Ինտերնետում հայտնվել է Ասանժի քրեական գործը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 19:33
Cryptome.org կայքում հայտնվել են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի քրեական գործի նյութերը, որը մեղադրվում է Շվեդիայի իշխանությունների կողմից սեռական բնույթի հանցագործությունների մեջ:
Ինչպես ասվում է փաստաթղթերին կցված նամակում, նյութերն Ասանժի փաստաբան Բյոռն Հարթիգը (Bjorn Hurtig) ուղարկել է իր գործընկեր Ջենիֆեր Ռոբինսոնին (Jennifer Robinson), որը նույնպես աշխատում է Ասանժի հետ: “Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ փաստաթղթերը բովանդակում են հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն միստր Ջուլիան Ասանժի վերաբերյալ”,- գրում է Հարթիգը:
Փաստաթղթերը բաղկացած են մոտ 100 էջ հարցաքննությունների արձանագրություններից և հանցանշանների նկարագրություններից: Մասնավորապես` նյութերում մի ապահովիչի լուսանկար կա, որն Ասանժը կարող էր օգտագործել: Հանցանշանի նկարագրության մեջ նշվում է, որ ապահովիչը արտաքին վնասվածքներ ունի, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատռվել է:
Cryptome.org կայքին, սկսած 1996-ից, աջակցում է նյույորքցի Ջոն Յանգը (John Young): Ճարտարապետ Յանգը 2006-ին WikiLeaks-ի ստեղծողներից է եղել, բայց շուտով հեռացել է ծրագրից, որպեսզի գաղտնի նյութերի հրապարակումը շարունակի Ասանժից անկախ: 2011 թ. հունվարի վերջին Cryptome.org-ը հրապարակեց կիսատ մնացած OpenLeaks կայքի սքրինշոթները, որը ներկայանում էր որպես WikiLeaks-ի այլընտրանք: Այդ արտահոսքի պատճառով OpenLeaks-ը ստիպված էր բացվել ժամկետից շուտ, փաստորեն` առանց կոնտենտի:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քննում են սեռական բնույթի հանցագործությունների մեղադրանքով, որը ներկայացրել են Շվեդիայի իշխանությունները: 2010 թ. դեկտեմբերին նա ձերբակալվեց Մեծ Բրիտանիայում, սակայն հետագայում գրավով ազատ արձակվեց: Ներկայումս Ասանժը Նորֆոլկում է` տնային կալանքի տակ, որտեղ սպասում է Շվեդիա էքստրադիցիայի որոշմանը: WikiLeaks-ի հիմնադիրը պարտավոր է ամեն օր գրանցվել տեղի ոստիկանական բաժանմունքում, ինչպես նաև մարմնին ապարանջան-փարոսիկ կրել:
Ասանժը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ մեղադրանքը շինծու է, որպեսզի խանգարեն WikiLeaks-ի գործունեությանը: Ասանժի հիմնադրած կայքը մեծ համբավ ձեռք բերեց 2010 թ. գարնանը մի հոլովակի հրապարակումից հետո, որում ամերիկյան զինվորականները ուղղաթիռից կրակում են անզեն իրաքցիների վրա: Այնուհետև WikiLeaks-ը ընդարձակ քաղվածքներ հրապարակեց Իրաքի և Աֆղանստանի պատերազմի նյութերից, որոնք հիմնականում վերաբերում էին ամերիկյան զորքերի գործողություններին:
2010 թ. վերջին կայքը վարչական ուժեղ ճնշման ենթարկվեց: Մասնավորապես` WikiLeaks-ը զրկվեց ամերիկյան հոսթինգից և դոմենի wikileaks.org անվանումից: Ներկայումս կայքը տեղակայված է Շվեյցարիայում: Այսուհանդերձ, WikiLeaks-ը շարունակում է հրապարակել նոր մերկացնող նյութեր: Համարվում է, որ WikiLeaks-ի հրապարակումները խթանել են Թունիսի դեկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներին, որն էլ իր հերթին խթանեց 2011 թ. սկզբին Եգիպտոսի զանգվածային հակակառավարական ելույթները:






Facebook
Tweet This
Email This Post
