ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ 2010 թ-ին դիմել է 243 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2011 13:39

Անցած տարվա ընթացքում ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ է դիմել 243 հոգի` 2009թ-ի 295-ի համեմատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: Խոսելով 2009թ-ի համեմատ դիմումների քանակի նվազման մասին` Յու. Հայրապետյանը նշեց, որ այն հիմնականում կապված է 2010թ Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ:

Անդրադառնալով դիմումների բովանդակությանը` Յու. Հայրապետյանը ասաց, որ հիմնական մասը կամ շուրջ 50 դիմում վերաբերել է դատական պաշտպանության իրավունքի խախտմանը: «Մեզ դիմողների զգալի մասը իրավական օգնություն ցուցաբերելու կարիք ուներ` կապված դատական մարմիների կայացրած վճիռների հետ»,- նշեց Յու. Հայրապետյանը: Բողոքների հաջորդ ոլորտը աշխատանքային իրավունքի խախտումներն են: Ըստ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի` դիմումների մեծ մասին տրվել են դրական լուծումներ:

Անցած տարվա ընթացքում ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այցելություններ են կատարվել Շուշիի քրեակատարողական հիմնարկ եւ Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոց ու հոգեբուժական դիսպանսեր: Անդրադառնալով արդյունքներին` Յու. Հայրապետյանն ասաց, որ Շուշիի քրեակատարողական հիմնարկում խոշտանգումների դեպքեր եւ քաղբանտարկյալներ չկան, ինչը խոսում է ԼՂՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ամուր դրվածքի մասին:

Այն հարցին, թե ինչու Շուշիի քրեակատարողական հիմնարկը չի տեղափոխվում արդարադատության համակարգ, Յու. Հայրապետյանը պատասխանեց, որ եկել է նախապատրաստական աշխատանքներ սկսելու ժամանակը, քանի որ այն իսկապես անհրաժեշտություն է: Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում եւս երեխաների իրավունքների խախտման որեւէ դեպք չի արձանագրվել: «Միակ հարցը, որ ծագել է Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, կապված է եղել երկկողմանի ծնողազուրկ երեխաների` նպաստներ չստանալու հետ, ինչի իրավունքը, գործող օրենքի համաձայն, նրանք ունեն:

Որոշվել է, որ այդ երեխաների անվամբ բացվեն բանկային հաշիվներ, որտեղ պետք է կուտակվեն այդ գումարները, եւ երեխայի չափահաս դառնալուն պես` հանձնվեն նրանց տնօրինությանը»,-ասաց Յու. Հայրապետյանը: Ստեփանակերտի հոգեբուժական դիսպանսերում եւս խախտումներ չեն արձանագրվել, սակայն ինչպես ասաց ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը, հայտնաբերվել են օրենսդրական բացեր, որոնք կարող են խնդիրներ ստեղծել պոտենցիալ իրավիճակներում:

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply