ին հայտնել է, որ ցույցերի գրեթե բոլոր ձերբակալված մասնակիցները մոտ ապագայում կազատվեն: Անազատության մեջ կմնան միայն նրանք, ովքեր կասկածվում են քրեական հանցագործություններ կատարելու մեջ:

 BBC News-ը նույնպես, հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը, հայտնում է, որ երկրի փոխնախագահ Օմար Սուլեյմանը խոստացել է փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ: Փոփոխություններն առնչվում են նախագահի պաշտոնի թեկնածուներին առաջադրվող պահանջներին, ինչպես նաև երկրի ղեկավարի վերընտրման հնարավորությանը անսահմանափակ թվով անգամ:

Հակակառավարական ցույցերը Եգիպտոսում շարունակվում են հունվարի 25-ից: Ցույցերի մասնակիցները պահանջում են Մուբարաքի հրաժարականը, որը ղեկավարում է երկիրը 30 տարի: Հունվարի 29-ին Մուբարաքը լուծարեց կառավարությունը, բայց հայտարարեց, որ ինքը հրաժարական կտա միայն 2011 թ. սեպտեմբերին: Նախագահի խոսքով` ինքը չի առաջադրի իր թեկնածությունը նոր ժամկետի համար, սակայն մտադիր չէ լքել Եգիպտոսը և պատրաստվում է կյանքի մնացած տարիներն անցկացնել Եգիպտոսում:

Մուբարաքի հայտարարությունները չբավարարեցին ընդվզողներին: Բողոքի ցույցերը շարունակվեցին: Փետրվարի 2-ին անկարգություններին միացան Մուբարաքի կողմնակիցները: Նրանք զանգվածային ծեծկռտուք սադրեցին Թահրիր հրապարակում, որի հետևանքով վիրավորվեց մոտ 600 և սպանվեց 4 մարդ: Մի շաբաթվա ընթացքում անկարգությունների հետևանքով, ըստ որոշ տվյալների, զոհվեց մոտ 300 մարդ:

Փետրվարի 4-ին Մուբարաքի հակառակորդները մտադիր են երթ կազմակերպել դեպի նախագահական պալատը և պահանջել պետության ղեկավարի անհապաղ հրաժարականը: Նրանք այդ օրն անվանում են Մուբարաքի “Հրաժեշի օր”:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply