Արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելը ներքին թրաֆիքինգ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 3, 2011 16:14
Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) այսօր ներկայացրեց 2009-2010 թթ-ի ընթացքում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ գործատուների համար մշակած «Վարքագծի կանոնակարգ»-ը: Այն հանդիսանում է «Գործատուների վարքագծի» կանոնակարգի շարքից առաջինը:
«Վարքագծի կանոնակարգ»-ը հետագայում կլրացվի գործատուների «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կանոնակարգ»-ի մյուս անհրաժեշտ բաղադրիչներով եւ կընդունվի ամբողջությամբ: Կանոնակարգը հիմնականում ներառում է հարկադիր աշխատանքի եւ թրաֆիքինգի կանխարգելման եւ կանոնակարգի իրականացման սկզբունքները: Ներկայացված սկզբունքները վերցված են ՀՀ օրենսդրությունից եւ իրավական այլ ակտերից, ԱՄԿ-ի կոնվենցիաներից եւ առաջարկություններից` ներառելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են` Աշխատանքի հիմնարար սկզբունքների եւ իրավունքների հռչակագիրը եւ Սոցիալական քաղաքականությունը:
«Սա գործող օրենսդրության լրացում եւ միջազգային նորմերի տեղայնացում է, որը կամավորության սկզբունքով պետք է ընդունեն գործատուները` կանխարգելելով իրենց ձեռնարկություններում հարկադիր աշխատանքը»,-ասաց ՀԳՀՄ-ի նախագահ Արսեն Ղազարյանը` ավելացնելով, որ հարկադիր աշխատանքը կախվածությունն է վճարող գործատուից, ոչ մարդկային պայմաններում աշխատողներ պահելը, հարկադրելը հատուկ ռեժիմով աշխատելու, գործատուի ցանկությամբ աշխատանքից ազատելը կամ ընդունելը, հոգեբանական բարդույթներ ստեղծելը, մարդուն ստորացնելը:
Արտաժամյա աշխատանքի դիմաց չվճարելը ներքին թրաֆիքինգ է: Կանոնակարգը կառավարման միջոց է, որի նպատակն է օգնել գործատուներին արդյունավետ իրականացնել իրենց դերը հարկադիր աշխատանքի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի գործում: ԱՄԿ գլխավոր տեխնիկակական խորհրդատու Դուդաս Ժոլտը հակիրճ ներկայացրեց կանոնակարգի էությունը, ըստ որի` այն ներառում է գործատուների կողմից գործող ազգային օրենքների եւ իրավական ակտերի պարտադիր կիրառությունը, աշխատողների աշխատանքի ընտրության եւ ընդհատման ազատության իրավունքը հարկադիր աշխատանքի եւ թրաֆիքինգի բացառման նպատակով, աշխատավարձի վճարման դեպքում հարկադրանքի բացառումը` ներառյալ պարտքի դիմաց հարկադիր աշխատանքի պարտադրումը, աշխատողների աշխատավայրում տեղաշարժման ազատության ապահովումը:
Հայաստանի շինարարների միության տնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով` մշակված կանոնակարգը կներկայացվի ձեռնարկությունների բոլոր անդամներին: «Մենք մեր գործարարներին արդեն ներկայացրել ենք կանոնակարգի դրույթները»,-ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
