ՎԶԵԲ-ի նախկին ռուսաստանցի տնօրենի նկատմամբ քրեական գործ են հարուցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 17:55
ՌԴ ՆԳՆ-ին առընթեր քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի նախկին ռուսաստանցի տնօրեն Ելենա Կոտովայի նկատմամբ` “առևտրային կաշառքի փորձ” հոդվածով: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կոմիտեի պետի տեղակալ Ալեքսանդր Մատվեևին:
Մատվեևն ասել է, որ Ելենա Կոտովան գտնվում է Մոսկվայում և չի ձերբակալվել: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ձերբակալվել է արդյոք Մեծ Բրիտանիայում մի այլ ռուսաստանցի ներկայացուցիչ այդ բանկում, ինչի մասին ավելի վաղ հաղորդել են որոշ ԶԼՄ-ներ, ՔԿ-ի պետի տեղակալն ասել է, որ տեղյակ չէ ձերբակալման մասին:
Արժե նշել, որ Կոտովան ՎԶԵԲ-ում ներկայացրել է նաև Բելառուսի և Տաջիկստանի շահերը:
Լոնդոնի ոստիկանությունը 2011 թ. հունվարին հայտարարեց, որ հետաքննում է չորս ռուսաստանցի քաղաքացիների կոռուպցիայի հանցկացությունը ՎԶԵԲ-ում: Դրանից հետո Մոսկվան հետ կանչեց Կոտովային և հանձնարարեց ՆԳՆ քննիչներին ստուգում անցկացնել: Բացի այդ, ՎԶԵԲ-ի տնօրենների խորհուրդը ռուսական կողմի խնդրանքով վերացրեց նրանց անձեռնմխելիությունը դատական հետապնդումից, որից հետո բոլորն էլ հետ կանչվեցին Ռուսաստան:
ՎԶԵԲ-ում պաշտոնապես հայտարարում են, որ բանկի ներքին հետաքննությունը վեր է հանել կորպորատիվ վարքականոնների խախտում: Իսկ “Կոմերսանտ” թերթը գրեց, որ ռուսական աշխատակիցների նկատմամբ անվստահությունը պայմանավորված է ՎԶԵԲ-ի վարկերը բաշխելիս կոռուպցիայի հետ:
Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ի պահանջով, ինչպես պնդում է Reuters-ը, փետրվարի 2-ին անձեռնմխելիությունից զրկվեց Ռուսաստանի ևս մի ներկայացուցիչ ՎԶԵԲ-ում: Այս հինգրերոդ անձեռնմխելիությունից զրկված անձը ՎԶԵԲ-ի աշխատակից չէ, սակայն բանկում ներկայացրել է ռուսական կառավարության շահերը:
Բացի այդ, փետրվարի 2-ին Dow Jones գործակալությունը, հղում անելով Լոնդոնի սիթիի ոստիկանությանը, որտեղ տեղակայված է ՎԶԵԲ-ի գրասենյակը, հայտնեց, որ Մեծ Բրիտանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է 26-ամյա մի կին, որը առնչություն ունի բանկի` Ռուսաստան հետ կանչված աշխատակիցների հետ:
ՎԶԵԲ-ը ստեղծվել է երեք տասնյակ երկրներում մասնավոր սեկտորում ներդրումներ անելու համար` ԽՍՀՄ փլուզումից հետո շուկայական տնտեսության անցումը հեշտացնելու նպատակով: Ռուսաստանն ամենախոշոր տնտեսությունն է դրանց շարքում, որտեղ բանկը միջոցներ է ներդնում:






Facebook
Tweet This
Email This Post
