Մերժվեց մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքը բարձրացնելու առաջարկը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 3, 2011 13:54

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ պատգմավորներ Արա Նռանյանի, Վարդան Բոստանջյանի, Հակոբ Հակոբյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից ներկայացված «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերջինով նախատեսվում էր մի շարք ապարանքների`երշիկեղենի, անձեռոցիկների, դեմքի կոսմետիկ անձեռոցիկների, ներմուծման համար սահմանված մաքսային դրույքաչափը բարձրացնել 5 տոկոսով:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով` չնայած նման առաջարկի նպատակը ներքին արտադրողների շահերի պաշտպանությունն է, սակայն այս նախագիծը հնարավոր է բացասական հետեւանքներ ունենա, քանի որ մաքսատուրքի բարձրացումն էլ կբերի գնաճի: Նախարարի պարզաբանմամբ` այդ ապրանքների ցանկում կան այնպիսինները, որոնց համար մեր երկիրը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, ստանձնել է մաքսատուրքի առավելագույն չափը 10 տոկոս սահմանելու պարտավորություն, իսկ պատգամավորների առաջարկությամբ` մաքսատուրքը պետք է բարձրացվի մինչեւ 15 տոկոս:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` կառավարությունն այս տարի այնպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկի, որ հնարավոր լինի զսպել գնաճը: «Գաղտնիք չէ, որ գնաճը լուրջ մարտահրավեր է առաջին հերթին բոլոր զարգացող երկրների համար:

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ զարգացող երկրները գնում են հակառակ ճանապարհով` իջեցնում են կամ վերացնում են բոլոր սահմանափակումները, որոնք առկա են ներմուծման ոլորտում: Զարգացող երկրների համար գնաճը տնտեսական կայունության տեսանկյունից ունի ավելի մեծ դեր, քան մյուս գործոնները: Դրա համար մենք չենք կարող 2011թ-ին նման շռայլություններ մեզ թույլ տալ եւ բարձրացնել մաքսատուրքերը, որոնք Հայաստանում բերելու են գների բարձրացման»,- ասաց վարչապետը:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply