Գյումրիում տեղահանվելու են անօթևանների տնակները

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | February 3, 2011 14:05

Այս օրերին Շիրակի մարզային հեռուստաընկերություններով հեռարձակվող Գյումրու քաղաքապետարանի հայտարարության համաձայն` մինչև սույն թվականի փետրվարի 28-ը Մուշ-2 թաղամասում 2010 թվականին բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են տեղահանել իրենց ժամանակավոր կացարանները: Հակառակ դեպքում քաղաքապետարանը սպառնում է փետրվարի 28-ից հետո տնակները տեղահանել քաղաքապետարանի աշխատակիցների կողմից` առանց հաշվի առնելու տվյալ կացարանները տնօրինողների կարծիքները:

Այս հայտարարությունը բառիս բուն իմաստով իրարանցում է առաջացրել հատկապես բազմանդամ այն անօթևան ընտանիքների մոտ, ովքեր 6 և ավել անձով ստացել են մեկ կամ երկու սենյականոց բնակարաններ: Նրանց մի մասն երկար տարիներ բնակվել են երկու կամ երեք տնակներում և ներկայումս պատրաստվում են տեղահանել միայն տնակներից մեկը:

Խնդիրն այն է, որ երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել. հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել: Ուստի, այս ընտանիքները բավական լուրջ խնդիրներ ունեն ինչպես ստացած բնակարանի պատկանելությունը որոշելու, այնպես էլ 6-12 անձից բաղկացած երկու կամ երեք ընտանիքներով սահմանափակ մակերեսով այդ բնակարանում քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծելու առումով:

Ներկայումս «Շիրակ կենտրոն» – ին են դիմում տասնյակ բազմանդամ անօթևան ընտանիքներ, ովքեր խնդրում են աջակցել, որպեսզի իրենց թույլատրվի պահպանել ժամանակավոր կացարանների գոնե մի մասը: Այդ դեպքում բազմանդամ ընտանիքների մի մասը կտեղափոխվի բնակվելու նոր բնակարաններ, իսկ մյուս մասն էլ կշարունակի բնակվել տարիների ընթացքում որոշակի հարմարություններ ստեղծած ժամանակավոր կացարաններում:

Նշենք, որ մենք դեռևս 2010 թ. օգոստոսի 6-ին «Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած, ինքնակամ կառույցներում բնակվող բազմանդամ ընտանիքներին իրենց կողմից տնօրինվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու հնարավորություն ընձեռելու մասին» դիմում ուղերձով դիմել էինք ՀՀ վարչապետին և ՀՀ քաղաքաշինության նախարարին: Մեր դիմում ուղերձում մասնավորապես ասվում էր. «Մեր ուսումնասիրություններով` բնակարանների բաշխման ներկա փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների թվի գրեթե կեսը` 460-ը, բաղկացած են 5 և ավելի անդամներից, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակավոր կացարանները հանձնելիս  չեն կարող նոր ստացած` 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար

(http://www.shirakcentre.org/index.php/hy/library/235-2010-09-16-11-05-06.html): Ուստի կարծում ենք` տեղին կլինի, եթե որոշ բազմանդամ և  ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքների, հիմք ընդունելով ընթացիկ տարում ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն տրվի օրինականացնել իրենց ինքնակամ կառույցները և թույլատրվի նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կացարանների հանձնման: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված»:

Ի պատասխան մեր այս դիմում ուղերձի` ՀՀ քաղաքաշինության նախարարությունից 2010 թ. օգոստոսի 25-ին ստացված պատասխանում մեր կողմից արված առաջարկություններն ընդունելի չլինելը պատճառաբանվել են հետևյալ կերպ. «Աղետի գոտու քաղաքային բնակավայրերում, այդ թվում Գյումրի քաղաքում, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների կողմից զբաղեցրած ժամանակավոր կացարանների (ոչ հիմնական շինությունների) ազատման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի դրույթների համաձայն:

Դրա հետ մեկտեղ, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402 որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի դրույթների համաձայն` բնակարան ստացող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կողմից բնակությունից ազատված ոչ հիմնական շինություններն ենթակա են քանդման:

Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքում իրականացվող բանակարանային շինարարության ծրագրի շրջանակներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդրի հետ մեկտեղ լուծվում են նաև քաղաքի զարգացման տեսանկյունից կարևորվող տարածքները տնակային տնտեսություններից ազատման հետ կապված հարցերը, Ձեր գրությամբ ներկայացված` Գյումրի քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականաշնորհումն առանց ժամանակավոր կացարանների հանձնման վերաբերյալ առաջարկությունն ընդունելի չէ»:

Ակնհայտ է, որ որևէ լուրջ հիմնավորում չի բերվել, թե ինչու հնարավոր չէ անօթևան բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավել մեր կողմից առաջարկված տարբերակով: Առավել ևս, երբ բոլորին է հայտնի, որ նախորդ տարիներին տնակաների տեղահանման տարբերակով Գյումրիում առաջ եկան հարյուրավոր այնպիսի անօթևան ընտանիքներ, ովքեր անգամ ժամանակավոր կացարաններ չունեն և պարտադրված տարիներ շարունակ բնակվում են վարձակալած բնակարաններում:

Երկարատև ընդմիջումից հետո աղետի գոտում բնակարանաշինության գործընթացի վերսկսումը ցուրտ ու խոնավ տնակներում արդեն երկու տասնամյակ պատսպարված անօթևան հարյուրավոր ընտանիքների մոտ կրկին հույս և հավատ արթնացրեց, որ ի վերջո իրենք ևս կունենան բնակարաններ: Սակայն ներկայումս բնակարան ստացած այն բազմանդամ ընտանիքները, որոնց պարտադրում են 6 և ավելի անձով տեղափոխվել և բնակվել 40 քառ. մետրից էլ պակաս բնակարաններում իրավացի են իրենց այն հայտարարություններում, թե Մուշ-2 թաղամասի բնակարանները պատուհաս են դարձել իրենց գլխին:

Վերջում ևս մեկ անգամ կոչ ենք անում հանրապետական, մարզային և տեղական իշխանություններին` առանց այդ էլ մեծ վիշտ ու զրկանքներ կրած անօթևաններին ևս մեկ անգամ չպատճառել անհանգստություն և ինչպես անցած, այնպես էլ ընթացիկ տարում բնակարան ստացող բազմանդամ ընտանիքներին թույլատրել պահպանել իրենց ժամանակավոր կացարանները, ավելին, նրանց պետք է տրվի հնարավորություն անվճար օրինականացնելու իրենց ժամանակավոր կացարանները տարածքների հետ մեկտեղ:
«Շիրակ կենտրոն» ՀԿ

Դիտվել է 1844 անգամ:
Print Friendly

Leave a Reply