ԱԱԾ պետն ու արդարադատության նախարարը վիճել են կառավարության նիստի ժամանակ. միջամտել է վարչապետը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 18:54

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստի ժամանակ անսպասելի վեճ ծագեց ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ։

Արդարադատության նախարարը ներկայացնում էր օրենքների նախագծի մի փաթեթ, որով կանոնակարգվում են հանրահավաքների ու ցույցերի անցկացումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեությունը դրանց ընթացքում։ Այդ օրենքների նախագծերից կարեւորագույնը «Հավաքների ազատության մասին» փաստաթուղթն է։ Փոփոխություներ են առաջարկվում նաեւ վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերում, «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին» «Ոստիկանության մասին» օրենքներում։

Այս առաջարկները ակնհայտորեն հունից հանել են ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին։ «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- արդարադատության նախարարի ելույթն այսպես ընդմիջեց Գ. Հակոբյանը։ Ի պատասխան՝ Հ. Թովմասյանն ասաց, որ պետք է նայել օրենքները եւ հարցնել իրավաբանների կարծիքները։ Կողմերը այնպես բարձր տոնով էին խոսում, որ նիստի միկրաֆոնները հատուկ անջատեցին։ Բայց դրանից հետո էլ Գ. Հակոբյանը շարունակում էր բարձրաձայն դժգոհել։

Վիճաբանությանը միջամտեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ըստ էության պաշտպանելով արդարադատության նախարարին։ «Իհարկե՝ այս նախագիծն ունի լուրջ քաղաքական նշանակություն, սրա վրա նաեւ միջազգային փորձագետներն են աշխատել»,- ասաց Տ. Սարգսյանը՝ կողմերին խորհուրդ տալով եւս մեկ անգամ քննարկել տարաձայնությունները։

Դիտվել է 1744 անգամ:
Print Friendly

Leave a Reply